Մենք գեներալնե՞ր ենք, թե՞ հրամաններին ենթարկվող զինվորներ

Մենք գեներալնե՞ր ենք, թե՞ հրամաններին ենթարկվող զինվորներ

Ապշեցուցիչ է հայաստանցիների մեծամասնության հանդուրժողականությունն իրենց աշխատանքային եւ այլ իրավունքների ոտնահարման հարցում: Պետը կարող է առանց որեւիցե բացատրության եւ օրինական հիմքի ասել. «Դիմում գրի»: Եվ… հայաստանցիների ճնշող մեծամասնությունն աշխատանքից ազատման մասին սուսուփուս դիմում է գրում: Մինչդեռ այդ մարդուն, որը պարտաճանաչ աշխատող է, հնարավոր չէ առանց օրենքի կոպիտ խախտման ազատել աշխատանքից: Ազատվելիս էլ Հայաստանի «հպարտ քաղաքացիները» վերջնահաշվարկի ճիշտ հաշվարկին չեն հետեւում. չեն պահանջում տարիներով չօգտագործված արձակուրդային օրերի, ավել աշխատած ժամերի, ոչ աշխատանքային օրերին աշխատելու համար նախատեսված վճարները: Լուռումունջ հեռանում են՝ թողնելով օրենքով իրենց հասանելիք գումարներն իրենց իրավունքները ոտնահարողին, իրենց ստորացնողին: 

Ապշեցուցիչ է նաեւ այն, որ երբ կամայականության զոհին նույնիսկ բացատրում ես, որ իրեն հեռացնելու ոչ մի օրինական ձեւ չկա, երբ վստահեցնում ես, որ կսատարես նրան, միեւնույն է՝ դիմումը գրում է: Ավելին, կարող է քեզ պատասխանել. «Ես այդպիսին չեմ»: Այսինքն, սեփական իրավունքները պաշտպանելը հայաստանցիների մեծամասնությունը համարում է վարքի բացասական դրսեւորում՝ «կլյաուզնիկություն»: 

Առավել ապշեցուցիչ է այն, որ երբ որեւիցե շարքային աշխատող իրեն դրսեւորում է որպես իրոք «հպարտ քաղաքացի»՝ ընդվզում է անօրինականության դեմ եւ սկսում է պայքարել իր իրավունքների համար, նրա մյուս համաաշխատակիցները չեն կանգնում նրա թիկունքին, այլ, ընդհակառակը, սկսում են պարսավել նրան՝ չհասկանալով, որ անպատժելիությունից լկտիացած պետը վաղը կարող է նույն ձեւով վարվել նաեւ իրենց հետ:

Նշենք, որ որոշ բացառություն են կազմում այն դեպքերը, երբ վերադասի կողմից հեռացվողն ինքն է պետ, եւ քանի դեռ նա պաշտոն ունի եւ ընդվզում է, նրա ենթակաները սատարում են նրան: Այս դեպքում է միայն, երբ հայաստանցիները կյանքի են կոչում Եղիշե Չարենցի պատգամը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»:

Զարմանալի չէ, ուրեմն, որ Հայաստանում չկան աշխատավորների շահերը պաշտպանող իրական արհմիություններ: Որպեսզի դրանք լինեն, անհրաժեշտ է, որ լինեն դրա պահանջն ունեցող, իրենց շահերը պաշտպանել ցանկացող հպարտ քաղաքացիներ: Եթե Հայաստանի քաղաքացիների այդ մեծամասնություն կազմող տեսակը չունի նույնիսկ իր սեփական շահերը պաշտպանելու վճռականություն, ապա զարմանալի չէ, որ նա նույնպիսի հանդուրժողականություն է ցուցաբերում նաեւ հասարակության շահերի ոտնահարման դեպքերում: Այդ պատճառով է, որ Երեւանում մայթերը, շենքերի ընդհանուր սեփականություն հանդիսացող ձեղնահարկերը, շքամուտքերը, նաեւ՝ նկուղները գրավում են լկտի եւ «աչքաբաց», փողատեր դարձած մեր հայրենակիցները: Շինարարական նորմերն այնպես են փոխել, որ հնարավոր լինի արդեն իսկ կառուցված բնակելի շենքերին շատ մոտ տարածության վրա կառուցել բարձրահարկեր, որոնք կենցաղային պրոբլեմներ հարուցելուց բացի, նաեւ էժանացնում են իրենց կողքին գտնվող շենքերի բնակարանների արժեքները: Երեւանի Հրազդանի կիրճի մեծ մասը խլվել է շարքային երեւանցիներից, ցանկապատվել է եւ տրվել փողատերերին, կարծես նրանց համար դժվար կլիներ իրենց շքեղ մեքենաներով գնալ եւ ժամանցն անցկացնել կիրճի՝ մայրաքաղաքից դուրս գտնվող հատվածներում: Մայրաքաղաքի նույնիսկ պուրակներն են կառուցապատվել:   

Չբողոքող, ամեն ինչին համակերպվող «քաղաքացիների» այդ տեսակի պատճառով է, որ Ծաղկաձորը խլվել է հայ մանուկներից եւ տրամադրվել փողատերերին: Անտառները ոչնչացնելը, Սեւանա լիճը փչացնելը, Արարատյան դաշտավայրի ջրերը ցամաքեցնելը, հանքարդյունաբերությունն աղետի վերածելը նույնպես հնարավոր են դարձել տեղերի բնակիչների լուռ համաձայնությամբ:

Մենք մեր մասին սիրում ենք ասել, որ յուրաքանչյուր հայ գեներալ է, այլ ոչ թե հրամաններ կատարող զինվոր: Սակայն իրականությունն այլ բան է ցուցադրում: Նույնիսկ սեփական ոտնահարված իրավունքները պաշտպանելու համարձակություն չունեցող մարդը ոչ միայն չի կարող համարվել գեներալ, նա նույնիսկ քաղաքացի չի կարող համարվել: Հենց դա է պատճառը, որ Հայաստանը հայտնվել է այսպիսի ոչ նախանձելի վիճակում. սեփական եւ հասարակության շահերի համար պայքարելու փոխարեն մեր համաքաղաքացիները կա՛մ լռում են, կա՛մ էլ… լուռ հեռանում են հայրենիքից: 

Վերջին դեպքում նույնիսկ դիմում գրելու կարիք չկա:

Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ