«Հրապարակ». Սունդուկյան թատրոնից ժամանակ են տվել «Գոյին»՝ մտածելու համար

«Հրապարակ». Սունդուկյան թատրոնից ժամանակ են տվել «Գոյին»՝ մտածելու համար

«Գոյ» թատրոնի աշխատակիցները, դերասանները մի քանի օր է՝ փորձում են մուտք գործել սեփական թատրոն, բայց` ապարդյուն, փոխված փականը եւ դռան վրա փակցված գրությունը հուշում են, որ ներս կարող են մտնել Սունդուկյան թատրոնի ծառայողական մուտքից՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո։

Հիշեցնենք․ դեռ նախորդ տարվա գարնանը կառավարությունը որոշում ընդունեց Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոնը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Այս հարցը դիմադրության արժանացավ թատրոնի կողմից, որը կառավարության որոշումը վիճարկում է դատական կարգով։

Թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ստեղծագործական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ գնալու տեղ չունեն։ «Մեր տեղն այստեղ է՝ մեր թատրոնում»,- ասում է Ս․ Արզումանյանն ու նշում, որ սպասողական վիճակ է, քանի որ սպասում են ՄԻՊ-ի եւ ոստիկանության պատասխաններին։

Այս ընթացքում թատրոնի բոլոր աշխատակիցներին Սունդուկյան թատրոնից ծանուցումներ են ուղարկվել, որտեղ գրված է եղել՝ քանի որ որոշումն արդեն կա, այլեւս իրավահաջորդը Սունդուկյան թատրոնն է։ Ըստ այդմ․ «Աշխատանքային պայմանագրերում, որը «Գոյ» թատրոնի հետ է կնքված, այդ պայմանագրում պետք է էական փոփոխություններ լինեն, իսկ դրանք նշված են կետերով, որ աշխատանքիդ վայրը լինելու է սա, գործատուդ՝ սա, եւ այլ տեխնիկական հարցեր։ Նաեւ ժամկետներ են նշված, որ, օրինակ, դու պետք է որոշում կայացնես մինչեւ ապրիլի 22-ը։ Այսինքն, ես առնվազն մտածելու ժամանակ ունեմ մինչեւ ապրիլի 22-ը՝ արդյոք ուզո՞ւմ եմ ընդունել այդ պայմանները, թե՞ ոչ, իսկ մինչեւ այդ էլ գործում էր հին պայմանագիրը՝ ես այս թատրոնի աշխատող եմ եւ լիարժեք իրավունք ունեմ մտնել իմ աշխատանքի վայր։ Այսինքն՝ 2 դեպքում էլ ես ժամանակ ունեմ մտածելու»։  

Թեպետ թատրոնների միավորման փաստը հունվարի 30-ից արդեն պետական ռեգիստրում արտացոլված է, բայց, ինչպես նկատում է Ս․ Արզումանյանը, այդ ապօրինի որոշումը վիճարկում են դատարանում։ «Հիմա դա վիճարկման փուլում է, իսկ օրենքն ասում է՝ եթե մի գործը վիճարկվում է, պետք է սպասել եւ գործողություններ չանել, հասկանալ դատական գործը։ Հիմա մենք ոստիկանությանն ասել ենք, որ այս տարածքի հետ կապված հարցը վիճարկվում է դատարանում, մեզ էլ ասացին՝ եթե վիճարկվում է, ուրեմն իրավունք ունեք մտնելու թատրոն, ինչը չենք կարողանում անել արդեն մի քանի օր»,- ընդգծեց Ս․ Արզումանյանը։