Համերգաշարի առաջին համերգը՝ հունիսի 28-ին

Համերգաշարի առաջին համերգը՝ հունիսի 28-ին

Հայկական երաժշտական համաժողովն իր 25-ամյա գործունեությունն այս տարի տոնում է համերգաշարով, որի առաջին համերգը կկայանա հունիսի 28-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։  

Առաջիկա համերգը կլինի սիմֆոնիկ ոճում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ եւ դիրիժոր Էդվարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Համերգի ընթացքում հնչելու են ճանաչված կոմպոզիտորներ Վահրամ Բաբայանի, Երվանդ Երկանյանի եւ Սուրեն Զաքարյանի գործերը, որոնցից երկուսը՝ առաջին անգամ։ Մեկը Սուրեն Զաքարյանի դաշնամուրի կոնցերտն է, որը կհնչի հենց հեղինակի կատարմամբ։ Մյուսը՝ Երվանդ Երկանյանի 7-րդ սիմֆոնիան, որը դարձյալ պրեմիերա է։ «Աշխարհում այսօր սիմֆոնիա համարյա էլ չի գրվում, եւ շատ հաճելի է, որ Հայաստանում այդ ավանդույթները դեռ շարունակվում են»,- ասում է Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր նախագահ Լեւոն Չաուշյանը։  

Նա նկատում է՝ եթե ստեղծագործական միությունները ստեղծվեցին հիմնականում սովետական գաղափարախոսության հենքի վրա, ապա Հայկական երաժշտական համաժողովը հասարակական կազմակերպություն է, որը ստեղծեցին բոլորովին ուրիշ հիմքով․ «Այստեղ հավաքված են ոչ թե բոլորը, այլ միայն համախոհները։ Հպարտությամբ պետք է ասեմ, որ մեր կազմակերպության անդամներ են եղել Էդվարդ Միրզոյանը, Կոնստանտին Օրբելյանը, Վիկտոր Խաչատրյանը, Ռուբեն Սարգսյանը։ Ներկա կազմում են Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երկանյանը, Մարգարիտա Ռուխկյանը, Կոնստանտին Պետրոսյանը, Վահրամ Բաբայանը, Արմինե Կարապետյանը»։  

Առաջին սիմֆոնիկ համերգին կհաջորդեն երգչախմբային, կամերային նվագախմբերի եւ անսամբլների համերգները, կլինի նաեւ վոկալ համերգ։ Հայկական երաժշտական համաժողովի նպատակն է՝ տարածել հայ ժամանակակից երաժշտությունն աշխարհում։ Կազմակերպությունն այս 25 տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ համերգներ՝ Բելգիայում, ԱՄՆ-ում, Հունգարիայում, Մոսկվայում, Թբիլիսիում։ «Այս ընթացքում 9 ձայնասկավառակ, մոտ 50 անվանում նոտաներ ենք հրատարակել։ Իհարկե, լինում են դժվարություններ, որովհետեւ եթե ստեղծագործական միություններին վերաբերվում են ինչպես պետական կառույցների, մեր դեպքում այդպես չէ, չնայած օրենքի առաջ հավասար ենք։ Ամեն դեպքում, ամեն ինչ անում ենք մեր երաժշտությունը տարածելու համար»։