Ինչպես գրպանել աշխատողների աշխատավարձի կեսը

Ինչպես գրպանել աշխատողների աշխատավարձի կեսը

Հայաստանի անկախանալուց հետո շագրենի կաշվի նման սկսեցին կրճատվել աշխատավորների իրավունքները: Եվ դա բնական է, քանի որ աշխատավորներն անկազմակերպ են: Իսկ այն գործատուները, որոնք ցանկանում են քամել մաքսիմալ շահույթ, ոչ միայն կազմակերպված են, այլեւ ունեն ֆինանսական եւ այլ հնարավորություններ՝ օրենսդրական իրենց ախորժակը բավարարելու համար: 

Վերջինների համար այսօր շատ են թվում օրենսդրության մեջ մնացած նույնիսկ այն փշրանքները, որոնք հօգուտ աշխատավորների են: Եվ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, շարունակելով նախկինների գործելաոճը, որոշել է կենդանություն տալ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի 2017 թվականի դեկտեմբերյան նախաձեռնությանը՝ խլել աշխատավորներից օրենքով նրանց հասանելիք Ամանորի ոչ աշխատանքային 7 տոն օրերից 5-ը: Դա հնարավորություն կտա մեր գործատուներին գրպանել աշխատավորներին հասանելիք այդ 5 օրվա աշխատավարձերի կեսը: Բանն այն է, որ, ըստ օրենքի, այդ օրերին աշխատելու համար գործատուն քաղաքացուն պետք է վճարի կրկնակի չափով: Եվ դա շատ է տխրեցնում նրանց, որոնց թվին մինչ պաշտոններ ստանձնելը պատկանում էին թե՛ Կարեն Կարապետյանը, թե՛ Վահան Քերոբյանը:  

Նախարարն արդեն իսկ առանց մեծ դժվարության կարողացել է համոզել կառավարությանն ու ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որի նույնիսկ ընդդիմադիր պատգամավորները ոչ թե «դեմ» են քվեարկել, այլ «ձեռնպահ» են մնացել: Նույնիսկ ՄԻՊ-ը, որն այսօր մեր քաղաքացիների միակ հույսն է դարձել, չի խառնվում այս հարցին: Երեւի թե սպասում է, որ առաջիկա քառօրյայում պատգամավորներն անեն իրենց սեւ գործը, նոր միայն դիմի ՍԴ: 
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե որպես աշխատավորների շահերի պաշտպան՝ մնացել եմ միայն ես: Երեւի դա նրանից է, որ բոլորը կարծում են, թե սա թամբալության հարց է, մինչդեռ դա ֆինանսական հարց է:  

«Հրապարակ» օրաթերթի 2019-ի հունվարի 15-ի համարում տպագրված «Հեղափոխության չնկատված օգուտը» հոդվածում շտապել էի ողջունել այն իրողությունը, որ «Ազգային ժողովը չհասցրեց կամ չկամեցավ հաստատել Կարեն Կարապետյանի որոշումը՝ չկատարեց փոփոխություններ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում»: Եվ հույս էի հայտնել, որ «նոր կազմավորված խորհրդարանը չի ցանկանա ոտնահարել աշխատավորների իրավունքները»: 
Ավա՜ղ, պարզվեց, որ ճիշտը չինացիներն էին, որոնք իրենց բազմադարյա փորձից գիտեն, որ վիշապին հաղթողն ինքն է վերածվում վիշապի: Եվ երբ կառավարությունը հաստատեց Կարապետյան-Քերոբյանի առաջարկը եւ ուղարկեց այն ԱԺ, գրեցի «Վարչապետ Կարապետյանի կիսատ մնացած գործը շարունակեց նախարար Քերոբյանը» հոդվածը, որում, մասնավորապես, հերքեցի նախարարի փաստարկները:   

Կարճ անդրադառնամ այդ փաստարկներին եւ դրանց հերքումներին:

Փաստարկ առաջին: Խափանվում են երկրի ներսում եւ արտաքին աշխարհի հետ ծառայությունների իրականացումն ու գործունեությունը:

Իրականում բոլոր ծառայությունները եւ գործունեությունները, որոնք անհրաժեշտ են մարդկանց ու կազմակերպություններին, այդ օրերին անխափան իրականացվում են: Տարբերությունը սովորական օրերի համեմատ այն է, որ գործատուները պարտավոր են այդ օրերի համար տրվող աշխատավարձերը կրկնապատկել: Դա ձեռնտու է աշխատողներին, եւ քչերը կհրաժարվեն դուրս գալ աշխատանքի: 

Փաստարկ երկրորդ: Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ, 5 լրացուցիչ աշխատանքային օրվա դեպքում ՀՆԱ ծավալը կավելանա 88.6 մլրդ, համախառն թողարկման ծավալը՝  123 մլրդ դրամով:

Չխորանալով բերված թվերի հավաստիության մեջ՝ նկատենք, որ եթե շարունակենք տրամաբանել նույն ձեւով, կարելի է ասել, որ եթե արգելվեն տարվա բոլոր հանգստյան եւ տոն օրերը, ՀՆԱ-ն կավելանա շատ ավելի մեծ չափով: Իսկ եթե աշխատանքային օրը 8-ի փոխարեն դարձնենք 16 ժամ, ՀՆԱ-ն կկրկնապատկվի: Բայց դա այդպես չէ:

Փաստարկ երրորդ: ՀՀ քաղաքացիների վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է այլ երկրներում առկա նմանատիպ օրերի թվին:

Դրան դեռ այս տարվա ապրիլին կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ չէր համաձայնել այն ժամանակվա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ ՀՀ քաղաքացիները տարվա կտրվածքով գումարային նույնքան հանգստյան օրեր ունեն, որքան այլ երկրներում: Բայց հեռու չգնանք, դիտարկենք ՀՀ իշխանությունների համար փարոս հանդիսացող Ռուսաստանի օրինակը: 

2022-ին այդ երկրի աշխատավորները հանգստանալու են հունվարի 1-ից մինչեւ 8-ը՝ ներառյալ: Ոչ աշխատանքային տոն օրեր են համարվելու նաեւ փետրվարի 23-ը, մարտի 8-ը, մայիսի 1-ը եւ 9-ը, հունիսի 12-ը, նոյեմբերի 4-ը: Ընդ որում, երբ Ռուսաստանում ոչ աշխատանքային տոն օրը համընկնում է շաբաթ կամ կիրակի օրվան, տոն օրը տեղափոխվում է դրան հաջորդող աշխատանքային օր կամ էլ փոխհատուցվում է մեկ այլ օրով: Այդ պատճառով 2022-ի հունվարի 1-ը եւ 2-ը, որոնք շաբաթ եւ կիրակի օրեր են, փոխհատուցվելու են մայիսի 3-ով եւ 10-ով: Նշենք նաեւ, որ նմանատիպ ազնիվ եւ արդար օրենք գործել է նաեւ Հայաստանում: Բայց վերացվել է՝ առանց հանդիպելու աշխատավորների ու նրանց իրավունքների պաշտպանությունը ստանձնած կուսակցությունների եւ կազմակերպությունների դիմադրությանը:

Օրերս կայացած ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում նախարար Քերոբյանը, հղում կատարելով առողջապահության նախարարությանը, մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, թե հայաստանցիներն այդ օրերին այնքան շատ են ուտում, որ թունավորվում են: Բացի այդ, նրա կարծիքով, պատերազմից հետո, «հաշվի առնելով մեր երկրի վիճակը, մենք իրավունք չունենք 7-8 օր քեֆ անել»:   

Եթե պատգամավորներին համոզիչ թվա այն կասկածելի փաստարկը, թե 44-օրյա պատերազմի պատճառով մենք այս եւ հետագա բոլոր տարիներին ընտանիքի անդամների, հարազատների, հարեւանների, ընկերների հետ, ինչպես ընդունված է Ամանորին, քեֆ անելու իրավունք այլեւս չունենք, առաջարկում եմ այդ 5 ոչ աշխատանքային տոն օրերը տեղափոխել տարվա այլ ամիսներ: Այդ դեպքում աշխատավորների իրավունքները չեն ոտնահարվի:
Չեմ առաջարկում ավելացնել դրանք աշխատավորների հերթական արձակուրդներին, քանի որ գիտեմ, որ ոչ բոլորին է հաջողվում օգտվել  օրենքով իրենց ընձեռված այդ բարիքից, որը, ինչպես վկայում են բժիշկները,  չափազանց   կարեւոր   է  մարդու առողջության պահպանման համար:

Գրիգոր Էմին-Տերյան