Անձնագրային գնալու կարիք չկա` անձնագիրը փոստով կստանան

Անձնագրային գնալու կարիք չկա` անձնագիրը փոստով կստանան

Իշխանությունները որոշել են օպտիմալացման անվան տակ Վարդենիսից Մարտունի տեղափոխել անձնագրային ծառայությունը։ Մարզից լուրեր են գալիս, թե փակում են նաեւ զինվորական հոսպիտալը, ծերանոցը, հոգեբուժարանը։ Չստանալով իրենց հուզող հարցերի պատասխանը՝ վարդենիսցիներն այնքան փակեցին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը, մինչեւ ժամանեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Հեռավոր գյուղեր կան, տրանսպորտի հարցը՝ բարդ, ի՞նչ պիտի անեն: Վարդենիսը դատարկո՞ւմ են, ինչո՞ւ են փակում պետական կառույցները՝ հարցնում էին քաղաքացիները, որոնց ճակատագիրը, փաստորեն, վճռվում է այլ վայրերում, եւ մարդկանց անգամ չեն բարեհաճում բացատրել, թե ինչն ինչպես են անում։ Այս հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ մարզպետ Կարեն Սարգսյանից։

- Ինչո՞ւ է փակվում Վարդենիս խոշորացված համայնքի անձնագրայինը:

- Չի փակվում, ուղղակի ծառայությունը թվայնացվում է, իսկ եթե տարեցները չկարողանան հասկանալ, քաղաքապետարանում խորհրդատվություն կտան։ Այս ընթացքում, առաջիկա 3 ամիսը դեռ կօգտվեն ծառայությունից, մինչեւ ամբողջական բարեփոխումն արվի։

- Այսինքն՝ ոչ թե փակվում է, այլ թվայնացված համակա՞րգ է ներդրվում, աշխատողների կրճատում չի՞ լինելու։

- Ոչ, եթե թվայնացնում ենք` աշխատողներ են կրճատվում։ Չեմ կարող ասել, թե քանի հոգի է կրճատվելու, քանիսը՝ տեղափոխվելու, ով ուր է գնում։ Միայն գիտեմ, որ ծառայությունը թվայնացվում է, մարդը կարող է տանը նստած՝ անձնագրի համար հայտ լրացնել։ 

- Իսկ որտեղի՞ց գնա, օրինակ, անձնագիրը ստանա։

- Փոստային բաժնից, քաղաքացուն էլ պետք չի լինի գնալ՝ որեւէ մի տեղից անձնագիր ստանալ։ Իսկ եթե նոր է 18 տարին լրացել, եւ առաջին անգամ է անձնագիր ստանում, պետք է առաջին անգամ այցելի որեւէ մի գրասենյակ։

- Պայմանական այդ գրասենյակը որտե՞ղ է լինելու, ամենամոտը Մարտունին է՝ կիլոմետրերով հեռու Վարդենիսից։

- Որտեղից ուզեն, կարող են վերցնել, անգամ՝ Երեւանից, կապ չունի, թե որ բաժանմունքն է։

- Հասկանալի է, այդ օրենքը գործում է հանրապետության բոլոր մարզերում` օնլայն աշխատանքի։ Հարցն այն է, որ եթե վարդենիսցին կարող է հենց Վարդենիսի բաժանմունքից օգտվել, ինչո՞ւ եք բարդացնում մարդկանց կյանքը եւ հարկադրաբար նրանց ուղարկում Մարտունի։ Վարդենիսը խոշորացված համայնք է, որի կազմում տասից ավելի գյուղ կա, խելամի՞տ է արդյոք օպտիմալացնել խոշորացված համայնքի անձնագրային բաժանմունքը։ 

- Դուք տանում եք այն ուղղությամբ, ոնց որ Դուք եք ուզում։ Մարտունիում դատարանը փակվել է, մարտունեցին պիտի գնա Վարդենիս, չէ՞։ Ուզում եք վտանգավոր մթնոլորտ ստեղծել, մարդկանց մեջ խուճապ առաջացնել։ 

- Նախ, մենք չենք ստեղծում` վարդենիսցիներն են ահազանգել խնդրի մասին, ճանապարհ փակել, բողոքել։ Իսկ դատարանի օրինակը շատ վատ եւ սխալ օրինակ է։ 

- Իսկ Դուք գիտե՞ք, թե մեկ տարվա ընթացքում քանի հոգի է դիմել Վարդենիսի անձնագրային բաժանմունք, ընդամենը 167 դիմում է եղել։ 365 օր ունեցող տարվա մեջ 167 դիմում։ Մարտունի են մոտեցել 1600 քաղաքացի։ 

- Նույն տրամաբանությամբ՝ քանի որ Վաղարշապատը մոտ է Երեւանին, ուրեմն պիտի անձնագրային բաժինը փակվի, ու մարդիկ միայն Երեւանում սպասարկվեն։ Սա ի՞նչ տրամաբանություն է։ Անձնագրային բաժիններում հերթեր են գոյանում, ծեծկռտուք է առաջանում, եւ այս խնդիրների կողքին փակվում են անձնագրային բաժինները։

- Այդ հարցի հասցեատերը Միգրացիայի ծառայությունն է։ Ես Ձեզ արդեն ասացի՝ համակարգը թվայնացվում է, եւ մարդն անձնագրային բաժին գնալու կարիք չի ունենալու։ 

- Հայբիզնեսբանկն էլ է փակվել, ինչո՞ւ։

- Դուք ճիշտ մարդու չեք տալիս հարցը, ես չեմ կարող բիզնեսմեններին ուղղորդել, մարդիկ ասում են՝ մեր հաճախորդների քանակն այնքան չէ, որ կարողանանք պահել բանկը։

- Տեղեկություն կա, որ հոգեբուժարանը, ծերանոցը եւ հոսպիտալը եւս փակվելու են, ի՞նչ կասեք։

- Դրանք հիմարություններ են, նման բան չկա, մարդկանց ուղեղը հիմարություններով են լցրել։

- Լուրեր կան, որ Վարդենիսի ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանը դիմել է Ձեզ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն մտնելու համար, ճի՞շտ է։

- Այդ հարցով իր հետ խոսեք։