Կա վտանգ, որ կարող են արտաքսվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք մասնակից են եղել տեղի ունեցած բախումներին․ Զարեհ Սինանյան

Կա վտանգ, որ կարող են արտաքսվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք մասնակից են եղել տեղի ունեցած բախումներին․ Զարեհ Սինանյան

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին «Հրապարակը» մի քանի գրավոր հարց է ուղղել՝ արտերկրում հայ-ադրբեջանական պարբերական բախումների վերաբերյալ։ Սինանյանից փորձել ենք ճշտել, թե որքանո՞վ է ինքը, լինելով սփյուռքի հետ առնչվող թիվ 1 պաշտոնյան Հայաստանում, փորձում նպաստել արտերկրում իրավիճակի կայունացմանն ու հանդարտեցմանը։ Նշենք, որ Սինանյանը այս պահին արձակուրդում է։ 

-Պարո՛ն Սինանյան, Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությունից հետո սփյուռքում պարբերաբար բախումներ են եղել հայերի և ադրբեջանցիների միջև, հուլիսի 23-ին և 24-ին ռուսական լրատվամիջոցներն ու Ռուսաստանում բնակվող տարբեր օգտատերեր հայտնեցին, որ ադրբեջանցիները վառում են հայերին պատկանող մեքենաներ, բախումներ ու ծեծկռտուքներ են տեղի ունենում։ Դուք այս շրջանում արձակուրդում եք ։ Խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ գործողություններ եք ձեռնարկել, արդյոք կապ հաստատե՞լ եք ՌԴ իշխանությունների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների հետ։ 

- ՀՀ վարչապետի՝ հուլիսի 8-ի հրամանով գտնվում եմ արձակուրդում: Այցելում եմ արտերկրում գտնվող ընտանիքիս, քանի որ ընտանիքս և երեխաներս համավարակի սահմանափակումների պատճառով չեն կարողանում գալ Հայաստան:  

Իհարկե, ուշադրությամբ հետևում և տեղյակ եմ սփյուռքի տարբեր համայնքներում ադրբեջանական սադրանքների և ագրեսիվ գործողությունների մասին: Մշտական կապի մեջ եմ համայնքային ղեկավարների, ներկայացուցիչների, Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի, պատվո հյուպատոսների հետ: Իրավիճակը վերահսկելի ու կառավարելի պահելու համար հայկական կառույցները, դեսպանատունը ամենժամյա կապի մեջ են իրենց գործընկերների, ուժային ծառայությունների, Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների հետ: 
Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ուկրաինայում  իրադրությունը հիմնականում վերահսկելի է, եղել են սադրիչ գործողություններ, որոնք այս պահին չեզոքացվել են: Ապագայում չի կարելի բացառել հավելյալ սադրանքներն ու հարձակումները, սակայն դրանք կլինեն բացառություն, ոչ օրինաչափություն: Մոսկվայում հանգուցալուծման է հասել որոշ առևտրական կենտրոններում հայկական ապրանքների մուտքի արգելքի հարցը:

Ուշադրությամբ հետևում եմ Վրաստանի Մառնեուլի շրջանում տեղի ունեցած գործողությունների զարգացումներին:  շտական կապի մեջ եմ տեղի համայնքային ներկայացուցիչների, ՀՀ դեսպանի հետ:  

Տարբեր երկրներում ադրբեջանական կողմի այս գործողությունները կրում են բացահայտորեն դիտավորյալ և ուղղորդվող բնույթ: Տավուշում իր կրած խայտառակ պարտության արդյունքում Ալիևը փորձում է շեղել սեփական ժողովրդի ուշադրությունը՝ նրանց դրդելով հակահայկական գործողությունների: Այս պայմաններում մեր հայրենակիցներին կոչ եմ անում ցուցաբերել զգոնություն, զգուշություն և չտրվել սադրանքների: 

- Որևէ կոչով, խնդրանքով կամ այլ դիմումով դիմե՞լ եք տեղի հայերին՝ իրավիճակը հանդարտեցնելու համար։ 

- Կոչի ձևաչափով չեմ դիմել, ամենօրյա աշխատանքով մշտապես կապի մեջ եմ եղել համայնքների հետ, և արդյունավետորեն լռեցվել են բոլոր սադրիչ գործողությունները:

- Կա՞ վտանգ, որ Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիները կարող են արտաքսվել։ 

- Կա վտանգ, որ կարող են արտաքսվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք մասնակից են եղել տեղի ունեցած բախումներին և գտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում:  

Այնուամենայնիվ, համայնքային կառույցներն ու անհատները նրանց համար վարձել են իրավաբաններ, որպեսզի իրավաբանորեն պաշտպանված լինեն:

Այլապես, ՀՀ քաղաքացիների արտաքսման որևէ հարց չկա և ՌԴ միգրացիոն քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չկա: 

- Հաշվի առնելով սփյուռքում լարված իրավիճակը՝ հնարավո՞ր է, որ արձակուրդը դադարեցնեք և վերադառնաք աշխատանքի։

- Անհրաժեշտության պարագայում, իհարկե, այո: Սակայն այս պահին որևէ երկրում հայտնվելը կապված է COVID-ի պարտադրած սահմանափակումների հետ, և աշխատանքը ստիպված հեռավար ռեժիմի ձևաչափով է իրականանում, մի բան, որն արդեն արվում է:  Նաև նշեմ, որ ես ինքս գտնվում եմ սփյուռքի հայաշատ համայնքներից մեկում, որտեղ բախումներ են եղել: