«Հին Երեւանը» լինելու է մի մեծ մոլ՝ բուտիկներով լցված

«Հին Երեւանը» լինելու է մի մեծ մոլ՝ բուտիկներով լցված

Օրերս «Հին Երեւան» նախագծի ճարտարապետ Լեւոն Վարդանյանի արվեստանոցում կայացել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի չորրորդ արտագնա նիստը, որը նախագահել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից, նիստի ընթացքում քննարկվել է «Հին Երեւան» թաղամասի էսքիզային նախագիծը՝ Աբովյան փողոցից մինչեւ Քոչինյան փողոց ընկած հատվածը: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Լեւոն Վարդանյանը ներկայացրել է նախագիծը՝ մանրամասնելով ծրագրի սկզբից՝ 2005 թվականից մինչ օրս շարունակվող ծրագրի նախապատմությունը եւ նախատեսվող միջոցառումները:

«Նախագծի կոնցեպտով պարագծային կառուցապատումն ունի 4 վերգետնյա հարկ, որից երկուսը կազմում է հուշարձանների շարքը, իսկ մյուս երկուսը՝ վերնահարկը: Ավելացված հարկերը հետ են քաշված կառուցապատման հիմնական ճակատից եւ փողոցի կողմից չեն ընկալվում: Նախատեսվում է նաեւ 3 ստորգետնյա հարկ, որից մեկը հուշարձանների մառանային հարկն է՝ հասարակական օգտագործման նպատակով: Մյուս երկու ստորգետնյա հարկերը տրամադրվում են ավտոկայանատեղիների նպատակով: Դաստակերտների առանձին այգիները եւ բակերը միավորված են՝ ստեղծելով ընդհանուր կանաչ գոտի եւ երկայնական հետիոտն ճանապարհ: Ներսի ճակատներում վերականգնվում են փայտյա բաց պատշգամբները՝ իրենց ուրվագծերով կազմելով առանձին ներդաշնակ անկյուններ՝ ընդհանուր տարածության մեջ: Ներքին բաց տարածքները ծածկված են հին Երեւանի առեւտրական թաղերին բնորոշ թաղակապ ծածկով, բայց ժամանակակից ապակյա արեւակլանող նյութով, որը գործառնական տեսակետից կապահովի տարածքի հարմարավետ օգտագործումն ամբողջ տարվա ընթացքում՝ գեղագիտական տեսանկյունից ստեղծելով ավանդական երեւանյան բակերին բնորոշ կամերային միջավայր: Ըստ նախագծի՝ տեղում պահպանված 14 հուշարձան-շենքերի հետ մեկտեղ, որոնք պահպանվում եւ վերականգնվում են իրենց ծավալատարածական եւ հատակագծային լուծումներով, թաղամասը կհամալրվի նաեւ վերջին տարիներին քանդված կամ ապամոնտաժված եւս 7 այլ պատմական շենքերով, որոնք նախորդ տարիներին ընդգրկվելով տեղափոխման պետական ցուցակի մեջ՝ ապամոնտաժվել էին՝ իրենց տեղը զիջելով նորակառույց բարձրահարկ կառուցապատմանը: Իրականացված քննարկումների եւ տեղի ունեցած քվեարկության արդյունքում նախագիծը որոշակի վերապահումներով արժանացել է հավանության»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թե 2005-ից մինչ օրս «Հին Երեւան» նախագիծն ինչքան եւ ինչպես է փոխվել, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը նկատում է․ «Ոչ մի բան չի փոխվել, ինչ եղել է սկզբից, այդպես էլ մնացել է, բացարձակապես ոչ մի բան չի փոխվել։ Մենք գնում-գալիս ենք, տարիների ընթացքում գիտամեթոդական հանձնաժողովի անդամները հերթով փոխվում են, ու այդ գործը տեղից չի շարժվում։ Կան բաներ, որ իմ դուրը չեն գալիս, կան բաներ, որոնց հետ ես հաշտվում եմ, քանի որ «գնացքը վաղուց շարժվել է․․․»։ Հետո վերականգնո՞ւմ են, թե՞ նոր ճարտարապետություն են ստեղծում՝ դա էլ է անհասկանալի, ու այդ գաղափարը որ եղել է՝ ստեղծել Հին Երեւանը, 2005-ից էլ շուտ է եղել, բայց բոլորն ասել ու ասում են՝ դե լավ, ոչինչ, էս շենքը քանդեք, հետո Հին Երեւանի մասում կհավաքենք։ Նույնը Աֆրիկյանների հետ եղավ՝ քանդեցին, որ հետո հավաքեն, բայց ի՞նչ է լինելու այդ շենքի հետ՝ նորակառույց մի բա՞ն։ Հուշարձանը միայն նրանով չէ, որ ճակատն ես վերականգնում, հուշարձանը նաեւ իր ներքին տարածքն է, նյութերը, ճարտարապետական լուծումները եւ մնացածը»։

Բադալյանը նկատում է՝ «Հին Երեւանի» գաղափարը, որ իրենից ներկայացնելու է մի մեծ դեկորացիա, որի մեջ էլ՝ մի մեծ մոլ՝ բուտիկներով լցված, իրեն չի ուրախացնում, բայց չի էլ ուզում նեղացնել ճարտարապետին․ «Չեմ ուզում վիրավորել ճարտարապետին, որը լավ ճարտարապետ է, մասնագետ է ու այսքան տարի պայքարում է իր իդեայի համար, բայց հարցն այն է՝ ճի՞շտ է այդ իդեան, թե՞ ոչ․․․։ Ինքն ունի պատվիրատու, որի հետ հաշվի է նստում, ունի տարբեր ձեւաչափեր, որոնք պետք է պահպանի ու անի։ Լավ է, որ մի քանի քանդված շենքեր կվերականգնվեն, բայց ո՞րն է իր հարազատ քարը, ո՞րը՝ չէ, չափը փոխվո՞ւմ է, թե՞ ոչ, մի հարկանի շենքերը սարքում են 2-3 հարկանի շենքեր՝ ներս ընկած ինչ-որ ապակե ծածկերով։ Հիմա դու վերցնես ու քո ֆասադը՝ ճակատային մասը սարքես դեկորացիա ու հետեւն ինչ ասես արվի՝ դա ինձ դուր չի գալիս։ Բայց դա արվել է մասնագիտորեն, այդտեղ խումբ է աշխատել ճարտարապետների, որոնք նուրբ են ամեն ինչին վերաբերվել, բայց սկզբնական որոշումը, որ այդքան պետք է բարձրանան շենքերը․․․ հիմա Բուզանդ-Արամի փողոցների այդ շրջակայքն այնպիսի բարձր շենքերով է կառուցապատված, որը շատ վատ է, բայց իրենք ուզում են մի քիչ էլ բարձրացնեն, որ այդտեղ մի քիչ նրբություն մտնի։ Ես այդ իդեային կողմնակից չեմ։ Ամեն դեպքում, ինչ արել են, թող շարունակեն, վերջացնեն, թեպետ ես չեմ որոշողը, բայց այդ ծածկն ինձ դուր չի գալիս, դա իմ անձնական կարծիքն է»։

Ո՞րն է պատճառը, որ այսքան ձգձգվեց ու շարունակում է ձգձգվել այս նախագծի իրականացումը։ Ա․ Բադալյանն ասում է, որ այս հարցի հասցեատերն ինքը չէ։

Վերջին տարիներին քանդված կամ ապամոնտաժված 7 այլ պատմական շենքեր եւս պետք է վերականգնվեն «Հին Երեւանի» մեջ, տեղյա՞կ է՝ այս ընթացքում այդ շենքերի քարերը որտե՞ղ են պահվում։ «Տեղյակ չեմ, ինձ համար հանելուկ է, ու ես չեմ հավատում, որ սրբորեն ամեն քարը փաթաթել դրել են արկղի մեջ ու համարակալել, ես տեսել եմ տարիներ առաջ՝ չգիտեմ որ շենքը, գետնին գցած, պահեստներում, ու թե ինչն է վնասվել այս տեղափոխության հետեւանքով, չեմ կարող ասել»։

Չնայած քվեարկության արդյունքում նախագիծն արժանացել է հավանության, բայց, ինչպես նկատում է Բադալյանը, այս նախագծին շատերն են դեմ, որովհետեւ Թամանյանի մոտ գլխավոր պողոտան բուլվար էր․ «Որն ընդհատվեց պատկերասրահի մոտ, բայց շարունակվեց հետո, գոնե պատկերասրահի մոտ ընդհատվեր ու չշարունակվեր ամբողջությամբ։ Այդքան պայքարեցին Մաշտոցի պուրակի համար, մի քիչ էլ պետք էր այստեղ պայքարել, բայց քանի որ շատերին հայտնի չէ, թե դա ինչ է եղել, ու հիմա սիրուն փաթեթավորված պրոդուկտ են ցույց տալիս, մարդիկ մտածում են՝ ոչինչ, թող լինի, որովհետեւ բոլորը հոգնել են կիսաքանդ վիճակից։ Իսկ այդ կիսաքանդված վիճակը ստեղծվել էր միայն նրա համար, որ արդեն ծրագիր գոյություն ուներ, եթե չտարհանեին մարդկանց, այդ շենքերը լավ էլ ամուր կմնային, պետք էր գոնե այդ ամեն ինչի մասշտաբը թողնել, հետո էլ խոսում ենք մեր հարեւանների մասին․․․, բայց մենք մեզ չպետք է խաբենք»։

Նախարարը նշել էր, որ իր համար կարեւոր չէ, թե «երբ է սկսվել, ինչպես է սկսվել, արդյոք պե՞տք է սկսվեր, թե՞ ոչ», փոխարենն առավել կարեւոր է, թե հիմա «ինչպես կարող ենք առավել արդյունավետ վարվել ստեղծված իրավիճակում»։ «Ես չեմ ուզում մեկնաբանել նրա խոսքերը, նախարարն իրեն մի քանի արտահայտություն թույլ տվեց իր ֆեյսբուքյան էջում, ինչն ինձ համար բավական է, որ ես կասկածի տակ դնեմ նրա կարծիքը։ Բջնիի, Դվինի վերականգնման աշխատանքներին գնահատական տալ շատ անկոռեկտ ձեւով եւ ոչ մասնագիտական բառերի բովանդակությամբ․․․ գոնե մի քիչ պետք է ծանոթանալ խնդիրների հետ, նոր մամուլում հանդես գալ»։