Ոչինչ չեն գտել, բայց առգրավել են բոլոր գործիքները, որոնցով քաղաքական գործիչներն աշխատում են

Ոչինչ չեն գտել, բայց առգրավել են բոլոր գործիքները, որոնցով քաղաքական գործիչներն աշխատում են

Այսօր ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում։ Այս մասին հայտնել են Ազգային-Ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից։ Տեսանյութեր են տեղադրվել համացանցում։ «Վաղ առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը համատարած խուզարկություն են իրականացնում Բևեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բևեռի գրասենյակներում»,-նշել է Բևեռը։ Խուզարկություն է ընթացել Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի, Վահե Գասպարյանի բնակարաններում։ 

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ այս խուզարկությամբ իշխանությունները ցանկանում են տապալել բևեռականների մամուլի ասուլիսը, որը տեղի էր ունենալու այսօր. «Խուզարկել են նաև մեր գրասենյակները, մենք երեկ հաղորդագրություն էինք տարածել, որ այսօր կենտրոնական գրասենյակում մամուլի ասուլիս ենք տալու ու լրիվ «պատահաբար», իսկ մենք գիտենք, թե դա ինչպես է տեղի ունենում, որոշեցին հենց կենտրոնական գրասենյակում խուզարկություն իրականացնել: Այս ռեժիմին կարելի է ուղիղ զուգահեռներով համեմատել սերժ-սաշիկական ռեժիմի հետ, նրանք էլ հենց այսպիսին էին: Նրանք էլ նույն ձևով անհեթեթ ձևով խուզարկություններ անցկացրին, փորձում էին ճնշել»,- նշեց նա: 

Խուզարկության արդյունքում իրավապահներին ի՞նչ է հաջողվել պարզել, ի՞նչ են առգրավել նրանք. «Ոչինչ էլ չի պարզվել, առգրավել են բոլոր այն գործիքները, որոնցով քաղաքական գործիչներն աշխատում են` հեռախոսներ, համակարգիչներ: Ընդ որում ոչ թե հինգ-տասը րոպեով են առգրավում, այլ անհայտ ժամանակով: Օրինակ` իմ համակարգիչն արդեն տասը տարի է ինձ հետ չեն վերադարձնում: Նրանց ոչինչ էլ հայտնաբերել պետք չէ, նրանք ուզում են կաշկանդել քաղաքական ուժերի գործունեությունը: Գյումրու մեր գրասենյակից համակարգիչներ են առգրավել, մեր աջակիցներից ու ղեկավար անդամներից հեռախոսներ են վերցրել, և այլն: 21-րդ դարում հեռախոսը միայն զանգի գործիք չէ, օրինակ, մեր բանկային հաշիվները կցված են հեռախոսին», - ասաց նա:

Ի դեպ, ասուլիսն էլ Բեւեռականները տվել են փողոցում։