Աշոտ Հովսեփյան․ Այլեւս վաղուց ինքնաճանաչման ժամանակն է
Ինչպես արդեն բազմիցս փաստարկված ճշմարտություն, իհարկե, հայտնի բան է, թե թշնամուդ հեշտ կհաղթես, եթե նրան լավ ճանաչես: Նմանապես հայտնի է նաև, որ մարդու թիվ մեկ թշնամին... դե իհարկե՝ հենց ինքն է, որ կա: Եվ ուրեմն ինքդ քեզ հաղթելու համար նախ անպայմանորեն պիտի սկսես քեզնից. այսինքն՝ քեզ ճանաչելուց: Այլ կերպ ասած՝ «Ծանիր զքեզ»: Սա մեկ անգամ չէ, որ արդեն ասել եմ, բայց կրկնությունը չի խանգարի: Ըստ այդմ՝ պիտի չզլանամ ևս մեկ անգամ փաստել հատկապես այդ առումով Սունյաց փրկիչ սպարապետի՝ Գարեգին Նժդեհի պնդման արդիականությունը, թե՝ «Գիտենք, որ ինքնաճանաչությամբ կարելի է տիրապետել այն տարերքին, որ հավիտենական է հայ էության մեջ... Հազար խորհուրդ ունի հայ հոգին, որ իր խանդավառ մարգարեին է սպասում, որ պիտի հայտնվի մի օր և այն բացահայտի մեզ», մանավանդ՝ որպես ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻՆ ընկալելու և ընդունելու հրամայական անհրաժեշտությունը:
Իսկ գուցե ճի՞շտ են այլ պնդումները, թե հոգին մութուխավար «առարկա» է (թերևս ավելի մեղմ պիտի հնչեր «առեղծված» եզրույթը) և ուսումնասիրության ենթակա չէ... Ահավասիկ, հեշտ ու հանգիստ փաստենք ու անցնենք առաջ: Ու ոչ մի ջանք՝ ինչ-որ բան անելու՝ սեփական ԵՍ-ը ճշմարտացիորեն բացահայտելու, ինքնաճանաչման, ինքնամաքրման... և ի վերջո ինքնափրկության ուղղությամբ: Ինչպես և դարեր շարունակ արել ենք, այսինքն՝ ոչինչ էլ չենք արել, ավելի ստույգ՝ անհրաժեշտ ջանք չենք թափել: Թերևս ավելի հեշտ բան չկա, քան սեփական կյանքը բարդացնելը: Ասում են, թե խելոքն իր սխալներից, իր փորձառությունից է սովորում, իսկ հիմարն՝ ուրիշների: Ու մենք այն հիմարը չենք անգամ, որ գոնե թե մեր սխալներից, մեր փորձառությունից դասեր քաղենք, սովորենք: Այնինչ հարկ էր այլոց թերություններին ի տես՝ ուղղել սեփական սխալներն ու վերացնել առկա թերացումները, թեկուզ ուժերի լարումով ջանքեր թափել ու եռանդ չխնայել՝ վեր ձգելու կքված մեջքն ու վերջապես վեր ելնելու ծնկած դիրքից...
Չեղած տեղը թերևս կարելի է նաև գործուն ուղեցույց ընդունել 19-20-րդ դդ. ամերիկյան փիլիսոփա, պրագմատիզմի գլխավոր ներկայացուցիչ Ջոն Դյուիի պնդումը, թե՝ «Իսկապես մտածող մարդն իր սխալներից քաղում է ոչ պակաս իմացություն, քան իր հաջողություններից»: Բայց դե մարդը (հատկապես մեր մարդը) չի կարողանում մոռանալ իր հաջողություններն ու ձեռքբերումները և հույլ ու հեղգ, հանգիստ ու անվրդով... ննջում դրանց դափնիների վրա։ Դե, իսկ վերջին հնգամյակում մեզանում տխուր փորձ է կատարվում՝ լիովին ու ամբողջովին մոռանալ և՛ հաջողությունները, և՛ ձեռքբերումները՝ որպես մեկ այլ ծայրահեղություն։ Այդ ամենի փոխարեն չգիտես ինչո՞ւ մարդը (մեր մարդը՝ հատկապես) բավականին հեշտ է մոռանում իր սխալներն ու ձախողումները, և ըստ այդմ՝ հաջողություններով ու ձեռքբերումներով անհարկի հպարտանալով (վերջին հնգամյակը չհաշված), այլև՝ հաջողություններն ու ձեռքբերումները հաճախ գերագնահատելով ու երբեմն էլ դրանցից մեծամտանալով, հետն էլ՝ սխալներն ու ձախողումները թերագնահատելով ու դրանցից դասեր չքաղելով, ու որ ավելի վատ է՝ անտեսելով, իսպառ մտահան անելով՝ նորանոր ձախողումների դուռն է բացում։
Այդ առումով Դերենիկ Դեմիրճյանի հիրավի՛ ճշգրիտ ախտորոշումները (հուսով եմ ընթերցել եք նրա գրչի արգասիք «Հայը» և «Ավելորդը») հենց այն են, ինչ մեզ անհրաժեշտ են ճանաչելու մեր բնույթը, մեր ԵՍ-ը, իմանալու մեր թեր ու դեմ կողմերը։ Մինչդեռ ժամանակին անմտաբար ականջալուր չենք եղել ճշմարիտ խոսքին և անտեսել ենք ախտորոշումը։ Ու հիմա էլ դեռ շարունակում ենք ականջալուր չլինել ճշմարիտ խոսքին, էլի անտեսել ախտորոշումը: Իսկ դասականն այնուհանդերձ չի զլացել ու փորձել է մի բան հասկանալ հայից՝ այդ տարօրինակ, որոշ առումներով հանելուկային արարածից, որ մի խաբուսիկ երևույթ է ինքնին, ըստ իր նկարագրի՝ ոտքից գլուխ հակասական ինքնությամբ, ում չափը չափազանցն է՝ ծայրահեղության աստիճանի հասնող ու... միաժամանակ առկա և բացակա՝ իր բազում ու բազմազան օրիենտացիաներով, որոնց ձեռքը կրակն է ընկել։ Ու թե վերոհիշյալ արձանագրումները՝ մարդու և իր թշնամու, դրա հետ մեկտեղ՝ իրեն ու իր թշնամուն ճանաչելու առնչությամբ, մարդ-անհատ նախանշված հարթությունից տեղափոխենք մեկ այլ՝ ազգ-հասարակություն հարթություն, ինչպես արդեն նախորդ հրապարակման մեջ եմ նշել, հիրավի՛ սխալված չենք լինի, եթե պնդենք, որ մեր պարագայում թերևս հենց մենք ենք մեր ամենամեծ թշնամին:
Շատ հեռու չգնանք, վկա՝ անկախացումից հետո (և հատկապես՝ վերջին հնգամյակի), մեր ու մեր «մեծավորաց» կողմից հանդես բերված շատ ու շատ անընդունելի (իսկ վերջին հնգամյակում՝ վնասակար ու աղետաբեր) դրսևորումները, ի հետևանք ինչի՝ մեր ՙօգուտը՚ եղել են հազարամյա փուչ ու անլուր, անհանգրվան, այլև միանգամայն անհասկանալի մեր դեգերումները լոկ, և ի արդյունս՝ ներկայիս խորախոր անկումային վիճակները և աննահանջ հետընթացն ու սպասվելիք... արմագեդոնը։ Եթե չձեռնարկենք ոչինչ, ու ոչ մի քայլ չանենք դեպի փրկություն։ Մեր իսկ փրկություն։ Այդ առումով կարծում եմ աստ նորեն ու նորեն ախտանիշային դիպուկ ու երկարուձիգ ինչ-ինչ թվարկումների անհրաժեշտություն չի´ք. կրկնեմ ընդամենը, որ ըստ իս հիմնականում ճիշտ են ու ճշգրիտ Դերենիկ Դեմիրճյանի ախտորոշումները: Բայց ախտորոշումն իհարկե անհրաժեշտ, սակայն բնավ բավարար պայման չէ բուժման համար: Իսկ ի՞նչ անել. չարաբաստիկ հարց, որ դարեր շարունակ լուծման է կարոտ:
Ահավասիկ, ինչ անելու խնդրի լուծմանը միտված բանալիներից մեկը, եթե ոչ՝ կարևորն ու գլխավորը տվել է բոլոր ժամանակների մեր մեծ զորավարներից մեկը, որ նաև խորախորունկ գաղափարաբան էր հիրավի: Եվ ուրեմն՝ այսպես, Գարեգին Նժդեհի «Ցեղակրոնության հավատամքը» սահմանում է. «Մի ժողովուրդ, որը ինքն իրեն դեռ չի նվաճել, իսկ ինքնանվաճումը հնարավոր է միայն ինքնաճանաչման ճամփով, ընդունակ չէ, արժանի չէ մեծագործությունների… Հայությունը ցեղաճանաչությամբ միայն կկարողանա իր էության չգիտակցված ուժերը լծելու գոյամարտի գործին… Ցեղակրոնությունը - ցեղի ճանաչումն է դա, ճանաչումը մի գերբնական ՈՒԺԻ, ԷՈՒԹՅԱՆ: Այդ ՈՒԺ-ԷՈՒԹՅՈՒՆԻՑ ծնված լինելու գիտակցությունն է դա: Այդ ՈՒԺ-ԷՈՒԹՅԱՆԸ ցմահ հավատարիմ մնալու ուխտն է դա...»:
Այսինքն, ցեղակրոնության հիմքում հենց ինքնաճանաչումն է, այն՝ ինչ որ առնչվում է բուն Էությանը, իսկ ըստ նույն Գարեգին Նժդեհի՝ «Ցեղը ավելի շուտ հոգի է` քան կավ»: Ցեղը (իմա` ազգը) ժողովրդի (ըստ իս՝ նրա գիտակից մասի) հավաքական ներաշխարհն է, նրա աշխարհայացքը, բարոյականությունը, էթնոհոգեբանությունն ու ինքնագիտակցությունը, անսասան հավատամքը, որոնցով հենց շահեկանորեն տարբերվում է էթնիկական հանրույթի այլ` ավելի ցածր կարգավիճակներից (ազգույթ, էթնոս, տոհմ ևն):
Ու թե հոգին մութուխավար «առարկա» (թերևս ավելի մեղմ ասած՝ առեղծված) չդիտելու դեպքում՝ այն անհրաժեշտաբար պիտի ուսումնասիրության ենթարկվի, ապա պիտի անմնացորդ ջանալ, ըստ այդմ՝ մեկ անգամ ևս կրկնենք, որ «Ծանիր զքեզ» արձանագրումը երբևէ չդաջվի հայոց հանուր տապանաքարին, դրանից ածանցյալ՝ պիտի գործնականում ամենեքյան հետամուտ լինել ազգային համընդհանուր ցավի ճշգրիտ ախտորոշումից բխող բուժման ընթացքին, առանց ավելորդ ու անհարկի ցուցադրականության, որպես գրավական ազգային ու համընդհանուր ապաքինման ու վերջնական առողջացման:
Այսպիսով՝ «Ծանիր զքեզ»: Ծանիր զքեզ ու հիշիր անցյալդ: Ծանի՛ր զքեզ՝ հրամայաբար: Հիշի՛ր անցյալդ՝ անհրաժեշտաբար: Միշտ հիշի՛ր: Ու դասեր քաղի՛ր: Հրամայաբա՛ր: Անհրաժեշտաբա՛ր: Հիշի՛ր անցյալդ առանց ողբուկականի, հիշի՛ր անցյալդ անաչառորեն՝ վերագնահատելով ու սրբագրելով, և անվարան առաջ շարժվիր պատմության քառուղիներով՝ արժանավայել ապագա կառուցելու հստակ նպատակադրմամբ: Անկասկած սա պիտի լինի բուժման, ապաքինման ու վերջնական առողջացման ուղին: Եթե նաև հետամուտ լինենք 19-րդ դարի ամերիկացի մեկ այլ փիլիսոփա տրանսցենդենտալիստ և բանաստեղծ Ռալֆ Էմերսոնի մի ասույթից բխող խորհրդին՝ «Միտքը՝ ծաղիկ, բառը՝ սերմնարան, արարքը՝ պտուղ» ու մեր մեջ խորունկ մտքի ծաղկունք ծլարձակեցնենք բառասերմի ցանքսից, ապա մեր բարի և առաքինի արարքներով քաղցր ու բարի պտուղներ կարող ենք քաղել, անշուշտ։ Այլապես՝ ոչ համարժեք վարմունքի դեպքում՝ չարությամբ անսպառ չար ու դառը պտուղները լոկ բաժին կհասնեն մեզ:
Կարծիքներ