Կյանքը վերադառնում է Կիև. Դավիթ Մկրտչյան

Կյանքը վերադառնում է Կիև. Դավիթ Մկրտչյան

Ուկրաինայում մեկուկես ամիս է, ինչ պատերազմ է։ Ուկրաինայի քաղաքներն ու գյուղերը գտնվում են մոխրի և ավերածությունների մեջ։ Հազարավոր սպանված խաղաղ բնակիչներ և զինվորականներ կան։ Ռուս-ուկրաինական պատերազմն այսօր գտնվում է անկանխատեսելի փուլում։ Մի քանի օր առաջ Ուկրաինան հայտարարեց, որ ամբողջական ազատագրվել է Կիևը։ Չնայած դրան, մարդիկ դեռ վախենում են վերադառնալ իրենց տները։ Ուկրաինայում այսօր տիրող իրավիճակից հետաքրքրվել ենք Ուկրաինայում հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանից։

«Ես Կիևում եմ։ Համեմատած մնացած պատերազմական շրջանների՝ այստեղ հանգիստ է։ Ազատված գոտիներում հիմա աշխատում են զինվորականները։ Կամավորականներն էլ ամբողջ օրը հումանիտար օգնություն են  տանում այդ շրջաններ։ Ովքեր կարիք ունեն բուժօգնության,  տեղափոխում են Կիևի հիվանդանոցներ։ Կյանքը վերադառնում է դեպի Կիև։ Բացվել են սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները։ Մեծ առևտրի կենտրոնները դեռ փակ են։ Տրանսպորտի մի մասն աշխատում է, մյուս մասը՝ չէ։ Կետ-կետ աշխատում են մետրոյի գծերը։ Հացի խնդիր չկա, աշխատում են դեղատները, գազալցակայաններն ու բենզալցակայանները,բայց ոչ բոլոր կցակայաններում կա վառելիք։ Կիևի շարժը վերջին երեք օրերի ընթացքում ավելացել է»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Մկրտչյանը։

Թե որքանով է անվտանգ Կիևն այսօր, Դավիթ Սարգսյանն ասաց, որ չի կարող ասել։ Նրա խոսքով՝ ոչ ոք չգիտի՝ կվերադառնա պատերազմը Կիև, թե՝ ոչ։

«Ընդհանուր առմամբ ամենածանր վիճակները մնում են Խարկով և Մարիուպոլ քաղաքները։ Այնտեղ վիճակը շարունակվում է մնալ ծանր։ Մարիուպոլում չի լուծվում սննդամթերքի, ջրի, դեղորայքի խնդիրը։ Խարկովում կա հոսանք, ջուր։ Սակայն 24 ժամ հարվածի տակ են մնում այս քաղաքները։ Կիևի մարզն ամբողջական ազատագրված է։ Թշնամին դուրս է եկել Չեռնիգովի, Սումիի և Կիևի մարզերից։ Զինվորականները կատարում են ականապատման աշխատանքներ։ Մարդիկ, ովքեր 40 օրից ավել եղել են օկուպացիայի տակ, զինվորականներին և կամավորականներին դիմավորում են որպես հերոսների»,-  ասաց Դավիթ Մկրտչյանը։