Չեմ հասկանում` ինչպես կարող է ցանկացած գիտակից մարդ անել այն, ինչ անում են մեր պաշտոնյաները

Չեմ հասկանում` ինչպես կարող է ցանկացած գիտակից մարդ անել այն, ինչ անում են մեր պաշտոնյաները

«Հրապարակի» զրուցակիցն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան է:

- Նախօրեին ադրբեջանական կողմը հերթական սադրանքին էր դիմել, այս անգամ` Ներքին Հանդի ուղղությամբ: Զոհեր ունենք, եւ, առհասարակ, Հայաստանում անհանգիստ մթնոլորտ է, լուրեր են շրջանառվում, որ Վարդենիսում, Սիսիանում, Մեղրիում եւս լարված է, եւ վտանգը կախված է մեր սահմանամերձ բնակավայրերի գլխին: Ինչո՞ւ է Ադրբեջանը կրկին որոշել սադրանքի դիմել, նպատակն այս անգամ ո՞րն է:

- Այստեղ մեր գլխավոր խնդիրն այն է, որ հայկական կողմը` ՊՆ-ն, տարածում է մի հայտարարություն, որը վկայում է այն մասին, որ առաջնագիծ պաշտպանող, առաջնագծում կանգնած հայ զինվորները չկրակելու հրաման են ստանում, սակայն իրենց կյանքը վտանգելու դեպքում` եթե փորձեն կրակել, ապա կենթարկվեն պատասխանատվության, իսկ եթե չեն կրակում, վտանգվում է իրենց կյանքը: Ադրբեջանին իրականում որեւէ ռեալ առիթ պետք չէ հարձակման համար, նրանք հեշտությամբ կարող են սադրել ու կրակել: Մի անգամ չէ, երկու անգամ չէ, 100 անգամ չէ ողջ պատմության ընթացքում, որ Ադրբեջանը չեղած տեղից միջադեպ է հրահրում եւ մեղադրում հայկական կողմին: Ունենք իրավիճակ, որ հայկական կողմն ասում է` առաջնագիծը պաշտպանողներին պետք է պատժել: Սա անընդունելի է հենց զինվորների բարոյահոգեբանական դիրքերի տեսանկյունից: Անընդունելի է նաեւ քաղաքական տեսանկյունից` բանակցային գործընթացների համար, որովհետեւ ի՞նչ է նշանակում` դեռ չենք պարզել՝ ով է մեղավորը, կպարզենք ու կպատժենք մեղավորին: Եթե առաջնագծում, մեր իսկ օկուպացված տարածքներից թշնամին կրակում է մեր ուղղությամբ, այդտեղ ի՞նչ հետաքննության հարց կա: Այնպես չէ, որ կրակն արձակվել է ադրբեջանական սահմանից, մեզ վրա կրակում են մեր տարածքներից: Սա արդեն իսկ առիթ է՝ ողջ միջազգային հանրության մոտ եւս մեկ անգամ բարձրաձայնելու, որ ադրբեջանական կողմն օկուպացնում է մեր տարածքները, վտանգում է մեր բնակչությանը եւ այլն: Անկեղծ եմ ասում` ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է ցանկացած գիտակից մարդ անի այն, ինչ անում են մեր պաշտոնյաներն այս իրավիճակում:

- Ի դեպ, ՊՆ-ի հաղորդագրությունից առաջ էլ Ռազմական ոստիկանությունն էր մի զարմանալի հաղորդագրություն տարածել: Ադրբեջանական կողմը հայտնել էր, որ վիրավոր ունեն, իսկ ՀՀ ռազմական ոստիկանությունը պատասխանել էր, որ հանգամանքները կպարզվեն, մեղավորները պատասխան կտան: Նման հայտարարություններն Ադրբեջանին առավել չե՞ն լկտիացնում:

- Պետք է հասկանալ, թե նման հայտարարություններն ինչ են տալիս թշնամական կողմին: Ստացվում է, որ Ադրբեջանն ամեն անգամ հանգիստ կարող է սադրել մեզ, իսկ մեր պաշտոնյաներն ասեն, որ կրակողին կգտնեն ու կպատժեն: Այդ հաղորդագրությունների պատճառով միջազգային հանրության աչքերում անընդհատ հայկական կողմն է մեղավոր դառնում: Ադրբեջանն այս մոտեցումը դարձնելու է գործելաոճ: Հայկական կողմը, որը մեղավոր չէ, այսօր ողջ աշխարհի աչքի առաջ կասկածի տակ է դրվել:

- Իսկ ո՞րն է այդ սադրանքների կոնկրետ ակնկալիքը:

- Ադրբեջանական կողմն արդեն շաբաթներ շարունակ առաջ է բերում այն թեզը, որ վերընտրվելուց հետո Ալիեւը պետք է ավարտուն տեսքի հասցնի իրավիճակը` խաղաղության պայմանագրի տեսքով, իրենց իսկ պարտադրած պայմաններով: Այդ ամենն արվում է տարբեր ճանապարհներով` հոգեբանական, ռազմական դիվանագիտական եւ այլն: Նպատակն իրենց հաղթանակն ամբողջականացնելն է: Նրանց հերթական հաղթաթուղթը խաղաղության պայմանագիր ասվածն է, որը նույնիսկ ՀՀ գործող ռեժիմի կարծիքով` կարող է մնալ զուտ որպես փաստաթուղթ: Այդ փաստաթղթում ցանկացած հայանպաստ կետ Ադրբեջանը չի պահպանելու: Նրանք իրենց համար ուժով հարցեր լուծելու տարբեր եղանակներ ունեն: Անվտանգության տեսանկյունից որեւէ խաղաղության փաստաթուղթ չի կարող երաշխիք լինել: Ցլերի եւ կարմիր գույների պատմություններն էլ այդ մասին են փաստում: Չկա որեւէ երաշխիք եւ չի լինելու որեւէ երաշխիք, բացի ուժային հակազդեցությունից: Այդ պարագայում էլ մենք տեսանք, որ առաջնագիծ պաշտպանողներին ասում են՝ մի կրակեք, իսկ եթե կրակեք, կենթարկվեք պատասխանատվության: Այս առումով պատային իրավիճակ է ստեղծվել:

- Ի դեպ, իշխանական շրջանակները տարածում են, որ ԵԿՄ-ականները հարբած են եղել: Նման հայտարարություններն ադրբեջանական կողմն ինչպե՞ս է իրացնում:

- Ընդհանուր առմամբ, արտատպում են նման տեղեկությունները եւ տարածում: Նրանց դիրքորոշումը սովորաբար լինում է պաշտոնական գծի մեջ, ինչպես իշխանությունն է թելադրում, այդպես էլ խոսում են: Ադրբեջանցի փորձագետները երկու գիծ են այս պահին տանում. առաջինը` իբրեւ Ֆրանսիան ու ԵՄ դիտորդներն են այդ ամենը խրախուսում, երկրորդը` ռուսական կողմին են մեղադրում: Ադրբեջանն արտաքին թշնամու փնտրտուքի մեջ է, նոր հակահերոսներ են փորձում գտնել:

- Նման իրավիճակում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ պնդում, որ մենք ապրում ենք խաղաղ, անվտանգ երկրում: Չի՞ գիտակցում, թե ինչ է կատարվում, թե՞ Ադրբեջանի հետ սինխրոն աշխատանք է տանում:

- Մենք կարող ենք 1000 տարբեր հրատապ, առաջնային կարեւորություն ունեցող հարցեր թվարկել, որոնց մասին ոչինչ չի խոսվում. Արցախի հետ կապված հարցեր, գերիներ, Ադրբեջանի՝ ՀՀ տարածք ներխուժում, գործարաններ փակելու սպառնալիքներ եւ այլն: Կան բազմաթիվ թեմաներ, որոնք պետք է բարձրաձայնվեն, հասցվեն միջազգային հանրությանը, սակայն դա չի արվում: Այստեղ չի կարող լինել միամտության հանգամանք, սա միմիայն դիտավորություն է: