Հավաբուն դարձած «Passat»-ի համար 80 հազար դրամ գույքահարկ են պահանջում

Հավաբուն դարձած  «Passat»-ի համար 80 հազար դրամ գույքահարկ են պահանջում

Մեր խմբագրություն դիմած Լևոն Սարգսյանը կրակն է ընկել իր 1985 թվականի արտադրության, ինչպես ինքն է ասում՝ «կյանքից հոգնած» Volkswagen Passat-ի ձեռքը։

Նա երկար տարիներ է՝ այդ մեքենան այլևս չի շահագործում, գնացել է ՃՈ, համարներն ու տեխանձնագիրը հանձնել է, մեքենան հաշվառումից դուրս է եկել, բայց պարզվում է՝ մեքենան չի խոտանվել։ Վերջերս մտել է Շենգավիթի թաղապետարան և հանկարծ պարզել, որ իր մեքենայի վրա մոտ 80 հազար դրամի գույքահարկ է կուտակվել։

«Մի 10-12 տարի առաջ մի մեքենա ունեի՝ 1985 թվի արտադրության, որը կյանքից հոգնեց, սաղ ջարդվեց, հազիվ գլորվելով եկավ, հայաթը կանգնացրի ու մնաց։ Անցավ մեկ-երկու տարի, հարևաններս ասին՝ Լյովա, վրադ շտրաֆ կգա, տար համարները հանձնի։ Տարա հանձնեցի, ու մոռացա դրա մասին։ Մի 15-20 օր առաջ պատահական մտնում եմ թաղապետարան, ու պարզվում ա, որ մոտ 80 հազար շտրաֆ ունեմ։ Ասում եմ՝ ինչի՞ համար ա էս շտրաֆը, բա՝ գույքահարկն ա, էդ քո գույքն ա։ Ասում եմ՝ էդ գույքը ձեզ ղուրբան լինի, էդ գույքը ես չեմ շահագործում, որովհետև համար չկա, տեխանձնագիր չկա, կարամ նկարեմ, մինչև հիմա էնտեղ հավերն են շնորհակալություն հայտնում, որ հավաբուն է դարձել՝ մտնում են մեջը, արևի տակ չեն մնում»,-պատմեց Լևոն Սարգսյանը։

Բայց նա չի իմացել, որ մեքենան պետք է խոտանվեր։ «Ինձ ՃՈ-ում չեն ասել, որ պիտի խոտանվի, ինձ ՃՈ աշխատողն ուրղղակի գրեց, թուղթը դրեց ջեբս, եկա, պարզվում ա՝ էնտեղ գրած է՝ ժամանակավոր հաշվառումից հանել։ Բայց ես համարները հանձնել եմ, տեխանձնագիրը հանձնել եմ, ինչի՞ ա իմ մեքենայի վրա հիմա էդքան գույքահարկ եկել»,-զարմացավ մեզ դիմաց քաղաքացին ով թերևս թյուրիմացության մեջ է ընկել։ Նրան թվացել է, թե մեքենան խոտանված է, բայց պարզվում է՝ ընդամենը հաշվառումից է հանված, իսկ գույքահարկի «հաշվիչն» այս տարիներին ավելացել է։

Շենքգավիթի թաղապետարանն էլ որոշել է այս քաղաքացուց չշահագործվող, հաշվառումից հանված մեքենայի համար 80 հազար դրամ գույքահարկ գանձել։