Էրդողանը ֆեմինիստուհիներին մեղադրել է իսլամը անարգելու մեջ

Էրդողանը ֆեմինիստուհիներին մեղադրել է իսլամը անարգելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում անցկացված «Ֆեմինիստուհիների գիշեր» երթի մասնակիցներին մեղադրել է իսլամի անարգման մեջ, քանի որ նրանք ծաղրուծանակի են ենթարկել ազանը՝ իսլամում աղոթքի հրավիրող կանչը, որով ուղղահավատ մահմեդականներին է դիմում իմամը մզկիթի մինարեթից։ Այս մասին հայտնում է ВВС Türkçe-ն։

Իր հեռուստատեսային ելույթի ընթացքում նախագահ Էրդողանը ցուցադրել է կադրեր բողոքի միջոցառումից եւ մատնացույց արել այն, որ մինչ կանայք կարգախոսներ էին բարձրաձայնում աղաղակելով, մոտակա մզկիթում հավատացյալներին ազանով հրավիրում էին աղոթելու։ Էրդողանին, սակայն, ակցիայի մասնակից կանայք հակադարձել են՝ ասելով, որ իրենց նպատակը չի եղել անարգել ազանը կամ իսլամն առհասարակ։

Նշենք, որ այս երթը Թուրքիայում անցկացվում է սկսած 2003 թվականից եւ պահանջում է կանանց իրավահավասարություն։