Հակոբ Սիմիդյանի զոքանչի կուսակցությունը հաղթել է ՔՊ-ին

Հակոբ Սիմիդյանի զոքանչի կուսակցությունը հաղթել է ՔՊ-ին

Դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Նաիրի խոշորացվող համայնքում եւ Եղվարդում տեղի ունեցած ավագանու ընտրություններին պայքարող 6 կուսակցություններից՝ ՔՊ, «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք», ՀՅԴ, «Հանրապետություն», Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան, անսպասելի արդյունքներ է գրանցել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանի զոքանչի՝ Լյուդմիլա Սարգսյանի կուսակցությունը։ Արդեն արխիվացված այս քաղաքական ուժը՝ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան, 5 հազար 949։ 3 հազար 888 ձայների հարաբերակցությամբ հաղթել է ՔՊ-ին։ 

ՎՍԴՀԿ քաղաքապետի թեկնածուն 99 թվականից ի վեր Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանն էր, իսկ ՔՊ թեկնածուն՝ Վաղարշակ Ամիրխանյանը։ Այս զարմանահրաշ արդյունքների գաղտնիքի մասին ցանկանում էինք հարց ուղղել անմիջապես տիկին Սարգսյանին, բայց վերջինս անհողդողդ էր․ ո՛չ զանգերին պատասխանեց, ո՛չ մեր գրություններին։

Նույն շրջանի Նոր Հաճն քաղաքում էլ գործող քաղաքապետի՝ «Գագիկ Մաթեւոսյան դաշինքն» է հաղթանակ տարել Հայաստանի վարչապետի «Քաղաքացիական պայմանագրին»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը եւս մասնակցում էր Նոր Հաճնի ընտրություններին։ Նա արձանագրում է այն մթնոլորտը, որում անցել են Կոտայքի Եղվարդ, Նոր Հաճն եւ խոշորացվող այլ համայնքների ընտրությունները․ «Տեղի ունեցավ մի բան, որ, փաստորեն, տեղական կոռուպցիոն բուրգը՝ «Գագիկ Մաթեւոսյան դաշինքով» ներկայացած, որի հիմնադիրներն են խիստ իշխանամետ Լեւոն Շիրինյանի «Քրիստոնյա ժողովրդավարական» եւ Հակոբ Սիմիդյանի զոքանչի՝ Լյուդմիլա Սարգսյանի կուսակցությունները, այդ երկուսի դաշինքը՝ վարչական եւ տարբեր այլ ռեսուրսների կիրառմամբ, նաեւ՝ կրիմինալի, կարողացավ բացարձակ մեծամասնությամբ հաղթել, այդ թվում գերազանցելով ՔՊ-ին»։ Կոնկրետ այս 2 հաղթանակները, որոնք գալիս են հերքելու «Նիկոլի ուսապարկի ֆենոմենը», Սուրենյանցի համար բոլորովին զարմանալի չեն։ Նա հիշեցրեց, որ դեռ քարոզարշավի ժամանակ հենց «Հրապարակին» ասել էր, որ այդ «Գագիկ Մաթեւոսյան» դաշինքը» համայնքի, պայմանական ասած՝ «Սամվել Բալասանյան դաշինքն» է։ Այսինքն՝ նախադեպ, որը տեսանք Գյումրիում եւ որն ավելի կատարելագործված իրագործվեց մի շարք համայնքներում։ «Էսօր իշխանությունը տեսնելով, որ ՔՊ-ն չունի հեղինակություն եւ չունի բավարար ռեսուրսներ տեղերում, գնաց կրիմինալի հետ ակնհայտ դաշինքի։ Եվ մի շարք տեղերում, որտեղ հաղթել են կասկածելի քաղաքական ծագում ունեցող մարդիկ, դա վկայում է միայն մի բանի մասին՝ իշխանության ու տեղական կրիմինալի սերտաճման»։

Իսկ տեղական կրիմինալ ասելով՝ Սուրեն Սուրենյանցը նկատի ունի 18-20 տարի գյուղապետ աշխատած մարդկանց, որոնց մասին բոլորը Կոտայքում գիտեն, որ «տարիներ շարունակ տեղական բյուջե են լափել, մի քանի անգամ հասցրել են Հանրապետականին դավաճանել, մի քանի անգամ՝ Քոչարյանին, մի քանի անգամ՝ տարբեր մարդկանց։ Ի դեպ, Նոր Հաճնի քաղաքապետը ժամանակին ԲՀԿ-ական էր, ԲՀԿ-ին էր դավաճանել։ Մի խոսքով, այս մարդիկ իրենց շուրջն էին հավաքվել, եւ իրենք կարողացան խաղարկել, թե իբրեւ թե ՔՊ չեն, բայց իշխանության հովանավորությամբ եւ ինչ-որ տեխնոլոգիաների արդյունքում կարողացան վերարտադրել իրենց իշխանությունը»։

Սուրեն Սուրենյանցն ասում է, որ այս ընտրությունները նաեւ ցույց տվեցին, որ իշխանության հավաստիացումները, թե իրենք կրիմինալի հետ «չեն խաղում», նրանց հերթական ստերից էին։
Սուրենյանցի կուսակցությունը, որը նույնպես Նոր Հաճնում մասնակցում էր ընտրություններին, ամենացածր արդյունքներն է գրանցել։ Հիմա փորձում են հասկանալ պարտության պատճառները։ «Որովհետեւ մենք դասական ընտրարշավ էինք արել, քարոզչական բազմաթիվ նյութեր ենք ներկայացրել, մեզ շատ լավ ընդունել են, եւ նույնիսկ մեր մրցակիցների կանխատեսումներով՝ մինչեւ վերջին 2-3 օրը համարվում էինք ֆավորիտներից մեկը։ Բայց վերջին 2-3 օրերին անհասկանալի բաներ կատարվեցին»,- ասաց քաղաքագետը։