Ամերիկյան կողմը պետք է հստակ ուղերձներ հղի Բաքվին, և զսպաշապիկներ  կիրառելու մեթոդներ գտնի

Ամերիկյան կողմը պետք է հստակ ուղերձներ հղի Բաքվին, և զսպաշապիկներ  կիրառելու մեթոդներ գտնի

«Երեկ ամերիկյան կողմը հայտարարություն էր տարածել, որ նոր համանախագահ է նշանակել, որը որ կոչված է զբաղվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարցում՝ ամերիկյան կողմի միջնորդության ներկայացմամբ։ Դրան ի պատասխան Բաքուն ոչ անսպասելիորեն, բավականին կոշտ և դիվանագիտական էթիկային հակասող անգամ հայտարարություն էր տարածել․ մասնավորապես իր թվիթերյան էջում Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան ընդգծել էր, որ նման ձևակերպումների դեպքում ամերիկյան կողմը կարող է ընդհանրապես դուրս մղվել բանակցային գործընթացից։ Այսօր էլ դրան արձագանքեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտը՝ նշելով և վերահաստատելով իր հանձնառությունը։ Դրան զուգահեռ նաև Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց»,- այս մասին «Հրապարակին» ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Ադրբեջանագետը նշում է, որ սա առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը իրեն թույլ է տալիս նման ձևակերպումներով խոսել և հիշեցնում, որ նախորդիվ էլ  բազմաթիվ անգամներ՝ հենց Ալիևը, իր այսպես կոչված «մունաթն է» արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ կապված՝ նշելով, որ նրանք ոչինչ չեն արել, և այդ խումբը փաստացի այլևս չի կարող գոյություն ունենալ և ամբողջ այդ պատերազմյան հռետորաբանությունը հենց դրան էլ եղել է ուղղված։

«Այստեղ ինչն է կարևոր՝ որ Ադրբեջանը, լինելով բռնապետություն, թույլ է տալիս իրեն ԱՄՆ-ի հետ նման տոնայնությամբ խոսել։ Ես կարծում եմ, որ սա չի առնչվում միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։ Շատ ավելի վտանգավոր միտումներ ունի նման պահելաձևը, և այդ առումով պետք է ամերիկյան կողմը բավականին հստակ ուղերձներ հղի Բաքվին, և զսպաշապիկներ կիրառելու մեթոդներ գտնի։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, ապա այդ հարցերում կան բազմաթիվ խնդիրներ։ Ցավոք սրտի, նաև ռուսական կողմը, մասնավորապես Ռուսաստանի արտգործնախարարությունը Բաքվում լինելու ժամանակ հայտարարեց, որ Մինսկի խումբը փաստացի գոյություն չունի։ Դա, իհարկե մի նպատակ ունի Ռուսաստանի կողմից․ որ ինքը լինի միակ միջնորդը գործընթացներում»,-ասաց ադրբեջանագետը։

Հայրապետյանի խոսքով՝ ինչ վերաբերում է հայկական կողմին, վերջինս բազմիցս է շեշտել Մինսկի խմբի կարևորությունը։

«Ցավոք սրտի, ես չեմ տեսնում համապատասխան աշխատանք այդ ուղղությամբ, որովհետև, եթե հիշեք, հետպատերազմյան շրջանում եղել են երկու համատեղ հայտարարություններ Մինսկի խմբից, բայց այդ աշխատանքները հետևողականորեն չեն շարունակվել։ Եվ հետո, բնականաբար նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն իր ազդեցությունն ունեցավ։ Բայց ես կարծում եմ, որ աշխատանքը այդ ուղղությամբ պետք է շարունակվի՝ շեշտադրումները, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է գտնի դիվանագիտական լուծում և զենքի ուժով հարցերի լուծումն անընդունելի է։ Սա կարևոր է և սա պետք է հետևողականորեն պահպանվի ըստ իս»,-եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։