Երեւան-Փարիզ-Երեւան թռիչքն` առանց ուղեբեռի, 505 հազար դրամ է դարձել. Ծանոթացեք ավիատոմսերի նոր գներին

Երեւան-Փարիզ-Երեւան թռիչքն` առանց ուղեբեռի, 505 հազար դրամ է դարձել. Ծանոթացեք ավիատոմսերի նոր գներին

Ավիատոմսերի ոլորտում նկատվում է գների անհավանական աճ։ Նախորդ տարիների հետ համեմատականներ անցկացնելով, կարող ենք ասել, որ մոտավորապես 30 տոկոսով բարձրացել են տոմսերի արժեքները։

«Քանի որ բացվել են եվրոպական երկրների թռիչքները, պահանջարկը հիմնականում  այդ երկրների ուղղություններով մեծացել է, բայց ավիատոմսերը մատչելի չեն։ Այս տարի համեմատած նախորդ տարիների հետ բավականին գնաճ կա»,- մեզ հետ զրույցում ասաց «ԱՆՌԻՎԱ» տուրիստական գործակալության տուր- մենեջեր Նաիրա Գևորգյանը։

Նրա խոսքով, թռիչքները միշտ էլ  եղել են, սակայն, քովիդով պայմանավորված, քանի որ երկրները փակ են եղել, եւ հիմա նոր-նոր բացվում են` ավիաընկերություններն առիթից օգտվում են և բարձրացնում գները։

«Թանկացնում են՝ ներկայացնելով ինչ-որ անհասկանալի պատճառներ․ կամ քովիդով պայմանավորված, կամ՝ թռիչքների։ Չգիտեմ, նույն կանոնակարգված թռիչքներն իրականացվել են նույն ուղղություններով, թեկուզ՝ նույն տարանցիկ երկրներով։ Նախկինում տարանցիկ երկիրը՝ հիմնականում մատչելի արժեքով տալիս էր, նույն Ուկրաինայով։ Հասկանալի պատճառներով այսօր այդ ուղին փակ է։ Այս պահին, քանի որ իրենցով չենք կարողանում թռիչքներ իրականացնել, հարմար արժեքներ ունենում ենք՝ Վիեննայով կամ Վարշավայով, նայած, թե որ ուղղությունն ու որ օրն է ընտրում ուղևորը, սա  շատ հարաբերական է»,- ասաց տուր մենեջերը։ 

Նաիրա Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փոփոխությունները շատ արագ են կատարվում։ Շատ մեծ գնաճ նկատվել է քովիդով պայմանավորված սահմանափակումները հանելուց հետո, պարզաբանում են, որ իբր քովիդից հետո վերականգնվում են։  

«Մեր ամենապահանջված թռիչքները այս տարի աբսուրդի հասնող արժեքների են հասել։ Նույն ավիաընկերությունները միշտ թռել են, այնպես չի, որ  ավելացրել են, կամ ինքնաթիռների թռիչքի պակաս է եղել։ Եղել են, որ որոշ թռիչքներ քիչ են եղել, քանի որ մտածել են, որ ինքնաթիռը չի լցվի։ Այսինքն, նախորդ վեց թռիչքի փոխարեն՝ թռել է 4-ը։ Բայց ամեն դեպքում պահանջարկը վաճառքի միշտ եղել է ու կա։ Իմ կարծիքով, ուղղակի առիթից օգտվում են՝ թե ավիաընկերությունները, թե ինչ-որ ընկերություններ, որոնք ներկայացնում են այս ոլորտը։ Եվրոպական այն երկրները, որոնք ունեն ուղիղ թռիչքներ, դրանք հիմնականում շաբաթական մեկ անգամ են լինում, կամ երկու։ Նախկինում, երբ որ նորմալ էր և կանոնակարգված, ունեինք նույնիսկ ավիաընկերություններ, որոնք ամեն օր թռնում էին։ Հիմա կամ շաբաթական մեկ անգամ է, կամ հանել են։ Բայց ավիաընկերություններ կան, որոնք շաբաթական մեկ անգամ ուղիղ թռնում են ու բավականին բարձր արժեքով», ասաց մասնագետը։ Նշեց նաև, որ տոմսերը հատկապես թանկանում են թռիչքին  մոտ օրերին։

Իսկ քաղաքացիները չե՞ն դժգոհում տուրիստական ընկերություններից, վերջինս նշեց, որ մարդիկ գիտեն, որ թանկացումները կապված չեն տուրիստական գործակալությունների հետ, և դա  բոլորին ընդհանուր մի ծրագրով տրամադրվող տեղեկատվություն է։

Մեր խնդրանքով «ԱՆՌԻՎԱ» տուրիստական գործակալությունը «Հրապարակին» տրամադրեց մարտ ամսվա ավիատոմսերի արժեքները որոշակի երկրների համար` այս պահի դրությամբ։ 
 
1) Երևան - Փարիզ - Երևան (ուղիղ թռիչք) 20․03 ․22 - 31․03․22- 505 հազար 405 ՀՀ դրամ (առանց ուղեբեռ)։
2 ) Երևան - Փարիզ - Երևան (թռիչքը՝ տարանցիկ երկրով (Վիեննա) 20․03 ․22 - 31․03․22 - 203 հազար962 ՀՀ դրամ (առանց ուղեբեռ)։
3 ) Երևան - Պրահա - Երևան (թռիչքը ՝ տարանցիկ երկրով (Վարշավա) 19․03․22 - 29․03․22- 226 հազար 868 ՀՀ դրամ (առանց ուղեբեռ)։
4 ) Երևան - Վիեննա - Երևան (ուղիղ թռիչք) 15․03․22 - 22․03․22 – 195 հազար 631ՀՀ դրամ (առանց ուղեբեռ)։
 5 ) Երևան - Լոնդոն - Երևան (թռիչքը՝ տարանցիկ երկրով (Վարշավա) 17․03․22 - 27․03․22- 219 հազար 343 ՀՀ դրամ (առանց ուղեբեռ)։ 
6 ) Երևան - Լոս Անջելես - Երևան (թռիչքը՝ տարանցիկ երկրով (Քաթար) 15․03․22 - 15․04․22 – 670 հազար 608 ՀՀ դրամ (2 ուղեբեռով)։

Հիշեցնենք, որ առանց ուղեբեռ թռիչքները մոտ 30 տոկոսով ավելի մատչելի են, քան ուղեբեռով թռիչքները, ուստի գներն ուսումնասիրելիս պետք է նաեւ դա հաշվի առնել: