Դուք կողմնորոշվե՞լ եք, պարոնայք

Դուք կողմնորոշվե՞լ եք, պարոնայք

2019 թ. մարտի 21-ին Սամվել Բաբայանի գրասենյակը տարածեց մի փաստաթուղթ, որի անվանումն է «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ»: Այնտեղ կարդում ենք.  «Խնդրի կարգավորման հիմքում, ըստ մեզ, պետք է ընկած լինեն որևէ միջազգային հեղինակավոր կազմակերպության հովանու ներքո միջանկայլ իշխանության կամ որևէ առաջատար երկրի, որի հեղինակությունը ընդունվում է հակամարտող երկրների կողմից, հայ փախստականների  և ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց կամավոր վերաբնակման , Արցախում տնտեսության զարգացման նախադրյալներ ստեղծելու և Արցախի կարգավիճակը նոր հանրաքվեի միջոցով որոշելու սկզբունքները»: Այնուհետեւ տրված է մեկնաբանություն, ըստ որի Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է  Հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում Միջազգային կազմակերպության հովանու ներքո, ԼՂ կարգավիճակը որոշվում է հանրաքվեի միջոցով, որը կանցկացվի մանդատային տարածքում, ինքնորոշման, այսինքն՝ հանրաքվեի անցկացման ժամկետները կորոշի մանդատի կրողը, Լեռնային Ղարաբաղն արտաքին քաղաքականության իրավունքը պատվիրակում է մանդատակիր միջազգային կազմակերպությանը, ԼՂ-ին վերապահվում է տնտեսական, մշակութային, մարզական հարցերում ուղղակի կապեր ունենալու իրավասություն, կողմերն աջակցում են մանդատային տարածքում փախստականների եւ ներքին տեղահանվածների կամավոր վերադարձին, Լեռնային Ղարաբաղը հանրաքվեով ընդունում է սահմանադրություն, որը չի կարող հաակսել մանդատակիր կազմակերպության հիմնական օրենսդրական ակտին՝ հենքային պայմանագրին եւ միջազգային իրավունքին, ԼՂ քաղաքացիներն ստանում են միջազգային մանդատակիր կազմակերպության անձնագիր, Լեռնային Ղարաբաղը կունենա Ազգային գվարդիա եւ անվտանգության ուժեր եւ ոստիկանություն՝ ընդհանուր 30 000 քանակով, բայց կազմավորման կամավորության սկզբունքով: Ընդհանուր գծերով սա է ,«Հայեցակարգը»:

Դրա գնահատականը, ընդունելի-չընդունելի լինելը քննարկումների թեմա են: Աչքի է զարնում այն, որ գրեթե մեկ տարի անց Սամվել Բաբայանի հիմնադրած «Միասնական հայրենիք» կուսակցության Ծրագրում ԼՂ հակամարտության կարգավորման բոլորովին այլ տարբերակ է ներկայացված՝ հասնել սահմանադրությամբ ամրագրված տարածքներով Արցախի անկախության միջազգային ճանաչմանը եւ դե-յուրե միավորվել Հայաստանի հետ: Նախընտրական հանդիպումներում «մանդատային տարածքի» մասին՝ ոչ մի խոսք: Բայց միաժամանակ էլ Սամվել Բաբայանը պաշտոնապես չի հայտարարել, որ 2019թ. կողմ էր «մանդատային տարածքի» եւ հետաձգված հանրաքվեի միջոցով ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման տարբերակին, բայց անցած ժամանակը բերել է այլ համոզման: Այսինքն, բաց է մնում հարցը՝ նա հրաժարվե՞լ է «մանդատային» տարբերակից, այլեւս երբեք դա չի պնդելու՞: Սա հրատապ հարցադրում է, եթե նկատի ունենանք, որ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ լիովին ընդունում է Սամվել Բաբայանի քաղաքական պլատֆորմը: Հարկ է, որ Բաբայան-Մայիլյան տանդեմը հստակ կողմնորոշվի: Թե չէ պարզ չէ՝ «Միասնական հայրենիք» կուսակցության եւ նրա աջակցությամբ նախագահական քարոզարշավ տանող Մասիս Մայիլյանի օգտին քվեարկողն իր ձայնը տալիս է ԼՂ հարցի «մանդատայի՞ն» կարգավորման, թե՞ փաստացի սահմաններում անկախության ճանաչման եւ Հայաստանի հետ դե-յուրե միավորվելու օգտին: