Կուլակաթափություն. ինչու է իշխանությունը ներկաներին թողած՝ նախկինների ետևից ընկել

Կուլակաթափություն. ինչու է իշխանությունը ներկաներին թողած՝ նախկինների ետևից ընկել

Երկարատեւ մշակումներից հետո երեկ Ազգային ժողովի քննարկմանը դրվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, որով իշխանությունը  մտադիր է իրականացնել նախկինների թալանի վերադարձի օպերացիան։ Նախագծի զեկուցող՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը թեեւ հայտարարեց, թե պրոցեսը որպես «կուլակաթափություն» ներկայացնելը շահարկում է, սակայն քննարկման ընթացքն ու «Իմ քայլի» պատգամավորների խրոխտ ելույթները եկան հերքելու նախարարին եւ ապացուցելու, որ այն կուլակաթափության նպատակ է հետապնդում։ 

Օրինակ, օրենքը տարածվելու է անցած 10 տարիների վրա, որոշ բացառությունների դեպքում միայն կարող է ավելի հետ գնալ՝ մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը։ Սա նշանակում է, որ ի սկզբանե իշխանությունը որոշել է, որ թալանչիներ միայն անցած 10 տարում են եղել։
Կարգավորումները չեն տարածվում մասնավոր անձանց եւ գործարարների վրա, խոսքը պաշտոնատար անձանց մասին է։ «Բացառություն կարող են կազմել պաշտոնյաների հետ փոխկապակցված այն անձինք, որոնց անունով ձեւակերպված է կասկածելի ծագում ունեցող գույքը»,- պարզաբանեց Բադասյանը։

Օրենքի գործողության ոլորտում կներառվեն նաեւ «քրեական ենթամշակույթին» վերաբերող դեպքերը։ Ինչպե՞ս են պարզելու, որ գույքն ապօրինի է, եւ պետք է բռնագանձել։ Դատախազության ներքո կստեղծվի իրավասու մարմին․ «Ուսումնասիրության առաջին փուլում իրավասու մարմինը, առանց դրա մասին հայտարարելու, հավաքում է պոտենցիալ ապօրինի գույքի ձեռքբերման ու ծագման մասին տեղեկություններ։ Եթե օրենքով նախատեսված սահմանաչափը՝ 25 մլն դրամը գերազանցող գույք չի հայտնաբերվում, ուսումնասիրությունն ավարտվում է։ Հակառակ դեպքում վարույթը շարունակվում է, եւ իրավասու մարմինը դիմում է դատարան՝ հայցի անհրաժեշտ միջոցների ապահովման խնդրանքով»։ Վարույթի երկրորդ փուլում, ըստ նախարարի, իրավասու մարմինն արդեն պետք է տեղյակ պահի կողմերին։ Իսկ երրորդ փուլում գործի քննությունն արդեն կշարունակվի դատարանում՝ քաղաքացիական դատավարության ֆորմատով։ Մեղադրյալը պետք է ապացուցի իր անմեղությունը։ Ընդդիմադիր ԲՀԿ եւ ԼՀԿ ֆրակցիայի պատգամավորները փաստեցին, որ օրենքի գաղափարի առումով կա քաղաքական կոնսենսուս, եւ բոլորն են կողմ, որ պետությունից թալանվածը վերադարձվի պետությանը։ Վերապահումները կիրառվող գործիքակազմի հարցում են, որը, ըստ ԼՀԿ-ի, այնքան էլ հուսալի չէ, կասկածի տեղիք է տալիս, որ օրենքը իշխանությունն օգտագործելու է քաղաքական նպատակներով։ Նկատենք, որ օրենքի քննարկումը իշխանական ֆրակցիան վերածեց նախկիններին ասֆալտին փռելու հերթական օպերացիայի։ Ով չալարեց, նախընտրական ելույթ ունեցավ, թե պետությունից գողացածը «կոպեկ առ կոպեկ» ժողովրդին վերադարձնելու պրոցեսն ընթացքի մեջ է։

Ընդդիմության շարքերից փորձեցին «պադնոժկա» տալ գործընկերների ինքնամոռաց սլացքին, Նաիրա Զոհրաբյանը հուշեց, որ դատախազությունը պետությունից գողացվածը ոչ թե ժողովրդին, այլ պետբյուջե վերադարձնելու իրավասություն ունի։ Գեւորգ Պապոյանը նախարարի ելույթից հետո ցնծությամբ նկատեց․ «Նախագիծն արտացոլում է այն, ինչի պատճառով մեր երկրում հեղափոխություն եղավ, եւ քաղաքացիները մեզ հաճախ են հարցնում՝ այսքան կոռումպացվածների պարագայում ինչպե՞ս է, որ իրավական պրոցեսներ տեղի չեն ունենում»։ Տաթեւ Հարությունյանն էլ շարունակեց․ «Նախկին պետպաշտոնյաներ պետության միջոցների հաշվին դիզել են կարողություններ, կառուցել դղյակներ եւ հետո դրանք գրանցել մտերիմների անունով»։ Նրա խոսքով` այս օրենքով իրենք ուզում են հնի իրավական գնահատականը տալ եւ բացառել դրա կրկնությունը։ Ավելին՝ Հովհաննես Իգիթյանն էլ պահանջում էր օրենքը լրացնել, որպեսզի ոչ միայն գույքի վրա տարածվի։ «Նախկին պաշտոնյան Աֆրիկայում սպանում է էկզոտիկ կենդանիների. ես գները գիտեմ` ամենափոքր կենդանուն սպանելու սերտիֆիկատը սկսվում է 30 հազար դոլարից: Այնտեղ եղող կենդանիների վերաբերյալ խոսքը 50-100 հազար դոլարի մասին է: Դուք կարող եք գտնել 10 օրինակ: Այսինքն` այդ մարդն այնտեղ ծախսել է 1 մլն դոլար` միայն այդ կենդանիներին սպանելու եւ սելֆի անելու համար։ Կարծում եմ՝ երկրորդ ընթերցման ժամանակ այս հարցն ինչ-որ կերպ պետք է միասին փորձենք գտնել»,- հայտարարեց նա՝ ակնարկելով Ռոբերտ Քոչարյանին։
Այդուհանդերձ, նույնիսկ «հեղափոխականների» մոտ կային մութ հարցեր, թե ինչպես պետք է գողոնը վերադարձնեն։ Օրինակ, նույն Գեւորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե,  ինչպես են պարզելու, ենթադրենք, որեւէ նախկին պաշտոնյայի գույքի կասկածելի ծագումը, երբ նա ասում է, որ հայրն է այդ գումարը տվել, իսկ հայրն էլ ասում է, որ գյուղատնտեսությամբ է զբաղվել, տարիներ շարունակ իր եկամուտը դիզել բարձի տակ ու տվել պաշտոնյա որդուն․ «Ո՞նց եք պարզելու այս դեպքում, եթե գյուղատնտեսությամբ զբաղվելը հարկային դաշտից դուրս է»։ Նրա օրինակը զարմացրեց նույնիսկ ԱԺ նախագահին, Արարատ Միրզոյանը, անակնկալի եկած, դիմեց Պապոյանին՝ այդ ինչպես էլ հիմնավորեցիր։

ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանն էլ հիշեցրեց, որ սահմանադրական արգելք ունենք նման դեպքերի համար` անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալ չի կարելի։ 
Անդրադառնալով թալանածը ժողովրդին վերադարձնելու դիտարկումներին՝ պատգամավորը խորհուրդ տվեց իշխանականներին աչքերը բացել․ «Ընդամենը 300 մետր ներքեւ մի գեղեցիկ հիմնարկ կա, վրան էլ փակցված ՀՀ դրոշը, որտեղ մի նորընտիր դատավոր կա, որ ասում է՝ ես աշխատանքի չեմ գնում, քանի որ այնտեղ Սահմանադրական դատարան չկա»։

Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ աշխատանքի վայր գնալը դեռ աշխատել չէ, աշխատանքի գնալն աշխատանք կատարելն է, քանի որ աշխատավարձն աշխատանքային պարտականությունների կատարման դիմաց տրվող վարձատրություն է, եւ այն տվյալ անձին չի տրվում զուտ այդ պաշտոնում լինելու համար: Պետրոսյանը կարող էր հիշատակել նաեւ համատարած գանձագողության փաստը, թե ինչպես են պետական մարմիններում միլիարդների հասնող պարգեւավճարներ գրում իրենց։
Իսկ որ օրենքը կիրառվելու է ընտրովի, ակնհայտ դարձավ նախարարի ցրողական պատասխաններից։ Նա այդպես էլ հստակ պատասխան չտվեց Գեւորգ Պետրոսյանի այն հարցին, թե դատախազությունը որեւէ նախկին պաշտոնյայի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու համար պարտադիր պե՞տք է ունենա օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, «որով հաստատվում է օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարումը, եւ տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով», ինչի մասին նշված է նախագծում։ Բադասյանը հստակ չպատասխանեց։ Սակայն նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի այսօր։