Հիմա էլ ասում են՝ գնա, 2020 թվականին կգաս

Հիմա էլ ասում են՝ գնա, 2020 թվականին կգաս

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է դիմել մի քաղաքացի և խնդրել բարձրաձայնել իր խնդրի մասին։ 

Էդիկ Խաչատարյանը, որը Սիսիանի Նորաշեն թաղամասի բնակիչ է, տևական ժամանակ է չի կարողանում ստանալ աղքատության նպաստը։

«Եռամսյակը մեկ 18000 դրամ նպաստ էի ստանում, սակայն վերջին անգամ ստացել եմ 2018 թվականին։  Երբ գնում եմ,ասում են՝ գնա հետո կգաս, գնա հետո կգաս։ Հիմա էլ ասում են՝ գնա, 2020 թվականին կգաս»։

Մեզ հետ զրույցում ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցը նշեց, որ հատուկ հանձնաժողով կա, որն էլ զբաղվում է նմանատիպ հարցերով․ «Խորհուրդ կա, որը ոչ միայն սոցիալական աջակցության տարածքային բաժնի աշխատակիցներից է կազմված, այլ  կառույցի սոցիալական բաժնի աշխատակիցներից։ Կարգը այսպես է։ Եթե միավորը չի բավարարում անապահովության նպաստ ստանալու համար, պետք է դիմում ներկայացնել եռամսյակի համար աջակցություն ստանալու համար։ Ովքեր դիմում են եռամսյակի համար, այսինքն նպաստ չեն ստանում, նայում են՝ ում խնդիրն է առավել հրատապ և իրենց ընդգրկում են եռամսյակային հրատապ օգնության ցուցակում։ Յուրաքանչյուր եռամսյակի համար քաղաքացին պետք է առանձին դիմում ներկայացնի»։