Անիմաստ եմ համարում այլևս այս ֆարսը շարունակելը

Անիմաստ եմ համարում այլևս այս ֆարսը շարունակելը

Նիկոլ Փաշինյանն այսօրվա «լայվին» հայտարարեց, որ աչքի տակ ունենանք՝ մինչև 2021թ․ մարտ կորանավիրուսը մեզ հետ է լինելու։

Հայաստանի հանրությունը արդեն մոտ 2 ամիս է՝ ամեն առավոտյան տեղեկանում է հիվանդացության ու մահերի թվերին, օրվա մեջ առողջապահության նախարարի կամ Նիկոլ Փաշինյանի միջոցով տեղեկանում հիվանդների վիճակին, եթե նման մանրամասներ հայտնվում են, քնում ու արթնանում ու կրկին իմանում, որ նախորդ օրը x թվով մարդու մոտ հայտնաբերվել է։

Բայց ի՞նչ է տալիս սա, ենթադրենք՝ մեկ ամսից ունենանք այսօրվա 1867 հիվանդի փոխարեն 3200։ Հետո 5000, հետո 7000։ Եվ ի՞նչ։ Առողջապահական կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի գնահատմամբ՝  եթե այս մոտեցումն արդարացված կարող էր լինել 1-2 ամիս առաջ, երբ պաշտպանվելու էֆեկտիվ մեթոդ կլիներ, ապա հիմա ոչ։ Նրա խոսքով՝ անիմաստ է նման իրավիճակը, քանի որ  վարակը այլևս անկառավարելի  է։ Նրա խոսքով՝ այս պայմաններում պետք է ուղղակի կենտրոնանալ բուժման վրա՝բոլոր  հիվանդանոցներում ունենանք կորնավիրոսի բաժանմունքներ և բժիշկներ, որոնք կորոնավիրուսով կզբաղվեն ցանկացած հիվանդանոցում։

«Որովհետև ինչպես նշեց վարչապետը և նախարարը, կորոնավիրուսը մեր կողքին գոյատևելու է և վնասել տնտեսությանը, Հայաստանում տիրող իրավիճակին, անիմաստ է։ Առավել ևս երկու ամիս է՝ արտակարգ դրություն է և որևէ դրական տեղաշարժ չկա։ Մենք պետք է հիմա կորոնավիրուսին վերաբերենք ինչպես սովորական այլ հիվանդության՝ թոքաբորբի, երիկամի բորբոքման և այլն։ Նորից եմ ասում, որովհետև կանխարգելումը  պետությունը տապալել  է։ Ուստի անիմաստ եմ համարում այս ֆարսը շարունակել»։

Գևորգ Գրիգորյանին հարցրեցինք՝ ասում է՝ տապալվեց, բայց կարող էր, ենթադրենք, հիվանդների զանգվածային աճ լիներ, այսինքն՝ ավելի վատ լիներ։ Բժիշկ Գրիգորյանը հակադարձում է․«Վատից վատը միշտ էլ կա։ Խնդիրն ինչ է․աշխարհում հիվանդների կայծակնային աճը խնդիրներ է առաջացրել այն պատճառով, որ չկային բավարար քանակությամբ մասնագետներ, ովքեր կզբաղվեին, որովհետև բժիշկների քանակը բնակչության թվի համեմատ քիչ է։ Այսինքն՝ ավելի քիչ բժիշկ է, քան, օրինակ, պահանջվում է Ֆրանսիայի բնակչության համար։ Հայաստանում այդ խնդիրը չկա, բժիշկներն ու բուժաշխատողներն ավելի շատ են։ Իսկ հիվանդանոցներ ունենք, նույնիսկ օպտիմալացված բուժկենտրոններ, որոնք կարող են գործարկվել, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Հիմա՝ մենք կարող ենք այդ ալիքին դիմակայել, և եթե այսպես շարունակվի, հավատացնում եմ, որ գալու է մի օր, երբ հիվանդների քանակը կտրուկ աճելու է, որովհետև վարակը ազատ շրջում է հանրապետությունում։ Եվ սա վարչապետն էլ փաստեց, նախարարն էլ։ Իսկ ազատ շրջում են շատ այլ վարակներ, օրինակ՝ խոզի գրիպը, որի էպիդեմիան մենք ունեցել ենք, տեսել և այլն։ Խոզի գրիպի բռնկման ժամանակ մենք արդյոք հայտարարու՞մ էինք արտակարգ դրություն երկրում։ Իհարկե՝ ոչ, ուղղակի մասնագետները բուժում էին հիվանդներին»։ Նույնը, բժշկի խոսքով՝ սեզոնային գրիպը։

Գրիգորյանի ամփոփմամբ, քանի որ չենք կարողացել կանխարգելել, կենտրոնանք բուժման վրա։ «Սակայն իմ խորին համոզմամբ՝ նախարար Թորոսյանը չի ուզում իր դիրքը զիջի որպես այս ամենի համակարգող և այս պատճառով, չի կարողանում ճիշտ որոշում կայացնել»,-ասաց Գրիգորյանը։

Հարց․ մի քանի ահազանգ հնչեց, որ մահացած մարդկանց հարազատներին գումար են առաջարկում, որպեսզի ստորագրեն, որ մահացել է կորոնայից, ինչը, սակայն հերքվեց։ «Covid -19» -ի փաստահավաք խմբի անդամ Գևորգ Գրիգորյանն ունի՞ ինչ-որ տվյալներ։

Ասաց, որ հերքումը կամ հաստատումը շատ հանգամանքներով է պայմանավորված և որ չի կարող այս պահին հերքել կամ հաստատել։  Գրիգորյանը հավաստիացնում է՝ փաստահավաք խումբը աշխատում է, կավարտվի արտակարգ դրությունը, կլինի զեկույց և շատ հանգամանքներ ու փաստեր կներկայացվեն։