Արդյունավետ մենեջմենթի փայլուն օրինակ

Արդյունավետ մենեջմենթի փայլուն օրինակ

Նախկինների օրոք տարիներ առաջ մեծ սկանդալ ծագեց պետական կառույցներից մեկի կին աշխատակցի առումով: Այն ծագեց մի աննորմալ երեւույթի բացահայտման շնորհիվ, որում հիմնական դեր խաղացին լրատվամիջոցները եւ գործող իշխանությանն ընդդիմադիր անհատներն ու կազմակերպությունները՝ քաղաքական եւ քաղաքացիական: Իսկ եղելությունն այն էր, որ պետական կառույցներից մեկում բարձր վարձատրվող պատասխանատու պաշտոնի էր նշանակվել իգական սեռի մի ներկայացուցիչ, որը մի քանի ամիս անց գնալու էր ֆիզարձակուրդ:

Նշանակումը, բնականաբար, հատուկ էր արված, որպեսզի վերջինս պետական բյուջեից ստանար արձակուրդային մի կլորիկ գումար: Գումարի չափը մոռացել եմ (մինչեւ 5, թե մինչեւ 10 միլիոն դրամ), սակայն միջին անվանական ամսական աշխատավարձի հաշվարկով շարքային քաղաքացու ստանալիք ֆիզարձակուրդայինին գերազանցում էր մի քանի անգամ: Եվ մեղադրանքը հենց դա էր՝  աշխատող բազմահազար կանանց դեպքում գումարը շատ ավելի ցածր էր: Դե իսկ չաշխատող կանանց մասին այդ առումով խոսելն ավելորդ էր: Սկանդալը որոշ ժամանակ անց մոռացվեց, սակայն գործող իշխանության նկատմամբ բացասական վերաբերմունքը մեկ բալով (10 բալանոց սանդղակով՝ երկրաշարժի նման) ավելացավ:

Մեր օրերում՝ արդեն «ժողովրդի իշխանության» պայմաններում, «Հրապարակն» իմանում է, որ ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը շուտով գնալու է ֆիզարձակուրդ, ինչը զարմանալի չէր լինի (կնոջ առումով դա նորմալ երեւույթ է), եթե Գաբրիելյանը փոխնախարար նշանակված չլիներ ընդամենը երեք ամիս առաջ՝ այն էլ, երբ արդեն հղի է եղել: Օրաթերթի կարծիքով, այս երեւույթն «արդյունավետ մենեջմենթի մի «փայլուն» օրինակ է»՝ բնականաբար, բացասական ուղղվածությամբ: Հենց այդպես էլ կլիներ, եթե տիկնոջը նշանակողն առաջնորդվեր պետական եւ ոչ թե խմբակային-հատվածական շահերով: Իսկ քանի որ  թե՛ առաջարկողը (անհայտ անձ) եւ թե՛ նշանակողը (ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը) առաջնորդվել են հենց երկրորդ տարբերակով՝ իրենց շրջապատին պատկանող տիկնոջը լավություն արած լինելու սկզբունքով, ապա երեւույթն իսկապես կարելի է համարել արդյունավետ մենեջմենթի փայլուն օրինակ: Բնականաբար, խոսքի հենց ուղղակի իմաստով:

Իսկ որպեսզի պարզ լինի պետական բյուջեի հաշվին տիկնոջն արվելիք լավության չափը՝ որոնում իրականացնենք համացանցում եւ դրա հիման վրա կատարենք մի քանի պարզ թվաբանական գործողություն: Ֆիզարձակուրդայինի ժամանակային չափը 140 օրացուցային օր է, ինչը կազմում է 4,6 ամիս՝ (365 (օր) /12(ամիս)=30,4 (օր/ամիս)։ 140 (օր) /30,4 (օր/ամիս)=4,6 (ամիս)): Հաշվի առնելով, որ 2019-ի հուլիսից (ՀՀ վարչապետի գաղտնի հանձնարարության հիման վրա) փոխնախարարի ամսական եկամուտը (աշխատավարձ+պարգեւատրում) կազմում է 1 մլն 60 հազար դրամ, ապա ողջ ֆիզարձակուրդայինը կկազմի 4881,6 հազար կամ շուրջ 5 միլիոն դրամ: Իսկ եթե բացառենք պարգեւատրումը, ապա զուտ աշխատավարձային եկամուտը կկազմի 2,6 միլիոն դրամ:

Եվ, վերջապես, եթե հաշվի առնենք, որ մինչեւ փոխնախարար նշանակվելը տիկինը երեւի լուրջ աշխատանք չի ունեցել (հայտնի է եղել ընդամենը «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութերի՝ մանկական ձայնով հերոսուհու դերով), ապա չորսուկես ամսում նույնիսկ 2,6 միլիոն դրամը չէր խանգարի: Այնուամենայնիվ, բաց է մնում այն հարցը, թե բացի «Տիկ-Տոկ»-ում զվարճանալուց, վերջինս հանրօգուտ աշխատանքով զբաղվել է, թե ոչ, շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում փոխնախարարների կենսագրությունները տրված չեն: Բայց նախարարինը կա՝ տեսնես ինչո՞ւ է նման խտրական վերաբերմունք ցուցաբերվում փոխնախարարների նկատմամբ: Երեւի հանրակրթական դպրոցի ուսումնառությունից բացի այլ բան չկար գրելու: Չնայած «ժողովրդի իշխանության» պայմաններում նորություն չէ այն երեւույթը, երբ բարձր պաշտոն է ստանում այնպիսի մեկը, որը մինչ այդ աշխատանք ընդհանրապես չի ունեցել:

Նիկոլին դեռեւս վստահող ու աջակցող մտավոր բոմժերի ներկայացուցիչները վերը նկարագրված երեւույթների առումով նրա պաշտոնավարման սկզբնական շրջանում ասում էին, թե «լա՞վ էր, որ նախկիններն ուտում էին, թող հիմա էլ իրանք ուտեն»: Նիկոլի «շնորհիվ» պատերազմում մեր խայտառակ պարտությունից հետո նման «մտքեր» կարծես թե այլեւս չեն բարձրաձայնվում: Սակայն միաժամանակ գործող իշխանությունը հասարակության եւ նրա քաղաքացիական կառույցների կողմից չի դատապարտվում այն երեւույթների համար, որոնց համար նախկինները բմբլահան էին արվում: