Ուշադիր հետեւում եմ Մարտի 1-ի շուրջ գործընթացին, երբ պահը գա՝ կխոսեմ

Ուշադիր հետեւում եմ Մարտի 1-ի շուրջ գործընթացին, երբ պահը գա՝ կխոսեմ

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը 2016թ․ հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում, երբ տեղի ունեցավ «Սասնա ծռեր»-ի ապստամբությունը, ենթարկվել էր բռնության։ Նրա՝ բռնության ակնհայտ հետքերով լուսանկարները տարածվել էին համացանցում։ 

Ինչ վերաբերում է անցյալ տարի տեղի ունեցած ապրիլյան հեղափոխությանը, ապա Շահվերդյանը մեզ հետ զրույցում հիշում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ քայլարշավը սկսելուց առաջ հանդիպել է նրան։ Մովսես Շահվերդյանը, հետահայաց գնահատելով գործընթացները, նկատում է, որ այլեւս եկել էր պահը, երբ հնարավոր չէր հանդուրժել ՀՀԿ-ական իշխանություններին։
«Մենք անպայման ուզում էինք, որ տեղի ունենա իշխանափոխություն՝ համաժողովրդական ընդվզման միջոցով։ Մենք պայքարում էինք ոչ թե նրա համար, որ ՀՀԿ-ին անպայման փոխարինի «Իմ քայլը» դաշինքը, Սերժ Սարգսյանին էլ՝ Նիկոլ Փաշինյանը, այլ որ ՀՀԿ-ն հեռանա իշխանությունից, եւ գաղափարական ընտրության հնարավորություն ստեղծվի։ Այդ տեսակետից ես համամիտ չէի, որ ԱԺ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին, քանի որ պետք էր որոշ ժամանակ, որպեսզի  զգացմունքային պահն անցներ  եւ սթափ ընտրություն կատարելու հնարավորություն ընձեռվեր։  Բացի այդ, կուսակցությունները պետք է այդ ընտրություններին ավելի լավ պատրաստվելու հնարավորություն ունենան»,- ասաց Մովսես Շահվերդյանը։ 
-Փաստն այն է, որ այսօր ունենք նոր խորհրդարան։ Որքանո՞վ է այն արտահայտում հեղափոխություն իրականացրած քաղաքական ուժերի, հասարակության, անհատների սպասելիքները։

-Հասարակությունը, ճիշտ է, հոգնել էր ՀՀԿ-ի իշխանությունից եւ ուզում էր տեսնել լուրջ փոփոխություններ իր կյանքում։ Դա վերաբերում էր սոցիալական կյանքում տեղի ունեցած փոփոխություններին, բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությանը։ Բայց արդյո՞ք մենք ստացանք այն, ինչ ակնկալում էինք։ Ես շատ եմ ուզում, որ իշխանությունները հաջողեն։ Բայց իմ կարծիքով՝ նոր իշխանությունները՝ խորհրդարանը եւ կառավարությունը ո՛չ ունակ են, ո՛չ էլ ունեն հնարավորություններ՝ արդարացնելու հասարակության սպասելիքները։ Դա հեշտ գործ չէ, ես հասկանում եմ, որ բարդ վիճակում ենք հայտնվել։ 

-Ձեզ կարող են հակադարձել, որ մեկ տարի էլ չի անցել իշխանափոխությունից հետո,  իսկ 20 տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քայքայել էին տնտեսությունը, այլասերել պետական ինստիտուտները, խեղդել ժողովրդավարությունը։

-Դա ես համարում եմ ոչ ճիշտ հարցադրում։ Ես եղել եմ արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից։ Եթե ուզում ենք պատմությունն օբյեկտիվ գնահատել, ապա պարտավոր ենք այն շարադրել ճշմարտացի։ Եվ այդ դեպքում ոչ թե 20, այլ 25-30 տարի  տեղի են ունեցել Ձեր նշած երեւույթները։ Դրանք սկսել են տեղի ունենալ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի ղեկավարման առաջին տարիներից սկսած։ Ես դա ասում եմ՝ որպես փաստական վկա։ Մեր կուսակցությունը ստեղծվել էր 1996թ․, իսկ 1998թ․ ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունների ժամանակ միակն էինք, որ Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրեցինք մեր համագումարում եւ պաշտպանեցինք նրան։ Իսկ ներկա իշխանությունները կարճ ժամանակում կարող են անել մեկ-երկու քայլ։ Ես չեմ ակնկալում, որ կարճ ժամանակում կարող են արմատապես ամեն ինչ փոխել։ 

-Տեսեք, օրինակ, Մարտի 1-ի գործով իշխանությունները հետամուտ են ամբողջական բացահայտման եւ մեղավորներին պատժելու, կոռուպցիոն չարաշահումներ կատարած նախկին պաշտոնատար անձանց  են հայտնաբերում եւ կալանավորում, գումարներ են վերադարձվում պետբյուջե։
Իհարկե, այդ ամենը ես շատ դրական են գնահատում։ Ես եղել եմ Մարտի 1- ի իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկը։ Մենք շատ ուշադիր հետեւում ենք այդ ամենին, Մարտի 1-ի գործով բացահայտումներին, եւ երբ գա պահը, ես հրապարակային կասեմ իմ խոսքը։ 

Ինչ վերաբերում է իշխանության քայլերին, ապա անցյալ տարի, այս օրերին ես Ձեր թերթում բաց նամակ էի հղել այն ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, առաջ քաշել որոշակի հարցեր։ Դրանցից մեկը վերաբերում էր կուսակցությունների ներկայացրած հաշվետվություններին։ Անցյալ տարի, օրենքում ինչ-որ բառ էին փոխել, մամուլի փոխարեն գրել էին՝ ԶԼՄ, եւ դրա հետ կապված պետք է 30 հազար դրամ մուծեի, որպեսզի այդ հայտարարությունը տպագրվեր azdarar.am-ում։  Հիմա, եթե այս տարի ես գնամ ու տեսնեմ, որ նույն վիճակն է, ոչինչ չի փոխվել (իսկ դա փոխելու համար միայն արդարադատության նախարարի մի հանձնարարականն  է պետք համապատասխան կառույցին), ուրեմն էլ ի՞նչ նոր Հայաստան։ Եթե անգամ այս փոքր քայլը չեն անում, ուրեմն էլ ի՞նչ սպասեմ իրենցից։