Արամ Սարգսյանը Փաշինյանի ստրուկը չի, որ ձրի բանի,  մինչեւ մի բան չտան, չի գնա ընտրատեղամաս 

Արամ Սարգսյանը Փաշինյանի ստրուկը չի, որ ձրի բանի,  մինչեւ մի բան չտան, չի գնա ընտրատեղամաս 

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի պատրաստվում անվճար բանվորություն անել Փաշինյանի համար, նա ուզում է, որ իր յուրաքանչյուր ծառայություն վարձատրվի իշխանության սեփականատիրոջ կողմից` հույսով, որ վաղը ինքն այնքան ուժեղ կլինի, որ այդ սեփականատիրոջ առաջ գործադիր տնօրենի` Փաշինյանի փոփոխության հարց կբարձրացնի՝ պնդելով, որ ինքն ավելի լավ կաշխատի, քան ներկա տնօրենը: Իմ գնահատմամբ, Արամ Սարգսյանը համարում է, որ Հայաստանում իշխանության իրական տերն ԱՄՆ-ն է` եթե ինքը համոզի, որ ավելի լավ մենեջեր է եւ ավելի լավ կծառայի, քան ներկայիս տնօրենը, կարող է եւ տնօրենի փոփոխություն տեղի ունենալ, մանավանդ որ ամեն ինչից երեւում է, որ տնօրենի վիճակն այնքան էլ լավ չէ` դիրքերը թուլացել են, խաղեր է տալիս Ռուսաստանի հետ, իսկ ինքն անմնացորդ կծառայի:

Նիկոլ Փաշինյանն ուզում է փոխել Սահմանադրությունը, Արամ Սարգսյանը պայման է դնում, որ ինքը կաջակցի այդ փոփոխությանը, եթե սահմանադրական հանրաքվեն անցկացվի ԱԺ արտահերթ ընտրությունների հետ միաժամանակ: Փաշինյանամերձ արտախորհրդարանական ուժերը համարում են, որ հիմա առկա են բարենպաստ պայմաններ խորհրդարանում հայտնվելու համար, բայց դրա համար պետք է որ խորհրդարանը լուծարվի, եւ նոր ընտրություններ անցկացվեն: Արամ Սարգսյանի դեպքում առկա է Երեւանի ավագանու հաջողված օրինակը, երբ ինքն ու իր կուսակցությունը իշխանության հինգերորդ անիվից դարձան չորրորդը: Ինչո՞ւ նույնը չկրկնել ամբողջ երկրի մասշտաբով՝ մտածում է Սարգսյանը: Վերջերս մի հարցազրույցում նա հիմնավորում էր, թե ինչու պետք է իշխանությունը սահմանադրական հանրաքվեն եւ խորհրդարանական ընտրություններն անցկացնի միաժամանակ: Լրագրողի դիտարկմանը, թե իշխանական պատգամավորները պնդում են, որ սահմանադրական հանրաքվեն կապ չունի արտահերթ ընտրությունների հետ, Սարգսյանն ասում է. «Բացարձակ ակնհայտ բաները մերժելն այդքան էլ ճիշտ բան չի: Սահմանադրության հանրաքվեն` եթե դնում ես, հույս ունես, որ «այո» ես ստանալու, եթե «ոչ» ես ստանալու, էդ քո իշխանությունը թուլացնելու է, այսինքն՝ հաջորդ ընտրություններում դու ավելի քիչ քվե ես վերցնելու: Եթե դու ուզում ես Սահմանադրությանն «այո» ստանալ, քեզ 630 հազար «այո» է պետք, 800 հազարից մինչեւ 1 միլիոն մարդ պետք է ընտրության գա, որ դրանից 630 հազարն «այո» ասի: «Ոչ» ասողներ էլ կլինեն, չէ՞: Ո՞ր պարագայում 1 միլիոն մարդ կգա ընտրության, երբ պետական իշխանության, անհատի, իմ, քո ընտրություն կա, մարդը գալիս է ձեզ քվեարկելու, ինձ քվեարկելու, Նիկոլ Փաշինյանին քվեարկելու: Եկան ընտրատեղամաս. 2 ծրար է` երկուսն էլ կվերցնեն, կլինեն մարդիկ, որ կասեն` չէ, այս մեկն ենք վերցնում, այն մեկը չենք վերցնում, բայց մարդ որ եկավ ընտրատեղամաս, կվերցնի իր «այո»-ն կամ «ոչ»-ը կդնի»: 

Սարգսյանը մոտավորապես հասկացնում է, որ առանց ԱԺ ընտրությունների նույնիսկ ինքը չի գնա ընտրատեղամաս, չի մասնակցի հանրաքվեին, որովհետեւ ինչո՞ւ պետք է աջակցի Փաշինյանի Սահմանադրությանը, եթե դրա միջոցով չի հայտնվելու խորհրդարանում: «Այսինքն, եթե դու ուզում ես անես Սահմանադրության հանրաքվե, որ ուզում ես չանցնի` դու կարող ես առանձին դնես, որովհետեւ մասնակցություն չի լինելու, իսկ եթե ուզում ես էդ անցնի, իսկ տրամաբանությունն ասում է, որ իշխանությունն ուզում է էդ անցնի, էդ դեպքում իրար հետ են լինելու: Երկրորդ. իշխանության տրամաբանությանը ձեռք է տալիս, որ իրար հետ դրվի, որ իրենք ասեն` այ, Սահմանադրության «այո»-ն նաեւ մեզ վստահության հանրաքվե է»։ Սրանով Սարգսյանը Փաշինյանին ասում է, որ եթե հանրաքվեն եւ ԱԺ ընտրությունները միաժամանակ չլինեն, ինքը, օրինակ, ամեն ինչ կանի, որ հանրաքվեն վերածվի Փաշինյանին անվստահության հանրաքվեի: Եվ ընդհանրացնելով միտքը՝ ավելացնում է. «Ինչքան ես եմ տեսնում իշխանության տրամադրությունները, իշխանությունները հանրաքվեի կգնան ամենաուշը այս տարվա աշնանը, եւ ինձ համար միանշանակ է, որ դա կլինի նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ միասին»:

Մի հավելում եւս. Արամ Սարգսյանը միշտ ընդգծում է իր եւ Փաշինյանի տարբերությունը, թե կուզեք` տարաձայնությունը: Նա կողմնակից է, որ Հայաստանն ամբողջապես թեքվի դեպի Արեւմուտք, ավելի ճիշտ` ԱՄՆ, մինչդեռ Փաշինյանը բազմավեկտորության կողմնակից է, որովհետեւ մտավախություն ունի, որ ԱՄՆ ընտրություններում կարող է հաղթել Դոնալդ Թրամփը, եւ նրա հետ հնարավոր չի լինի աշխատել: «Է, թող անցնի Թրամփը, էս ի՞նչ խնդիր է, էս ի՞նչ աղյուսակ ենք մենք մեր առաջ դրել, որը փորձում ենք լուծել: Ես առաջարկում եմ վեկտորի փոփոխություն, անկախ նրանից՝ Թրամփը կանցնի, թե ով, ես համարում եմ վեկտորի փոփոխությունը ճիշտ: Իսկ ո՞վ է ասում, որ նույնիսկ Թրամփի անցնելու պարագայում, որը բարդ մարդ է, որն իմ սրտով չէ, եթե ինձնից է հասնում, ես կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր իմ տեսակետը լսում են` Թրամփին չքվեարկեն, բայց ով է ասում, որ Թրամփը մեր ունեցած գործոնները չի օգտագործելու Պուտինի եւ Էրդողանի դեմ»,- ասում է Սարգսյանը, ով մի ժամանակ Սերժ Սարգսյանի նախագահությանն էր դեմ, հետո դեմ էր Փաշինյանի վարչապետությանը, որովհետեւ միշտ կողմ է տվյալ պահի իշխանությանը, բայց երբ իշխանությունը փոխվում է, ինքը միշտ օգտագործվում է իշխանության կողմից` նրա հակառակորդների դեմ: 

Եթե դա հնարավոր է ներքաղաքական կյանքում, ինչու նույնը չանել նաեւ արտաքին քաղաքականության մեջ: Լրիվ մանր առեւտրականի հոգեբանություն, ով չի հասկանում, որ առեւտրի հարցերում ինքը Փաշինյանին երբեք չի գերազանցի, Փաշինյանն իրեն մի քանի անգամ կառնի ու կծախի, կառնի ու չի ծախի:

Ավետիս Բաբաջանյան