«Հրապարակ». Ով արցախասպանության գործում ունեցել է իր ներդրումը, քթի ծակերով դուրս է գալու

«Հրապարակ». Ով արցախասպանության գործում ունեցել է իր ներդրումը, քթի ծակերով դուրս է գալու

Մեր զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար, ԱՀ նախագահի խորհրդական - հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

- Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը նախօրեին հայտնեց, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին` Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանն առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան։ Սա՞ է արդյոք Արցախի ակնկալիքը Հայաստանից։ Ի՞նչ կարելի է ակնկալել միջազգային դատարանից այս իրավիճակում, երբ նախորդ որոշումն Ադրբեջանը չկատարեց` չբացեց ճանապարհը։ 

- Ես ուզում եմ արձանագրել, որ մենք գտնվում ենք պատմական ծանրագույն իրավիճակում եւ մի կողմ պետք է դնենք ներքաղաքական հարցերը, արդեն հոգնել ենք ամեն ինչից։ Մենք եկել կանգնել ենք օրհասական պահի՝ կա՛մ Արցախը լինում է, կա՛մ չի լինում, բոլորդ պատասխան եք տալու՝ դու, ես, բոլորդ: Մեկը` իր անգործությամբ, մեկը` իր սխալ գործունեությամբ, մեկը` հակագործունեությամբ, հիմա այն ժամանակը չէ, որ մենք իրար ուտենք։

- Մեր բոլորիս պատասխանատվության չափը տարբեր է, ինչո՞ւ եք ինձ կամ ինձ պես՝ որոշումների վրա չազդող մարդկանց հավասարեցնում․․․․

- Խոսքն անձամբ Ձեր մասին չէ, խոսքս ընդհանուր է ուղղված։ Հիմա ինչո՞ւմն է խնդիրը. գուցե ֆորմալ առումով պետք է դիմել Հաագայի դատարան, բայց դա չի լուծելու հարցը: Հասկանում եմ՝ ֆորմալ ընթացակարգերը պետք է պահել. դիմենք Հաագայի դատարան, չգիտեմ ինչ դատարան, ուզում է Հռոմի պապին դիմենք, բայց սրան զուգահեռ, պետք է շատ կոշտ, ազնիվ քննարկումներ ունենալ առաջին հերթին Ռուսաստանի, այնուհետեւ՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ, տեսնենք՝ ինչ են ուզում սրանք բոլորը։ Վերջապես ժամանակն է, Արցախն այդ իրավունքը վաստակել է՝ Ռուսաստանի հետ առանց գլուխը կախ խոսելու, որովհետեւ մենք մեծ ներդրում ենք ունեցել ՌԴ-ի անվտանգության ապահովման գործում՝ երկրորդ աշխարհամարտ, առաջին, ռուսական կայսրություն, Խորհրդային Միություն, գիտություն, տնտեսություն, ամեն-ամեն ինչում։

- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2 ամիս առաջ Բաքվում պնդեց, որ անցակետ չի կարող տեղադրվել, քանի որ դա նախատեսված չէ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ձեր կարծիքով, ՌԴ-ի հետ պայմանավորվածությա՞մբ է, որ ադրբեջանցիներն անցակետ են տեղադրում, թե՞ պարզապես ՌԴ-ն  չի կարողանում դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմին։

- Դրա համար եմ ասում, որ պետք է անկեղծ զրույց ունենալ, գլուխներս բարձր, եւ ասենք՝ ի՞նչ եք դուք ուզում։ Եթե այդ չարաբաստիկ, զզվելի պայմանագրով նման բան չկա գրված, իսկ դուք, այսպես կոչված, երաշխավոր եք կոչվում, կարողանո՞ւմ եք ապահովել, թե՞ չեք կարողանում, իրենց հե՞տ եք, չեզո՞ք եք, թե՞ ուղղակի որպես երաշխավոր եք։ Այ մարդ, եթե իրենց հետ եք, չենք նեղանում, շնորհակալ ենք, մեզ ասեք, մենք մեր գլխի ճարը տեսնենք, եթե իրենց հետ չեք, բարի եղեք ձեր պարտականություններն իրականացնել։

- Ձեր գնահատմամբ՝ իրավիճակի միակ պատասխանատուն Ռուսաստա՞նն է, ինչպես պնդում են ՀՀ իշխանությունները, բայց չէ՞ որ Հայաստանը եռակողմ հայտարարության կողմ է, եւ, ի վերջո, ՀՀ իշխանությունների համաձայնությամբ է ՌԴ-ն երաշխավոր կանգնել: Բացի այդ, անցակետ տեղադրելուց ժամեր անց պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ Պրահայում եւ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններն իրենց թույլ են տալիս նման գործողություններ անել՝ նկատի ունենալով, որ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

- Դրա համար ասում եմ, որ ազնիվ քննարկումներ պիտի ունենանք նաեւ Երեւանի հետ։ Համայն հայության հետ էլ պիտի խոսենք, օրհասական է պահը, վերջն է գալիս: Կա՛մ վերջն է, կա՛մ ինչ-որ բանի սկիզբը։ Հիմա պետք է տեսնենք՝ Հայաստանի Հանրապետությունում հասարակությունը, իշխանությունն ընդհանրապես ինչ են մտածում, ինչ են ուզում մեզնից։

- Մինչեւ հիմա չգիտե՞ք, թե ինչ է ուզում ՀՀ իշխանությունը։

- Չէ, լսեք։ Իմ իմանալով չէ։ Պաշտոնական Երեւանն ունի՞ կարծիք, ո՞րն է այդ կարծիքը։

- Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է՝ իրեն Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ-ն է հետաքրքրում․․․

- Էդ մի բան է, հստակ է մեզ պետք ասել, հստակ։

- Ասում են` Բաքու-Ստեփանակերտ բանակցություններով ձեր գլխի ճարը տեսեք։

- Ի՜նչ երկխոսություն, ասելու է` սենց եմ անում, լավ եմ անում, դրա համար եմ ասում՝ պետք է պարզ ասեն մեզ։

- Էլ ո՞նց ասեն, Փաշինյանը հայտարարեց, որ Մադրիդյան սկզբունքներով Արցախն Ադրբեջան է․․․

- Ես ասում եմ՝ պաշտոնապես պետք է հայտարարվի, թե իրենք ինչպես են տեսնում Արցախի կարգավիճակը, եւ վերջ, վերջակետ։ Տեսնո՞ւմ են Ադրբեջանի մաս` թող ասեն, պարզ ասեն, մենք պետք է հասկանանք։ Թե չէ՝ մեկը կանգնում ասում է՝ Ադրբեջանի ժողովրդի հետ պրոբլեմ չունի, էն մյուսը գլուխը քարովն ա տալիս, ոնց որ Միլի Մեջլիսում լինի, ասում է` ավելի լավ ա Ղարաբաղը տանք, չենք ուզում 3 միլիոնը վտանգվի։ Հիմա պիտի հասկանանք՝ դա այդ մարդկա՞նց կարծիքն է, թե՞ ընդհանուր հասարակության։ Եթե այս ճշգրտումները 1-2 շաբաթում չլինեն, շատ վատ է լինելու։

- Դա իշխանության ներկայացուցիչների կարծիքն է, որոնք պատասխանատվություն են կրում։

- Թող կանգնեն ասեն՝ սա է, մենք էլ հասկանանք, թե ոնց ենք այս իրավիճակից փրկվում։ Մի հատ տեսնենք՝ ռուսն ինչ է մտածում։ Գիտեք, ամեն ինչ բարդել՝ սա սենց է ասել, նա ընենց։ Ամեն մեկն իր պարտականությունը կատարո՞ւմ է, այդ զզվելի պայմանագրում գրված է, չէ՞, հիմա ի՞նչ կապ ունի, թե ով Պրահայում ինչ է խոսացել, ասենք թե խոսացել է կամ չի խոսացել, ի՞նչ կապ ունի դա, ուրեմն արտահայտվեք, հստակ ասեք։

- Արցախի իշխանությունները պետք է պահանջեն Փաշինյանից՝ ոնց է ինքը պատկերացնում Արցախի կարգավիճակը։

- Այո, մեր մեղքն էլ կա, մենք պետք է հստակ դնենք այդ հարցերը, պիտի պահանջենք ու պահանջելու ենք, գալիս է այդ պահը։ Թող ասեն, ոչ մեկից չենք նեղանա։ Ադրբեջանի հե՞տ եք ձեր շահերը տեսնում` խնդիր չկա, բայց իմացեք՝ Աստված պատժելու է բոլորին, գերտերություն է, հայ է, պատգամավոր է, ով է, ով արցախասպանության գործում ունեցել է իր ներդրումը, քթի ծակերով դուրս է գալու: Չգիտեմ երբ, ոնց, դա արդեն մեր խնդիրը չէ։