Հեղափոխականների հակահեղափոխությունը

Հեղափոխականների հակահեղափոխությունը

 

2018 թվականի ապրիլ-մայիսյան շրջադարձային իրադարձությունների արդյունքում իշխանության եկածները սկսել են նախորդներից չտարբերվել՝ նույն շքեղ մեքենաները, նույն աստղաբաշխական պարգեւավճարները, անկախ մասնագիտությունից ու կարողություններից՝ հարազատին ամեն գնով բարձր վարձատրվող գործի տեղավորելը, մտավոր ունակություններով չփայլող պաշտոնյաների առատությունը եւ այլն:

Հեղափոխականներն ասում են, որ հակահեղափոխություն թույլ չեն տա, իսկ ժողովուրդն ասում է. «Գողը որ տնից չեղավ, եզը երդիկից դուրս չի գա»: Իմ տպավորությամբ՝ Հայաստանում ոչ ոք հակահեղափոխության ծրագիր չունի, հեղափոխականների անծրագիր գործելաոճն է բերելու թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հակահեղափոխության: Ի ապացույց ասածիս՝ երկու փաստ․

1. Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրեց հանրապետական մեծամասնությամբ խորհրդարանը, ու դրանից հետո շատ անգամներ նույն մեծամասնությամբ ԱԺ-ն քվեարկեց Նիկոլ Փաշինյանի ուզածով: 2018 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված 2019 թվականի պետբյուջեում պետական ծառայողական մեքենաների կրճատումը տեղ չի գտել, սակայն բյուջեի ընդունումից հետո՝ 2019 թվականի հունվարին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հրաժարվում է իր գրասենյակի համար նախատեսված չորս ծառայողական ավտոմեքենայից երկուսից: Հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ պետական ծառայողական մեքենա չեն ունենա նաեւ ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները:

Ինչո՞ւ սա չանել օրենքով՝ պետական բյուջեն ընդունելիս, եւ դրա հետ միասին փոխելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման եւ սպասարկման կարգը»:

Այսպես էին վարվում նաեւ հանրապետականները: Ու ստացվում էր, որ թեեւ օրենքը չի պարտադրում, բայց իրենք այնքան են «վառված ազգի հոգսերով», որ պետական ծախսերը կրճատելու նախաձեռնություն են կյանքի կոչում: Իրականում աշխատող եւ մարդկանց կյանքը բարելավելուն նպաստող օրենսդրական դաշտ ձեւավորելուց անդին բան պետք չէ: Օրինակ, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ-մեկ կազմակերպում էր զինվորների ծնողների այց հեռավոր զորամասեր: Մարդասիրություն, որն ուղեկցվում էր միլիոններ դիզելով: Նույնը հիմա է: Ուղղակի հեղափոխականները դեռ նոր են պետական լծակների «հաճույքը» զգում ու դեռ նոր են սկսել «մարդասեր» խաղը:

2. Պետական ողջ համակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում է, թե «Գազպրոմը» թանկացրել է Հայաստանին մատակարարվող գազը, բայց սպառողների համար 2019-ին գազը չի թանկանա: Իսկ ինչ կլինի 2020 թվականին՝ չեն ասում: Չգիտեն: Վստահ չեն, որ 2020-ին իրենք իշխանության են լինելու:

Այդպես էին վարվում նաեւ հանրապետականները: Օրինակ՝ ինչո՞ւ չէին փորձում վերանայել ռուսական ռազմաբազաների տեղակայման պայմանները, մինչդեռ Ռուսաստանը, երբ խելքին փչի, վերանայում էր գազի մատակարարման պայմանները եւ այդպես է վարվում նաեւ ներկայումս: Կամ՝ ինչո՞ւ ռուսական ռազմաբազաների տեղակայման պայմանագիրն անձեռնմխելի է դեռ մի 20-25 տարի, իսկ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կարելի է վերանայել, երբ Ռուսաստանի սիրտն ուզի:

Նույնը հիմա է: Ուղղակի հեղափոխականները դեռ նոր են պետական լծակների «հաճույքը» զգում ու դեռ նոր են սկսել «միայն լավատեսական լուրեր» խաղը: Հեղափոխականները չեն հասկանում, որ Ռուսաստանն ուղղակի մեկ տարի ժամանակ տվեց՝ իրեն մշտական հպատակության երդում տալու համար: Կա՛մ երդում, կա՛մ թանկ գազ: Երկու անցանկալի վախճան: Իսկ հեղափոխականները բան չեն անում՝ մեզ ցանկալի ելք ապահովելու համար:
Ու այս անտեղյակ-ապաշնորհությունն է բերելու թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հակահեղափոխության:

Անդրանիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ