Մենք՝ հարկատուներս…

Մենք՝ հարկատուներս…

Ձեռքներս դնենք խղճներիս և խոստովանենք, որ Փաշինյանը նաև ճիշտ բաներ է ասում: Ինձ, օրինակ, շատ դուր եկավ կառավարության հետաձգված նիստում նրա ելույթը՝ խոպանչիների շարժման, դաշտամիջյան եղեգնուտները հնձելու և ՀՀ հարկատու-հերոս քաղաքացիների կառուցած ճանապարհներով երթևեկելու իրավունք ձեռք բերելու մասին: Փաշինյանն այնքան տրամաբանված խոսեց այս մասին, որ նրան չհասկանալ ուղղակի հնարավոր չէր: Բայց ֆեյսբուքը, ինչպես ասում են, Աֆրիկայում էլ է ֆեյսբուք: Մե հռհռոց, մե բան, մե քննադատություն: Բանը հասավ այնտեղ, որ ՀՀ անհասկացող քաղաքացիները սկսեցին գրել՝ մենք բոլորս մարտունեցի ենք, մենք բոլորս խոպանչի ենք… Էնքան գրեցին ու հռհռացին, որ խեղճ Փաշինյանն ու Բադասյանը «զադնի» դրեցին՝ խոպանահարկի գաղափարը թողնելով ապագա սերունդների հայեցողությանը:

Շնորհավորելով մարտունեցիներին, քյավառցիներին և նրանց միացած մեր մյուս մարզերի խոպանչիներին՝ կուզենայի իմանալ՝ ՔՊ-ում, արդյոք, լսե՞լ են Փաշինյանի հիշյալ ելույթը և կարողացե՞լ են, արդյոք, ճիշտ հետևություններ անել: Օրինակ՝ ի՞նչ հետևություն պետք է անել Փաշինյանի այն հայտարարությունից, որ հարկ չվճարող խոպանչիներն իրավունք չունեն օգտվելու հարկ վճարող քաղաքացիների փողերով կառուցված ճանապարհից՝ տվյալ դեպքում Սևանի մայրուղուց: Ես չգիտեմ, թե ՔՊ-շնիկներն ինչ հետևություններ կանեն սրանից, բայց ինձ թվում է՝ Փաշինյանը դրանով ասաց, որ ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին ապրող հանրապետական և համայնքային իշխանությունները պարտավոր են ճանապարհներ սարքել, քաղաքներ բարեկարգել, ջրագիծ անցկացնել և նույնիսկ բազմաբնակարան շենքերում ապրող հարկատու հերոսների կյանքն ու կենցաղը բարելավել: Փաշինյանի խոսքը (թուր չասեմ) երկու սայր ունի և չի կարելի մտածել, որ այն ուղղված է բացառապես խոպանչիներին: Ի՞նչ է մտածում, օրինակ, Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարը, որին Ավանում ոչ ոք չի ճանաչում: Թե ազգանունը գիտեմ՝ ինչ ուզում եք ասեք: Ավինյանի նշանակածն է: Հիմա ես այդ ընկերոջը հրավիրում եմ մեր շենք՝ Հրաչյա Աճառյանի 22 (գուտապ), որ իր աչքերով տեսնի, թե ինչ վիճակում են ապրում այդ շենքի հերոս հարկատուները: Շքամուտք կա՝ անձրևաջրերից այնպես է խոնավացել, որ ներկ ու ծեփ թափվում է: Այսպե՞ս են վերաբերվում հարկ վճարող հերոսներին: Իսկ մեր 46 բնակարան ունեցող շենքում առնվազն 100 հերոս է ապրում այսօր՝ կոպեկը կոպեկին հարկեր վճարող: Այդ հերոսներն ի՞նչ է, պատշգամբներից պարաշյուտով պիտի իջնեն փողո՞ց, ինչ է թե՝ վարչական շրջանի ղեկավարը (Ավինյանի նշանակած) հարկերը լափի ու ոչինչ չանի:

Էլ ինչ երկարացնեմ… Կառավարության նիստում Փաշինյանի ելույթից հետո մի ժողով էլ մենք արեցինք՝ շենքով: Մեր հարևան Շմավոնն, ինչպես միշտ, առաջինը ելույթ ունեցավ և առաջարկեց մարտունեցիների օրինակով քըռթ փակել Աճառյան փողոցը: Բոլորը կողմ քվեարկեցին, ես՝ դեմ: Ու սկսեցի երկար-բարակ բացատրել, որ կարիք չկա մի հասարակ հարց այդպես քաղաքականացնել: Խոստացա թերթում մի հոդված գրել մեր պրոբլեմի մասին և կոխել վարչական շրջանի ՔՊ-ական իշխանությունների աչքը, որ նրանք վերջապես հասկանան, թե իրենցից ինչ է պահանջում Փաշինյանն, ու որն է իրենց անելիքն առհասարակ՝ որպես տեղական իշխանության ստորաբաժանում:

Հ.Գ. Սիրելի հարևաններ և Ավան վարչական շրջանի նորընծա ղեկավար, կարող եք համարել, որ սա հենց այդ հոդվածն է: