Տեր-Պետրոսյանը պետք է իրեն նեղություն տա` նստի Քոչարյանի կողքին

Տեր-Պետրոսյանը պետք է իրեն նեղություն տա` նստի Քոչարյանի կողքին
Լևոն Տեր-Պետրոսյան

Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, կարող ենք համարել, որ ՀՀ նոր իշխանություններն ամբողջությամբ բացահայտեցին Մարտի 1-ի գործը, եւ հիմա նստելու հերթը Լեւոն Տեր-Պետրոսյանինն է: Այս հարցում մի փոքրիկ նրբություն կա, սակայն, որ ստիպված ենք հաշվի առնել. ի՞նչ անել Նիկոլ Փաշինյանի հետ:

Նրան, հասկանալի է, հնարավոր չէ այս պահին «նստացնել», վարչապետ է, բացի այդ էլ` այս գործով մի անգամ նստել է արդեն: Մնում է Տեր-Պետրոսյանը նստի:
Մարտի 1-ի գործով ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի սկսած «նոր հավատաքննությունն» իրավաբանության հետ որեւէ աղերս չունի եւ հեղափոխական էյֆորիան սաստկացնելուց զատ այլ խնդիր չի լուծում: Այդ խնդիրը լուծվեց, էյֆորիկ ընտրությունները տեղի ունեցան, բայց դրանից հետո ծագեց նոր խնդիր` ի՞նչ անել ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի հետ, որոնք, մեղմ ասած, չկարողացան կատարել «հեղափոխության» առաջնորդի խոստումը` բացահայտել Մարտի 1-ի բուն մեղավորին: Եվ ոչ միայն չկարողացան մեղավորին գտնել, այլեւ իրենք հայտնվեցին այնպիսի մտահոգիչ իրավիճակներում, որոնք ստիպում են մտածել, որ, ի դեմս նշված կառույցների, ազգային անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրների հետ գործ ունենք:

Ժողովուրդը Մարտի 1-ի հետ կապված խորքային նախապաշարմունքներ չունի: Ժողովրդի համար կա՛մ Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, կա՛մ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Միջին տարբերակ, կարծես, չկա, թեեւ ժամանակին հենց այդպիսի տարբերակ էր առաջարկվում, որն իսկապես կսպիացներ Մարտի 1-ի վերքը եւ մեզ թույլ կտար հետագայում խուսափել նույնանման առճակատումներից: Ժամանակին հայտարարություններ արվեցին, որ սխալներ եղել են երկու կողմից էլ, որ տապալվել են «հակամարտող» կողմերին բախումներից զերծ պահելու փորձերը, որ այդ ամենն անհանդուրժողականության, միմյանց լսել չցանկանալու, ռեւանշիզմի հստակ դրսեւորման հետեւանք է:

Սակայն եկան նոր իշխանությունները եւ, ոչ առանց «բարի խորհրդատուների», կրկին թեժացրին կրակը` ձերբակալելով Ռոբերտ Քոչարյանին եւ մեղադրելով երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ: Միակ քաղաքական ուժը, որ, չնայած Փաշինյանի «նախաձեռնության» ողջ ռիսկայնությանը, ողջունեց Քոչարյանի դեմ գործ հարուցելու այդ «հարվածային ժրաջանությունը», ՀԱԿ-ն էր` Լեւոն Տեր-Պետրոսյանի անմիջական ղեկավարությամբ:

Իսկ թե ինչի են հասել Մարտի 1-ի գործի վերաքննիչներն այս ընթացքում, եւ Քոչարյանին կալանքի տակ պահելուն ինչպես են արձագանքում բազմաթիվ քաղաքական եւ պետական ու հոգեւոր շրջանակներ Հայաստանում ու Արցախում, տեսանք ու լսեցինք Հայոց բանակի 27-րդ տարեդարձի արարողությունների մասնակիցների ելույթներում: Ի վերջո, մարդիկ հասկանում են, որ տեղի է ունենում բացահայտ անարդարություն ՀՀ 2-րդ նախագահի նկատմամբ, եթե կուզեք` քաղաքական հետապնդում, որովհետեւ մյուս կողմն շտապել է առանց դատուդատաստանի ինքնահռչակվել սուրբ եւ անձեռնմխելի:

Չարախնդալ իշխանությունների ձախողման վրա չենք պատրաստվում: Այս ձախողումը ոչ մեկին պետք չէ: Սակայն պետք է կասեցնել հետագա ձախողումը: Կրկնում եմ` Մարտի 1-ի գնահատականը տրվել է ժամանակին` մեղավոր ենք բոլորս` ամեն մեկս մեր չափով ու մեր տեղում, մեղավոր էր մեզանում ձեւավորված պետական իշխանության համակարգը, որի օրոք չկար ո՛չ հավատ ընտրությունների արդյունքների, ո՛չ իշխանության եւ ո՛չ էլ ընդդիմության հանդեպ: Մենք խորապես համոզված ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ին առաջնորդվում էր բացառապես ռեւանշիստական մոտեցումներով եւ ոչ մի բանի առջեւ կանգ չէր առնելու, միայն թե հասներ իր նպատակին:

Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո ՀԱԿ-ն ի վերջո երկխոսեց ՀՀ իշխանությունների հետ, որոնց լեգիտիմ չէր համարում: Մենք սա էլ ենք տեսել, տեսել ենք նաեւ այդ երկխոսության արդյունքում ՀԱԿ-ի` խորհրդարան մտնելը եւ տարիներ շարունակ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդի դերն իրեն վերապահելը: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի հետ երկխոսած Լեւոն Տեր-Պետրոսյանը «չկարողացավ» վերջակետ դնել Մարտի 1-ի գործին, այլ շարունակեց փայփայել եւ այն իր համար կռվան դարձրեց 2018-ին` փոխանցելով ՀՀ նոր իշխանություններին, որպես մի շարքային խաղաքարտ, որ բացի էյֆորիայի լրացուցիչ չափաբաժնից, ոչինչ չէր տալու «հեղափոխությանը»:
Հայտնի խոսք կա` ուրիշի համար փոս փորողն ինքն է ընկնում մեջը: Չեմ կարծում, որ այս հրապարակումով կարող է որեւէ ազդեցություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետագա ընթացքի վրա, բայց, ահա, ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Մարտի 1-ը պետք է դարձնի իր պատվի գործը`«իր դատը», մեղմ ասած, վտանգավոր է, որովհետեւ դա արդեն ոչ թե ես, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանն է ասում, որի «խորհուրդներին» Նիկոլ Փաշինյանը, իսկ նրանով պայմանավորված՝ նաեւ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, դատախազությունը եւ դատարանները, ականջալուր են արդեն 10 ամիս:

Մենք առանձնապես ծանոթ չենք Նիկոլ Փաշինյանի մտքի ճկունության աստիճանին եւ չենք կարող միանշանակ պնդել, որ նա կկարողանա գլուխ հանել այս իրավիճակից: Սակայն վստահ ենք, որ նա կտապալի ամեն ինչ, եթե շարունակի նույն համառությամբ սեւեռվել Մարտի 1-ի գործի բացահայտման վրա: Դա կարող է առավել խորացնել հասարակական անկայունությունը եւ այն հասցնել քաղաքական շրջանակներ, որոնք մինչ այժմ չեն միջամտել գործին, որովհետեւ ապավինել են նոր իշխանության արդարադատությանը: Քոչարյանը, հայտարարելով, որ ինքը քաղբանտարկյալ է, արդեն իսկ ազդակ է ուղարկել ողջ քաղաքական դաշտին, որն ամենեւին էլ չի սահմանափակվում օրվա խորհրդարանական ուժերով: Ուստի, պետք է լուծում գտնել, որ կբավարարի ոչ միայն հասարակությանը, այլեւ քաղաքական հանրությանը, որի մի զգալի հատված գլխավոր քաղաքական գործընթացներից դուրս է մնացել զանազան, այդ թվում նաեւ բազմաթիվ ցավոտ հարցերի անհարկի շահարկումների պատճառով:

Կարո՞ղ է Լեւոն Տեր-Պետրոսյանն այս հարցում օգնել Նիկոլ Փաշինյանին: Ցանկության դեպքում` այո: Օրինակ, գնալ եւ նստել Ռոբերտ Քոչարյանի կողքին: Նա ուրիշ քայլի հնարավորություն չի թողել իրեն: Մինչեւ նա չընդունի մեղքի իր բաժինը, հայաստանյան եւ ոչ մի իրավասու մարմին չի կարող արդարացի որոշում կայացնել Մարտի 1-ի գործով: Այսօր նույնիսկ վտանգ կա, որ Մարտի 1-ի գործը կարող է հասնել միջազգային հեղինակավոր ատյաններ, որոնց համար Միլոշեւիչի հանրահայտ գործում անուններ փոխելը եւ այն հայկականացնելը մեկ-երկու հաշվի գործ է: Իսկ թե ով կճանաչվի «հայկական Միլոշեւիչ»` դա էլ արդեն Աստված գիտի:

Հ.Գ. Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում Մարտի 1-ի զոհերի հարազատներից, որ չեմ կարողացել կանխել այդ անիմաստ բախումը: