Ունենք ձախողվող իշխանություն

Ունենք ձախողվող իշխանություն

Ի՞նչ տվեց մեզ թավշյա հեղափոխությունը, ի՞նչ խնդիրների առջեւ ենք այսօր. զրուցել ենք ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին փոխնախարար Հակոբ Մաթիլյանի հետ:


- Մեզանում, կարծես, մշակույթ է ձեւավորվում՝ ամեն ինչի սկիզբ ընդունել 2018-ի ապրիլյան հեղափոխությունը: Այդ տարեթվով են այսօր կատարվում նոր եւ նախկին իշխանությունների, նաեւ նրանց կողմնակիցների բոլոր տարանջատումները: Հարցս տարօրինակ կարող է հնչել, բայց ասացեք, խնդրեմ՝ Դուք Ձեզ նախկին համարո՞ւմ եք:

- Եթե հիմք ընդունենք զուտ ժամանակային տարանջատումը՝ այո, այնքանով, որ համագործակցել ենք նախկին իշխանությունների հետ, պատասխանատվություն ստանձնել: Այս առումով ամաչելու բան չունենք: Իսկ եթե հարցը դիտարկենք քաղաքական տեսանկյունից, ապա դեռ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 2018-ին: Ինձ համար, օրինակ, վիճելի են պնդումները, թե Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել: Իշխանափոխությունն արդեն կատարված փաստ է, բայց հո ամեն իշխանափոխություն հեղափոխություն չէ՞: Դատեք ինքներդ՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել ՀՀ գործող օրենքներով՝ ԱԺ քվեարկությունների արդյունքում (չնայած ճնշումներին): Այդ ընթացքում եւ այսօր էլ մեր պետական ինստիտուտները գործում են Սահմանադրությանը համապատասխան: Իմ համոզմամբ՝ հեղափոխություն, այդ բառի արժեքային իմաստով, մեզանում տեղի չի ունեցել, որ մի բան էլ ասենք՝ հեղափոխությունից առաջ եւ հետո:

- Այդուհանդերձ, ժողովրդական ընդվզումները բերել են իշխանափոխության, որը, ինչպես ասացիք, կատարված փաստ է:

- Այո, տեղի է ունեցել անցնցում իշխանափոխություն, որը պետք է հանգեցներ լուրջ բարեփոխումների: Բայց այսօր ունենք իրավիճակ, երբ, իմ կարծիքով, ավելի կոռեկտ կլինի կատարվածը «տեղափոխություն» անվանել, մարդկանց տեղափոխություն՝ երկրի ղեկավարի, առանցքային պաշտոնյաների (ոչ բոլոր), նախարարների, մարզպետների, պատգամավորների (ոչ բոլոր) եւ այլն: Այսպես եղել է միշտ: Նախագահ է փոխվել, վարչապետներ, եկել են նոր կառավարություններ: Միակ տարբերությունը, թերեւս, այն է, որ այս անգամ իշխանափոխությունը կատարվել է, այսպես ասենք, ժողովրդական բողոքի եւ ընդվզման արդյունքում: Իսկ այն, որ նոր իշխանություններն անընդհատ փորձում են առաջին պլանում պահել իրենց եւ նախկինների միջեւ եղած «հակասությունները», սեփական ծրագրեր եւ պետության ղեկավարման մասին տարրական պատկերացումներ չունենալու հետեւանք է: Դա սեփական անկարողությունը քողարկելու եւ ինքնահաստատվելու հանրահայտ ձեւերից մեկն է: Կարծում եմ՝ սա զարգացումը բացառող իշխանություն է:

- Պարոն Մաթիլյան, բայց, վստահաբար, չի կարելի ասել, թե հեղափոխությունը դրական ոչինչ չի բերել: Ընդունում ենք, չէ՞, որ տեղի ունեցածը ժողովրդական ընդվզման հետեւանք էր: Իսկ ժողովուրդը հենց այնպես չի ընդվզում:

- Իհարկե, ժողովուրդը հենց այնպես չի ընդվզել: Տարիներով կուտակված խնդիրներն են պատճառը: Եվ այս ամբողջ պատմության մեջ ամենադրականը թերեւս ժողովրդի մեջ արթնացած հույսն էր, որ ի վերջո զարգացման հեռանկարներ են բացվելու, արդարություն է հաստատվելու երկրում: Արդյոք հենց արդարության պահա՞նջը չէր, որ փողոց էր հանում 100 հազարավոր մարդկանց: Ոչ ոք չէր էլ մտածում, թե իշխանափոխության հաջորդ օրվանից արդեն լավ է ապրելու: Բայց մարդիկ վստահ էին, որ արդարություն է հաստատվելու, գործելու են օրենքները, բարեփոխումներ են լինելու, ինչն աստիճանաբար հանգեցնելու է բարեկեցության: Ցավոք, այդ միակ դրական բանը՝ հույսը, սկսել է մարել՝ տեղի տալով ծանր հիասթափության:

- Որպես նախկին իշխանությունների ներկայացուցիչ՝ ասացեք, խնդրեմ՝ ո՞րն է իշխանության դժվարության օրերին ընդդիմության դերը: Գուցե անվերջ քննադատելու փոխարեն պետք է իշխանության մատից փո՞ւշ հանել, աջակցել, ընդհուպ՝ սեփական իմիջի հաշվին:

- Այդ մեկը լավ եք ասում՝ աջակցել, օգնել… Գոնե ՀՅԴ-ին չի կարելի մեղադրել, որ պետականամետ չի եղել եւ չի փորձել պատասխանատվության իր բաժինը ստանձնել: 2018թ. իշխանափոխությունից հետո մենք ենք առաջինը հայտարարել, որ վերադարձ անցյալին չի լինելու: «Լինելով», այսպես կոչված, նախկին՝ նախարարներ ենք ունեցել նոր կառավարությունում, մարզպետներ, ԱԺ-ում մեր քվեարկություններով սատարել նորահաստատ կառավարությանը, մեր համաշխարհային կառույցներով նպաստել Նիկոլ Փաշինյանի միջազգային հեղինակության բարձրացմանը: Բայց ո՞րը եղավ իշխանությունների պատասխանը: Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություննե՞րը, դեկտեմբերի 9-ի հապճեպ ընտրություննե՞րը, դեկտեմբերի 10-ին Փաշինյանի կեղծ զարմա՞նքը, թե «արա՛ա՛ա՛, Դաշնակցությունը չի անցե՞լ խորհրդարան»: Իսկ գուցե ընդվզած ժողովո՞ւրդն էր նոր կառավարությունից պահանջում նսեմացնել արցախյան պատերազմների հերոսներին ու գեներալներին, «ապրիլյան հեղափոխությունը» հռչակել մեծագույն հաղթանակ, հալածանքներ սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ, այնքան ոգեւորել ոմանց, որ լկտիաբար ներխուժեն ոստիկանական բաժանմունք ու հարձակվեն ոստիկանների վրա:

Այստեղ միայն ՀՅԴ-ի հարցը չէ: Համընդհանուր էյֆորիան ողջ քաղաքական դաշտն է խաթարել: Որոշ իշխանավորներ նույնիսկ հայտարարում են՝ Հայաստանում ընդդիմություն չկա: Փորձենք հասկանալ՝ թողե՞լ են, որ լինի: Գրեթե 1995-ի պատկերով ԱԺ, որտեղ մեկ ուժի բացարձակ իշխանություն է, որտեղ մյուսները որեւէ ազդեցություն չունեն եւ չեն կարող որեւէ կերպ կառավարության գործունեությունը վերահսկել: Սա լրջագույն խնդիր է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում: Եվ ամենեւին էլ պատահական չէ այն կարծիքը, որ քաղաքականությունն այսօր դուրս է ԱԺ-ից՝ փողոցում է կամ սոցցանցերում: Հանրությանը հուզող հարցերն ԱԺ-ում եւ կառավարությունում քննարկելու փոխարեն, իշխանության ներկայացուցիչներն ու պատգամավորները բավարարվում են սոցցանցային գրառումներով, «լայվերով»: Վարչապետը կառավարության նիստերը վերածել է մենախոսության հարթակի, փորձում է երկիրը կառավարել սոցցանցերում ունեցած էջերով: Ինչ-որ չափով նույն ընթացքի մեջ են նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, որոնք այդ նույն սոցցանցերում են հակադարձում իշխանություններին: Խորհրդարանից դուրս ընդդիմություն գոյություն ունի: Այսօր այդ ուժերի լուրջ վերադասավորումներ են ընթանում՝ ՀՅԴ առանցքային դերակատարմամբ: Մեր հանդիպումները տարբեր քաղաքական միավորների եւ գործիչների հետ, որոնք ունակ են եղանակ ստեղծել ընդդիմադիր դաշտում, այդ դաշտը վերականգնելու, քաղաքական պայքարի տրամադրելու, իշխանությանն այլընտրանք ձեւավորելու, համախմբելու նպատակ են հետապնդում:

- Ձեր խոսքից հասկացա, որ ապրիլյան հեղափոխության դրական կողմերի մասին շատ բան չունեք ասելու: Իսկ եթե փորձեք թվարկել նոր իշխանությունների սխալ քայլերը, որոնք հասցնում են հիասթափության, որո՞նք կառանձնացնեք:

- Վերեւում մի քանի քայլի անդրադարձա, չեմ կրկնի: Հավելեմ, որ Փաշինյանի կառավարության լրջագույն սխալներից են անցյալի մեջ թաղվելը, դատաիրավական համակարգը սեփականաշնորհելու բացահայտ արշավը: Իր բուռը հավաքելով օրենսդիր եւ գործադիր իշխանությունը՝ Փաշինյանն աշխատում է յուրացնել նաեւ դատական իշխանությունը: Սա մենիշխանություն հաստատելու ամենակարճ ճանապարհն է, որից հետո կմնա միայն թագավորության հռչակումը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ Փաշինյանն այդ ճանապարհն է ընտրել Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված դատական պրոցեսի շրջանակներում: Այդ գործի հետ կապված՝ մենք ամեն ինչ տեսանք՝ շտապողականություն, թափթփվածություն, դիլետանտիզմ, դատարանների ու դատավորների բացահայտ ճնշումներ: Սա ի՞նչ է, եթե ոչ դատախազության եւ վերաքննիչ դատարանների լիազորությունների յուրացում: Կարծում եմ՝ տեղին կլինի հիշել ՀՅԴ 2018թ. հուլիսի 27-ի հայտարարությունը ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման կապակցությամբ, որտեղ մտահոգություն ենք հայտնել, որ դատավարության արդար ընթացք չապահովելու դեպքում դա կարող է դիտվել քաղաքական հետապնդում: Հիմա տեսնում ենք, որ խախտումները բազմաթիվ են: Հիշեք հայտնի գաղտնալսումները, Փաշինյանի մեծադղորդ հայտարարությունը, թե Հայաստանում կա՞ մի դատավոր, որ իր ասածը չի անի, բացահայտ ճնշումներ դատարանների վրա, քրեական գործերի հարուցում դատավորների դեմ… Այս ամենը եւս մեկ անգամ հաստատում է, որ իրականացվողը քաղաքական հալածանք է:
Անշուշտ, հիասթափեցնում է նաեւ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը: Նույն անորոշությունն է տիրում նաեւ Արցախի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, չգիտենք էլ՝ ուր են հասել դրանք, առհասարակ՝ շարունակվո՞ւմ են, թե՞ ոչ: Իսկ այս հարցում ամենաթարմ կուրիոզն էլ վարչապետի իրարամերժ հայտարարություններն են՝ մեկը, որ ինքը չի կարող բանակցել, որովհետեւ չունի Արցախի ժողովրդի մանդատը, մյուսը, որ Արցախը Հայաստան է եւ վերջ: Փաշինյանը նաեւ ցանկանում է, որ ժողովուրդն իրեն ասի, թե Արցախի հարցի ինչպիսի լուծում է ուզում: Դրա փոխարեն, կարծում եմ, նա կարող է կրկին այցելել Եռաբլուր եւ Ստեփանակերտի պանթեոն, որից հետո իր համար ամեն ինչ պարզ կլինի:

- Պարոն Մաթիլյան, ավարտին է մոտենում կառավարության կառուցվածքային փոփոխությունների գործընթացը: Հազիվ թե հնարավոր լինի ասել, որ նախարարությունների կրճատումով կրճատվել են մեր խնդիրները, բայց որպես գործադիրում փորձ ունեցած նախկին պաշտոնյա՝ ի՞նչ ունենք այս պահին:

- Ավելի ճիշտ է ասեմ՝ ի՞նչ չունենք: Չունենք գյուղատնտեսության նախարարություն՝ այն դեպքում, երբ երկրի ՀՆԱ-ի շուրջ քառորդն ապահովում էր գյուղոլորտը, որը, ի դեպ, մեր տնտեսության զարգացող եւ ամենահեռանկարային ճյուղն էր: Չունենք սփյուռքի նախարարություն, թեեւ հսկայական եւ տարածուն սփյուռք ունենք, չունենք մշակույթի նախարարություն, թեեւ լրջագույն խնդիրներ ունենք մեր հուշարձանների պահպանության, մեր մշակույթն աշխարհին ներկայացնելու առումով: Արվածը, իմ կարծիքով, փորձ էր՝ իբր ձերբազատվելու նախկին ուռճացված համակարգից: Եթե նույնիսկ համարենք, որ ուզեցել են լավ բան անել, ապա պետք է խոստովանել, որ ընտրվել է դա անելու ամենավատ տարբերակը՝ առանց նախապես ճշտելու սկզբունքներն ու առաջնահերթությունները: Այլ խոսքով՝ առանց որոշակի ծրագրի: Եվ հիմա համակարգերը գրեթե կաթվածահար են:

- Ամուլսար եւ Ստամբուլյան կոնվենցիա․ մամուլում սրանք բնութագրվում են որպես գործող իշխանությունների փորձաքար, նույնիսկ հրապարակում եղավ, որ Ամուլսարի հետագա շահագործմանը տված համաձայնությամբ Փաշինյանը, ըստ էության, սկսեց իր իշխանության հետհաշվարկը: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

- Ամուլսարի հանքի շահագործել-չշահագործելու հարցում տեսակետների պակաս իսկապես չկա: Այլ հարց է, թե որն է այս իրավիճակից ելքը: Այդ խնդիրն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ իշխանությունները շահարկում են եւ այն էլ՝ իրենց ամբոխավար էությանը համահունչ: Այսօր, սակայն, կանգնել են իրականությանը դեմ-հանդիման եւ չեն կարողանում որոշում կայացնել: Սա, ինչ թաքցնենք, նաեւ մեր անկախությանը եւ ինքնիշխանությանն առնչվող հարց է, որը չի կարելի լուծել ֆեյսբուքյան «լայվով» կամ, ասենք, բնապահպաններին ու ջերմուկցիներին ասֆալտին փռելով:

Մեզ նման փորձություն է սպասվում նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված: Կարծում եմ՝ կոնվենցիայի դեմ ստորագրահավաքի կազմակերպիչների մի բացթողումն էլ այն էր, որ հարեւանությամբ մի սեղանիկ էլ չէին դրել՝ «կողմ» ստորագրությունները հավաքելու համար: Այդ դեպքում պատկերն ավելի հստակ կլիներ, իսկ կառավարության համար որոշում կայացնելը կհեշտանար, եթե, իհարկե, մեր «անկախ» կառավարության վրա այս հարցում ճնշումներ չկան:

Աշոտ ՍԱՀԱԿՅԱՆ