Արծաթե օր

Արծաթե օր

Ջաջուռ գյուղն ասոցացվում է Մինաս Ավետիսյանի անվան հետ։ Քչերին է հայտնի, որ Մինասի ամենամտերիմներից էր վաղամեռիկ տաղանդավոր պոետ, Ջաջուռի ծնունդ Աշոտ Ավդալյանը։ Այս տարի լրացավ նրա 77 տարին։ Ուղիղ 40 տարի առաջ՝ 37 տարեկանում, Աշոտը ննջեց առ Տեր դեմքը շրջելով երկրային կյանքից։ Նրա վերջին բառերն էին՝ «Ամեն ինչ մնաց կիսատ»։ Ընկերները նրան կնքել էին «Սուրբ» անունով։ Տեսիլքով թե երազով, հնարավոր չէ հիմա հասկանալ՝ Սուրբը լուր տվեց, թե ինքը «Նարեկից ընդամենը երեք նառ ներքեւ է գտնվում։ Այս միստիկ միտքը վերջին լուրն է Աշոտից, իսկ մնացյալը՝ հրաշափառ պոեզիա»։

«Արծաթե օր»-ը նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուի վերնագիրն է, տիտղոսաթերթին Աշոտի դիմանկարն է՝ Մինասի ստորագրությամբ։

Ես հասկերի մեջ տեսել եմ նրան
Տեսել եմ նրան Աստվածաշնչում
Ես համբուրել եմ նրան ինչ որ տեղ
Կարծելով ծաղկի թերթ է եղել այն։

Կարդացեք Աշոտ Ավդալյան ու դուք ավելի կմոտենաք երկնքին։

Պոլիտեխնիկական կրթությամբ ու վերերկրային շնորհով լի Աշոտի պոեզիան, ինչպես ինքն էր սիրում ասել՝ թելադրված էր վերեւից։

Հասմիկ Մելքոնյան, Գյումրի