Երևանի հյուրանոցները 80 տոկոսով ամրագրված են 

Երևանի հյուրանոցները 80 տոկոսով ամրագրված են 

Տեղեկություն ունեինք, որ մայրաքաղաքի հյուրանոցները արդեն ապրիլին լեփ-լեցուն են և, ավելին, ամրագրված են մինչև աշուն։ Հիշեցնենք, որ դրսից հյուրանոցային համարների ամրագրումները, հիմնականում, արվում են Armhotels.am կայքի միջոցով։ Այստեղից պատասխանեցին,որ տեղեկությունն իրականությանը համապատասխանում է մասամբ։ Մասնավորապես, Երևանում շուրջ 80 տոկոսով հյուրանոցային համարներն ապրիլ-մայիս ամիսների համար ամրագրված են, մարզերում՝ հակառակը, 90 տոկոսով դատարկ են։
«Ոչ միայն այս տարի, այլ միշտ գարնանը զբոսաշրջային ակտիվությունը շատ մեծ է․ ամռանը ընկնում է և մեկ էլ՝ աշնանն է բարձրանում» ,-հայտնեց աշխատակցուհին։  

Գարնան ամիսներին մայրաքաղաքի հյուրանոցների պահանջարկված լինելը պայմանավորվում է գարնանը համեմատաբար լավ եղանակով, տարբեր սեմինարների ու կոնֆերանսների առատությամբ։

Աշխատակցուհին բացառում է, որ այս ամրագրումների իմաստը հետագայում՝ ամռան ընթացքում պահանջարկի ավելացման դեպքում ավելի թանկ վճարելուց խուսափելն է։ Ասաց, որ հյուրանոցային համարների թանկն ու էժանը արդեն սահմանվում  է տարեսկզբին՝ մոտակա ամիսների համար։ Ըստ աշխատակցուհու՝ մայրաքաղաքում թանկ կամ էժան հյուրանոցների պահանջարկը շատ հարաբերական է. Կա և ՛ Hostel -ների, և՛ բարձրակարգ հյուրանոցների առաջարկ։