Ինչու՞ է շրջանցել

Ինչու՞ է շրջանցել

Կարդում եմ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» պատումը: Եւ նկատում, որ հեղինակը որոշ նշանակալի իրադարձություններ շրջանցել է: Վերագրել դա  մոռացկոտությանը դժվար է, քանի որ գրքում նա երբեմն անդրադառնում է նույնիսկ ոչ այնքան կարեւոր դեպքերի եւ դերակատարների:

Հետեւաբար հարց է ծագում՝ ինչու՞ է Քոչարյանը պատումաշարից դուրս թողել երկու կարեւոր իրադարձություն: Առաջինը՝ որ 1991-ի ամռանը, երբ իրականացվում էր «Կոլցո» ռազմագործողությունը, Ստեփանակերտում տեղի է ունեցել Շարժման առաջնորդների ընդհանուր հավաք, որտեղ որոշվել է Ադրբեջանի հետ հարաբերություններում առճակատումից անցնել երկխոսության: Այդ առաքելությունն իրականացնելու համար ձեւավորվել է պատվիրակություն, որը մեկնել է Բաքու եւ բանակցություններ վարել Ադրբեջանի ղեկավարության հետ: Նույն շրջանում մեկ այլ պատվիրակություն էլ ուղեւորվել է Մոսկվա՝ հասնելու նրան, որ կենտրոնական իշխանությունները հանդես գան որպես Ադրբեջան-ԼՂ պայմանավորվածությունների իրականացման երաշխավոր: Ճիշտ է, այդ բանակցությունները գործնական արդյունքի չեն բերել, բայց եթե Քոչարյանը նպատակ է դրել պատմական իրադարձությունները ներկայացնել անաչառորեն, ապա նա չպետք է մոռացության մատներ Լեռնային Ղարաբաղի ներքաղաքական կյանքի այդ կարեւորագույն դրվագը, որը, ցավոք, ողբերգական ավարտ ունեցավ. Ստեփանակերտում օրը ցերեկով, քաղաքի կենտրոնում գնդակահարվեց Ադրբեջան մեկնած բանագնացներից Վալերի Գրիգորյանը:

Ո՞վ է այդ սպանության պատասխանատուն՝ ցայսօր մնում է միայն ենթադրություններ անել: Երկրորդ կարեւոր իրադարձությունը, որ դուրս է մնացել Քոչարյանի պատումից,   1992թ. հունիսի սկզբներին գումարված ԼՂՀ Գերագույն խորհրդի նստաշրջանն է, որտեղ քննարկվել է Արթուր Մկրտյանի սպանությամբ թափուր մնացած՝ ԳԽ նախագահի պաշտոնը համալրելու հարցը: Այդ նստաշրջանին մասնակցել է Հայաստանից ներկայանալի պատվիրակություն: Շուշին ազատագրված էր, բացվել էր Լաչինի մարդասիրական միջանցքը: Տրամադրությունները բավական էյֆորիկ էին:

Այդ ամենի հաշվարկով էլ, ըստ երեւույթին, փորձ է արվել Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում ընտրել Ռոբերտ Քոչարյանին: Ապարդյուն: Պատգամավորների դիմադրությունը կոտրել չի հաջողվել, նստաշրջանն անցել է չափազանց ծանր մթնոլորտում, երեւակվել են խոր հակասություններ: ԳԽ նախագահի պաշտոնում չի ընտրվել նաեւ Շահեն Մեղրյանը՝ Շահումյանի շրջանի պաշտպանության պատասխանատուն: Ներքաղաքական այդ սուր ճգնաժամից օրեր անց հակառակորդը հյուսիսային ուղղությամբ անցել է լայնածավալ հարձակման՝ գրավելով ամբողջ Շահումյանը, խորանալով Մարտակերտի շրջանի տարածքում: Ռազմական այդ անհաջողությունների շուրջ առայսօր տարբեր տեսակետներ են շրջանառվում:

Ռոբերտ Քոչարյանը չի տալիս նաեւ այդ հարցերի պատասխանը: Ինչու՞: