Քաղաքապետարանը չի կարող աղբահանության հարցը լուծել, որովհետև ունի իր ծրագրերն ու շահերը

Քաղաքապետարանը չի կարող աղբահանության հարցը լուծել, որովհետև ունի իր ծրագրերն ու շահերը

14 տարի Ռուսաստանում գործող աղբի վերամշակման գործարանում աշխատելով որպես կառավարիչ` Սարգիս Մինասյանը ցանկանում է նույն արդյունավետ փորձը ներդնել նաեւ Հայաստանում եւ լուծել վերջին ամիսներին խիստ հրատապ դարձած աղբահանության խնդիրը։   

Ըստ նրա ծրագրի՝ Սովետաշենում պետք է տեղադրվի աղբի տեսակավորման գործարան, որը թույլ կտա օրական մինչեւ 200 տոննա աղբ տեսակավորել։ «Հետագայում ծրագրի մեջ նախատեսված է նաեւ վերամշակման հարցը, որը կախված է ներդրողներից։ Եթե ներդրող հայտնվի, կարող ենք սկսել թղթի եւ պլաստմասսայի վերամշակումից։ Թղթից կարող ենք ստանալ ձվի տուփեր, իսկ պլաստմասսայից ՝ պլաստմասսե շշեր։ Հետագայում կտեսնենք, թե Սովետաշենի աղբավայրն ինչպես կարող ենք կարգի բերել, որովհետեւ այն սարսափելի վիճակում է գտնվում, ես՝ ինքս, ականատես եմ եղել, թե ինչ է կատարվում այնտեղ՝ մի ահավոր վիճակ»,- ասում է նա ու հավելում՝ քանի որ մասնագիտությամբ ժամագործ-ոսկերիչ է, իր ստեղծած մեխանիզմներն աշխատում են անխափան։             

Սարգիս Մինասյանի կարծիքով, Հայաստանում աղբահանության հարցը չի լուծվի, եթե անգամ 20 կամ 50 մեքենա ավելացվի, որովհետեւ ոչ մի քաղաքում ամսավճարով չեն աշխատում, աղբահանությունն աշխարհում կատարվում է խորանարդ մետրով եւ տոննայով․ «Այսինքն՝ մեքենան բարձվեց 10 տոննա, տեղափոխողը ստանում է 10 տոննայի վճարը, որը պետք է լինի թե՛ իր, թե՛ քաղաքի համար արդյունավետ։ Իսկ մեր երկրում կատարվում է ամսավճարով։ Խնդիրը հենց դրա մեջ է, որովհետեւ մեքենաները շահագրգռված չեն մեկ սմենի մեջ կատարել 2 եւ ավելի ռեյս։ Այսօր տեսա, որ աղբի դատարկ մեքենան աղբի կողքով գնում է ու աղբը չի տանում, որովհետեւ ծայրից ծայր են վազում»։

Աղբահանության խնդիրը լուծելու համար, ըստ նրա, պետք է նախեւառաջ լինի աղբի ընդունման տեղ։ «Աղբը պետք է ունենա իր տունը, եթե աղբը տուն չունեցավ, կմտնի մեր տները, փողոցները։ Ես նկատի ունեմ ոչ թե աղբի վերամշակման տեղը, այլ աղբի ընդունման կետը, որտեղ տեղադրվում է կշեռք, աղբատար մեքենան մտնում է աղբանոց, կշռվում է, հետո դատարկվում ու դուրս գալուց նորից կշռվում, ինչի հիման վրա էլ կատարվում են վճարումները։ Բերել են 10 տոննա՝ ստանում են 10 տոննայի արժեքը»,- ասում է նա ու նկատում, որ Նուբարաշենի աղբավայրի տարածքն ու հնարավորությունները ներում են՝ ողջ ծավալով կատարելու աղբահանություն։ Այդ դեպքում ինչո՞ւ նորմալ աղբահանություն չի կատարվում։ «Որովհետեւ սխալ է կազմակերպված, հետո, ինչպես ասացի, վարձավճարի հարցը կա։ Ես ունեմ նաեւ մեկ այլ տարբերակ, որը կարելի է կազմակերպել՝ առանց բյուջեին կպնելու, բայց այդ հարցը ես կքննարկեմ միայն վերադասի հետ, քանի որ կարող է խոչընդոտ հանդիսանալ ներքին խավի ղեկավարության շահերին»։

Իր ծրագիրը Սարգիս Մինասյանն ուղարկել է քաղաքապետարան, որտեղ պահանջել են ներկայացնել գործարար ծրագիր, ինչը ներկայացնելուց հետո նրան հրավիրել են քաղաքապետարան։ Այստեղ նա հանդիպել է փոխքաղաքապետի, կոմունալ վարչության պետի հետ, որոնք իրեն բանավոր հայտնել են, որ իր ներկայացրած ծրագիրը չի համապատասխանում իրենց նորմերին եւ մասշտաբին։ «Ես հիմա պատրաստվում եմ ներկայացնել ավելի խոշոր ծրագիր, չնայած որ ճիշտ եմ համարում սկսել փոքրից, նոր մեծացնել մասշտաբները»,- ասում է Մինասյանն ու հավելում, որ այս պահին ունի պայմանավորվածություն 3 միջազգային կազմակերպության հետ, որոնցից մեկն առաջիկայում կլինի Հայաստանում։ Հանդիպումից հետո պարզ կլինի, թե ինչ համագործակցության եզրեր կարող են լինել․ «Իհարկե, ցանկալի է, որ մեր ղեկավարությունը միջնորդի եւ այդ ամենը կազմակերպի»։

Ս․ Մինասյանը նկատում է՝ իր ծրագիրը հստակ է, որի մանրամասները ցանկանում է քննարկել վարչապետի հետ, քանի որ կարծում է՝ քաղաքապետարանը չի կարող աղբահանության հարցը լուծել, որովհետեւ ունի իր սեփական ծրագրերն ու շահերը։