Ռեկտորի նոր մրցույթ, երբ դեռ վիճարկվում են նախորդ մրցույթի արդյունքները
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ՝ ռեկտորի պաշտոնի համար: Համաձայն հայտարարության, ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան եւ առնվազն հինգ տարվա ակադեմիական եւ գիտական գործունեության ստաժ: Ցանկացողները դիմումները կարող են ներկայացնել մինչեւ մարտի 14-ը, իսկ մրցույթը նախատեսված է մարտի 29-ին, ժամը 11:00-ին, Բրյուսովի անվան համալսարանում:
Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով արդեն նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը, ով, համաձայն համալսարանի ռեկտորի ԺՊ Դավիթ Գյուրջինյանի հրամանի, նոյեմբերի 9-ին ազատվեց աշխատանքից, ռեկտորի նոր մրցույթի հայտարարումն իրավաբանական առումով առնվազն սխալ ու անընդունելի է համարում, քանի որ ռեկտորի նախորդ մրցույթի արդյունքները դեռ վիճարկվում են դատարանում:
Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով Բրյուսովի ռեկտորի պաշտոնում ընտրվել էր Կարինե Հարությունյանը: Սակայն կառավարությունը մինչ օրս չի հաստատել Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները: Ավելին` ընտրություններից հետո «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը եւ Կարինե Հարությունյանն առանձին հայցադիմումներով դատական գործընթաց սկսեցին կառավարության դեմ` պահանջելով պարտավորեցնել կառավարությանը՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները հաստատելու վերաբերյալ ընդունել բարենպաստ վարչական ակտ:
Թե ինչով է պայմանավորված այս հանգամանքը, որ նախորդ մրցույթի արդյունքները դեռ վիճարկվում են դատարանում, իսկ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը նոր մրցույթ է հայտարարում, Ց. Ակոպյանը նկատում է. «Կարծում եմ` ամենահիմնական պատճառն այն է, որ սրանք հերթական անգամ ուզում են ցույց տալ, որ ինչ ուզենք, այն էլ կանենք, հետո խոսք գնաց, որ ռեկտորի ԺՊ Դ. Գյուրջինյանն իրավունք չուներ այսքան երկար լինելու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, որովետեւ, կառավարության որոշման համաձայն, 6 ամսից ավելի իրավունք չկա լինելու ԺՊ: Բացի դա, համալսարանի ռեկտորի ԺՊ-ն մոտենում է թոշակային տարիքի, գուցե նաեւ դրանով էր պայմանավորված, որ որոշեցին հիմա անցկացնել մրցույթը»:
Ց. Ակոպյանն ընդգծում է` եթե խոսում ենք նորմալ իրավական երկրի մասին, ապա չէր կարող մրցույթ հայտարարվել, քանի դեռ դատական գործընթացներ են ընթանում. «Նախկին ռեկտորի մասով դատական գործը քննության փուլում է, դեռեւս որեւէ վճիռ չկա, ու եթե իրավական պետություն ենք, ապա պետք է միանշանակ ի օգուտ տիկին Հարությունյանի որոշում կայացվի, եւ վաղը, մյուս օրը հաղթելու դեպքում, միանշանակ, չեղյալ պետք է համարվի նոր ռեկտորի ընտրության այս գործընթացը, որովհետեւ գերակշիռ ձայներով տիկին Հարությունյանն ընտրվել էր ռեկտոր, իսկ կառավարությունն անհիմն ձեւով չի հաստատել ընտրության արդյունքները մինչ այսօր: Այսինքն՝ լրիվ անտրամաբանական, չպատճառաբանված մի գործընթաց է, որի հարցում եթե մի քիչ համբերություն եղավ, մենք միանշանակ հաղթելու ենք, այլ տարբերակ չի կարող լինել, որովհետեւ օրենքը, ճշմարտությունն ամբողջությամբ մեր կողմն են»:
Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդին, ապա դեռ անցած տարվա նոյեմբերին կազմավորված խորհուրդը, ըստ Ց. Ակոպյանի, այնպես է ձեւավորվել, որ ռեկտորի ԺՊ-ին նշանակեն ռեկտոր. «Իրենց սրտով ձեւավորված խորհուրդ է, օրինակ՝ խորհրդի կազմում է ընդգրկվել վաղամեռիկ Արմեն Գրիգորյանի գործով հիմնական վկայությունը տված Լալիկ Խաչատրյանը՝ Մանկավարժական համալսարանի հայոց լեզվի եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, Գյուրջինյանի մտերիմ ընկեր, որի ցուցմունքի հիման վրա էին ձերբակալել Արմեն Գրիգորյանին»: 20 հոգանոց հոգաբարձուների նոր խորհուրդը կազմված է հիմնադրի, լիազորի, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության կողմից առաջադրված 5-ական անդամից։
Անդրադառնալով բուհերի միավորման թեմային, ինչից էլ մոտ 2 տարի առաջ սկիզբ առավ այս թնջուկը, Ց. Ակոպյանն ասում է. «Ինչ վերաբերում է բուհերի միավորման ծրագրին, ապա նախարարությունում այն քննարկվում է, մենք՝ բոլորս, ունենք հստակ տեղեկատվություն, որ այն իրականացնելու են, իսկ իրենց առաջնային նպատակը Բրյուսովի ու մանկավարժականի միավորումն է, որի մասով խոսք է գնում նույնիսկ այս տարվա ընթացքում այն իրականացնել, հիմա, չգիտեմ՝ ինչքանով է դա ճիշտ կամ սխալ, բայց ցանկացած դեպքում Գյուրջինյանի՝ ռեկտոր դառնալն իրենց այդ հարցում չի խոչընդոտում, այսինքն՝ իրենց չի կաշկանդելու այդ հանգամանքը, հատկապես որ ինչ ուզում են, անում է, իրենց բոլոր կամայականություններն իրականացնում է, դրա համար չեմ կարծում, որ նրա հանգամանքը` լինի ԺՊ-ի, թե ռեկտորի կարգավիճակում, իրենց որեւէ կերպ կխանգարի»:
Հիշեցնենք, որ բուհերը, միավորումների հետ կապված, իրենց հայեցակարգային առաջարկները կարող էին ներկայացնել մինչեւ փետրվարի 15-ը։ Ինչպես արդեն գրել էինք` այս պահի դրությամբ երկու բուհից է ստացվել առաջարկ, դրանք են՝ մանկավարժական եւ տնտեսագիտական համալսարանները։
Կարծիքներ