Դա նույնիսկ բարոյական հաղթանակ չէ
Եվրախորհրդարանը (ԵԽ) չի դիտարկելու Ադրբեջանում փետրվարի սկզբին կայանալիք նախագահական ընտրությունների գործընթացը եւ, հետեւաբար, չի մեկնաբանի ո՛չ բուն գործընթացը, ո՛չ էլ դրա արդյունքները: Նման հայտարարություն են տարածել ԵԽ մի խումբ պատգամավորներ: Լուրն ինքնին հետաքրքիր է մի շարք ասպեկտներով: Նախ, ինչո՞ւ է այն ներկայացվում պատգամավորների ինչ-որ խմբի կողմից: Ի վերջո, ԵԽ անդամ երկրի նախագահական ընտրությունն այն երկրորդական-երրորդական հարցը չէ, որպեսզի դիտորդներ չուղարկելը հայտարարվի պատգամավորների խմբի եւ ոչ թե այդ կառույցի քարտուղարության կողմից: Ենթադրում եմ, որ ԵԽ-ն պետք է ունենա քարտուղարություն:
Երկրորդ․ ի՞նչ է նշանակում ընտրություն չդիտարկելու որոշումը: Որքան տեղյակ եմ, ադրբեջանական պատվիրակությունը շարունակում է իր աշխատանքն այդ կառույցում: Այսինքն, Ադրբեջանը չի դադարել լինել այդ կազմակերպության անդամ: Ինչը նշանակում է, որ կա՛մ տվյալ հայտարարությունը խնդիրներ ունի ճշմարտության հետ, եւ կա՛մ վաղուց հաստատված ավանդույթի հետ խնդիրներ ունի ինքը՝ Եվրախորհրդարանը: Այլապես չէր կարող առաջնորդվել ընդամենը մի քանի կամ նույնիսկ մի քանի տասնյակ անձանց ուղղորդմամբ: Քանի որ այդ բնագավառի գիտակ չեմ, կարող եմ ընդամենը ենթադրել, որ այդ ավանդույթն ամրագրված է տվյալ կառույցի գործունեության կանոնակարգում:
Հաջորդ հարցը․ իսկ ինչո՞ւ է հանկարծ նման որոշում կայացվում եվրոպական երկրները միավորող ընդհանրական կառույցի (Եվրոպական Միություն՝ ԵՄ) յոթ ինստիտուտներից մեկում, եթե ԵՄ մեկ այլ, գործադիր ինստիտուտի (Եվրոպական հանձնաժողով՝ ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Ադրբեջանի ղեկավարին անցյալ տարի բնորոշել էր որպես ԵՄ հուսալի գործընկեր: Ընդունեք, որ դա տրամաբանական չէ: Եվ միաժամանակ վիրավորական է հուսալի գործընկերոջ առումով: Թեկուզեւ Արցախը հայաթափելուց հետո, քանի որ դրա առումով խիստ հայտարարություն կարծես թե չի արվել նույն տիկնոջ կողմից: Բայց, ինչպես երեւում է, անքննելի են ոչ միայն Աստծո, այլեւ ժողովրդավարական Եվրամիության գործերը:
Իհարկե, կարող եմ ենթադրել, որ ԵԽ մի խումբ պատգամավորների կողմից նման հայտարարություն անելը բխում է նրանց արդարացի դիրքորոշումից: Այն է՝ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու դեմ բողոքային տրամադրվածությունից: Բայց եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա, դժբախտաբար, չի նշանակում նույնիսկ բարոյական հաղթանակ: Որովհետեւ բարոյական հաղթանակ կարող էր ընկալվել, եթե հայտարարությունը տարածվեր ԵԽ բոլոր խմբակցությունների ղեկավարների կողմից: Էլ չասած, որ մեզ ոչ թե բարոյական, այլ նյութական եւ առարկայական հաղթանակներ են անհրաժեշտ: Եթե, իհարկե, չենք ցանկանում ազգովի ընդունել, որ մենք դեռեւս պատրստ չենք մեր հայրենիքում անկախ պետականություն ունենալուն:
Ի դեպ, բարոյական հաղթանակ չէ նաեւ թշնամի երկրի ղեկավարի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններին ու սպառնալիքներին ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոյի արձագանքը: Ըստ որի՝ ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է եւ ծանր հետեւանքներ կունենա ԵՄ եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Որովհետեւ մեր դարաշրջանում արդարության, բարոյականության եւ այլ նմանատիպ սկզբունքների ու նավթագազային հակադրությունն ավարտվել եւ ավարտվելու է վերջինիս հաղթանակով:
Կարծիքներ