Բարձրացված խնդիրն ունի նաև սոցիալական բաղադրիչ․ բաց նամակ՝ Փաշինյանին

Բարձրացված խնդիրն ունի նաև սոցիալական բաղադրիչ․ բաց նամակ՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյան

Մեծարգո´ պարոն վարչապետ,

Կատարելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության արհկոմիտեի որոշումը՝
դիմում եմ Ձեզ հիշյալ խնդրի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության
կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության
2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N
1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և
գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը, անհանգստանալով գիտական ու
գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի էական
փոփոխության փաստով, դրանով պայմանավորված ԵՊՀ մի քանի հարյուր գիտական
աշխատողների հնարավոր կրճատման խնդրով, հարկ է համարում դիմել Ձեզ հետևյալ
հարցով:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման
շրջանակում ԵՊՀ-ում գործում են 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30
գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա, որոնք ունեն ավելի քան 450
գիտաշխատող և այլ տարակարգի մասնագետներ: Գիտական այս ներուժի պահպանումն
ու զարգացումը ոչ միայն համալսարանական, այլև հանրապետական ռազմավարական
նշանակության խնդիրներ են, քանի որ ԵՊՀ-ն այսօր ապահովում է հանրապետության
գիտահետազոտական արդյունքի մոտ մեկ երրորդը: Հաշվի առնելով այս ամենը՝ հարկ է
շեշտադրել, որ գիտական գործունեության բարեփոխումները պետք է նպատակաուղղված
լինեն ընդլայնելու և զարգացնելու առկա ներուժը՝ միաժամանակ ապահովելով
բարեփոխումների անցնցում բնույթը:

Խնդրահարույց է նաև հարցի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը, որը
տեղի է ունեցել առանց շահագրգիռ կողմերի հետ լայն ու բովանդակային քննարկման,
ինչը գիտաշխատողների արդարացի անհանգստության ու բողոքի լրացուցիչ պատճառ է
դարձել: Միաժամանակ բարեփոխումների արդի փուլում, երբ օրակարգում են
բարձրագույն կրթության և գիտական գործունեության մասին համապատասխան
օրենսդրական նախաձեռնությունները, առավել արդյունավետ ենք համարում նախ և
առաջ անդրադառնալ ոլորտի տարբեր հարցերի հայեցակարգային ու օրենսդրական
կարգավորումներին, որից հետո միայն՝ գործնական դաշտ տեղափոխել ֆինանսավորման
մեխանիզմների խնդիրը:

Բարձրացված խնդիրն ունի նաև սոցիալական բաղադրիչ: Նվազագույն
աշխատավարձից գրեթե չտարբերվող վարձատրություն ստացող մտավորականները
կարող են կորցնել աշխատանքը կառավարության հիշյալ որոշման հետևանքով: Գաղտնիք
չէ, որ մեր հանրապետությունում գիտական աշխատողները ստանում են անընդունելի
ցածր աշխատավարձ, ավելին՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային
պետական ֆինանսավորումը տարիներ շարունակ նույնիսկ չի նախատեսել գիտական
աշխատողների տարեվերջյան պարգևատրում (13-րդ աշխատավարձ): Ըստ էության, գործ
ունենք մի իրողության հետ, երբ բուհական համակարգի բոլոր տարակարգերի
աշխատողները ստանում են հիշյալ պարգևատրումը՝ բացի գիտաշխատողներից: Կարծում
ենք՝ այս խտրական վերաբերմունքը ևս պետք է լուծում ստանա:

Միաժամանակ արհկոմիտեն նշում է, որ բուհերի և մյուս գիտահետազոտական
հաստատությունների կազմակերպաիրավական ձևերի տարբերության պատճառով
ստեղծվել են անհավասար պայմաններ, քանի որ կառավարության հիշյալ որոշումը
տարածվում է միայն հիմնադրամի կարգավիճակ ունեցող հաստատությունների վրա:

Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Ներկայացնելով ԵՊՀ գիտաշխատողների անհանգստությունը` ևս մեկ անգամ Ձեր
ուշադրությունն եմ հրավիրում առկա խնդրին և ԵՊՀ արհեստակցական
կազմակերպության անունից խնդրում ձեռնարկել հարցի լուծմանն ուղղված քայլեր՝
պահպանելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային
ֆինանսավորման նախկին ձևը մինչև ոլորտի օրենսդրական համապատասխան
փոփոխությունները: Ամենևին կասկածի տակ չառնելով կառավարության կողմից
որդեգրած կրթական և գիտական ոլորտների բարելավման անհրաժեշտությունը,
առաջարկում ենք նախաձեռնել ոլորտի բարեփոխումների ընդգրկուն քննարկումներ՝
շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Լիահույս եմ, որ բարձրացված խնդիրը կստանա
համապատասխան լուծում, որը կբխի ինչպես բուհի զարգացման
առաջնահերթություններից, այնպես էլ գիտաշխատողների մասնագիտական,
սոցիալական և աշխատանքային իրավունքներից ու շահերից:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյան