Հայերը եւ Նոբելյան մրցանակը

Հայերը եւ Նոբելյան մրցանակը

«Հայերի ներդրումը քաղաքակրթության մեջ անհամեմատ մեծ է, համեմատած իրենց թվաքանակին»:
Դէվիդ ԼԷՆԳ, 
«Armenia: Cradle of Civilization» գրքից

Դորկ Սահակյան
2007

 

Էմանուել Շարպանտիե
2020

Արտեմ Փաթափության
2021

Սովորաբար աշխարհի կողմից հայերն ավելի հաճախ ընկալվել են առավել մշակույթ, քան գիտություն ստեղծող էթնոս, մինչդեռ փաստերն այլ բան են վկայում: Հայերը վիթխարի դեր են խաղացել նաեւ համաշխարհային գիտության մեջ: Անհերքելի է գիտական աշխարհում հայերի ունեցած մեծ ավանդը, որոնց անուններով բազմաթիվ բանաձեւեր, օրենքներ ու գիտական օրինաչափություններ, գյուտեր ու հայտնագործություններ են հայտնի: Հայ գիտնականների ավանդն առավել մեծ է բնական գիտությունների բնագավառում: Եվ չափազանցություն չի կարելի համարել Դ. Լէնգի կարծիքը:

Եթե նույնիսկ ծայրահեղ խստությամբ մոտենայինք, ապա առայսօր առնվազն 2-3 տասնյակ հայեր պիտի արժանացած լինեին Նոբելյան մրցանակի, սակայն մի աներեւույթ ձեռք, կարծես թե ամեն ինչ արել է, որպեսզի հայերին ինչքան հնարավոր է հեռու պահեն այդ մրցանակից: Երբեմն այդ մերժումներն այնքան բացահայտ ու կամայական բնույթ են կրել, որ բազմաթիվ լուրջ այլազգի գիտնականների ցասումն են առաջ բերել, ստիպելով այդ մասին հրապարակումներով հանդես գալ միջազգային հեղինակավոր պարբերականներում: Նման կամայականության ակնհայտ օրինակ է Ռայմոնդ Վահան Դամադյանի MRT-ի հայտնագործությունը: Այդ գյուտը կատարվել է 1977-ին, գրացվել է 2001-ին, որի համար Դամադյանին շնորհվել է հեղինակավոր Lemelson-MIT մրցանակ, սակայն Նոբելյան կոմիտեն այդ նույն հայտնագործության համար 2003-ին մրցանակ է շնորհել Պիտեր Մենսֆիլդին եւ Պոլ Լոթերբուրին:

Կազմակերպության կայքէջում զետեղված է տեղեկություն 2003թ. Նոբելյան մրցանակի հանձնման հետ կապված` «Նոբելյան մրցանակն ընդդեմ պատմական ճշմարտության» խորագրով հոդված: Երբ Նոբելյան կոմիտեն մերժեց մրցանակ հանձնել նաեւ Դանադյանին, «Դամադյանի բարեկամներ» կազմակերպության պատվերով «Washington Post», «New York Times» եւ «Los Angeles Times» կենտրոնական թերթերում, ինչպես նաեւ շվեդական «Dagens Nyheter» կենտրոնական օրաթերթում լույս տեսան մի ամբողջ էջ զբաղեցնող հայտարարություններ, որոնցում դատապարտվում էր այդ որոշումը: Ինքը՝ Դամադյանը, Լոթերբուրին եւ Մենսֆիլդին կոչ արեց հրաժարվել մրցանակից` մինչեւ որոշումը փոխվի: Մեր հայրենակցին աջակցեցին անվանի ֆիզիկոսներ եւ MRI-ի մասնագետներ Ջեն Թրոք Վաթսոնը, Յուջին Ֆեյգիլսոնը, Ադրիան Պարսեգյանը, Դեւվիդ Սթարքը եւ Ջեյմս Մաթսոնը: Նման իրավիճակի ենք առնչվում նաեւ Գուրգեն Ասկարյանի պարագայում: Ավելի արտառոց է Յուրի Հովհաննիսյանի պարագայում:

Նա նոր քիմիական տարրերի արհեստական սինթեզի բնագավառում 11 հայտնագործություն է կատարել կամ համահեղինակ է (այդ թվում 104-108 ատոմային կարգահամարներով տարրերի) եւ որպես օրինաչափություն եւ չգրված օրենք, նոր քիմիական տարրեր հայտնաբերող գրեթե բոլոր գիտնականներին շնորհվել է Նոբելյան մրցանակ, իսկ Յու. Հովհաննիսյանի պարագայում բացառություն է եւ Նոբելյան կոմիտեում խորը լռություն։ Ի. դեպ, Յու. Հովհաննիսյանը միակ գիտնականն է, ում անունով կենդանության օրոք քիմիական տարր է անվանակոչվել: Ոչ պակաս պարադոքսալ է իրավիճակը Ջ. Չամչյանի պարագայում, նրան 9 անգամ ներկայացրել են Նոբելյան մրցանակի, բայց չեն շնորհել, մինչեւ մահացել է եւ հարցն օրակարգից հանվել է: Մեկ այլ կարգի զավեշտ է աստղագետ Վիկտոր Համբարձումյանի պարագայում: Նա ոչ մի անգամ Նոբելյան մրցանակի չի ներկայացվել, սակայն նրա աշխատությունների, տեսությունների ու աշխատությունների հիման վրա բազմաթիվ գիտնականներ արժանացել են Նոբելյան մրցանակի, այդ թվում եւ աշխարհահռչակ հնդիկ գիտնական Չանդրասեկհարը:

Վ. Համբարձումյանը Չեդվիկից 2 տարի առաջ էր կանխագուշակել նեյտրոնի գոյությունը, ինչի համար վերջինիս 1935-ին շնորհվել է Նոբելյան մրցանակ: 1936-ին Համբարձումյանը լուծել է մի գեղեցիկ մաթեմատիկական խնդիր, որն առաջադրել էր անգլիացի հայտնի գիտնական Արթուր Էդինգտոնը: Այդ խնդրի Համբարձումյանի լուծումը նույնպես տպագրվել է «Monthly Notices» ամսագրում, Արթուր Էդինգտոնի ներկայացմամբ, եւ լուրջ հետաքրքրություն առաջացրել: Եվ ամենակարեւորն այն է, որ 1979 թ-ին նույնօրինակ խնդրի լուծման համար, արդեն արդի բժշկագիտության ոլորտում, համակարգչային շերտագրության մշակման նպատակով, անգլիացի Գոթֆրիդ Հաունսֆիլդը եւ ամերիկացի Ալան Կորմակը արժանացան Նոբելյան մրցանակի: Ահա արդեն Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձած Կորմակի խոստովանությունը («Computer Tomography: Some Historical Recent Developments». Proc. of Symposia in Applied Mathematics, Vol. 29, p. 35, 1985). «...Համբարձումյանն այդ լուծումը տվել էր երկու եւ երեք չափումների համար, նույն կերպ ինչպես Ռադոնը... Դա Ռադոնի ձեւափոխության առաջին թվային վերլուծությունն էր, որը հերքում է տարածված կարծիքն այն մասին, որ համակարգչային շերտագրությունն անհնար է առանց համակարգիչների: Այդ հաշվարկի մանրամասերը տրված են Համբարձումյանի հոդվածում, եւ նրանք մտածելու տեղիք են տալիս, որ դեռեւս 1936 թ-ին համակարգչային տեխնիկայով կարելի էր ախտորոշել, օրինակ, ուղեղի ուռուցքը: Շատ կարեւոր է թվում, որ Համբարձումյանի թվային մեթոդները կարող էին մեծ օգնություն ցույց տալ բժշկությանը, եթե նրանք կիրառվեին 1936-ին»:

Այնուամենայնիվ 3 հայեր արժանացել են Նոբելյան մրցանակի: Առաջինը 2007-ին Նոբելյան մրցանակի է արժանացել Դորկ (Տորք) Սահակյանն, ապա 2020-ին ֆրանսիացի կենսաքիմիկոս, Էմանուել Շարպանտիեն (Սինանյան), ով իր հայկական ծագման մասին խոստովանել է Հանրային ռադիոյի հետ բացառիկ  հարցազրույցում, իսկ առայժմ վերջին  Նոբելյան մրցանակակիր հայը մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանն է, ում մրցանակը շնորհվել է 2021-ին:   

Գագիկ ԱՐԾՐՈւՆԻ