Թվային անվտանգությունը սկսվում է մեր գլուխներում

Թվային անվտանգությունը սկսվում է մեր գլուխներում

Վերջին շրջանում համացանցում շատ է քննարկվում թվային անվտանգության խնդիրը՝ ինչպես անձնական, այնպես էլ կորպորատիվ շահերի տեսանկյունից։ Երեւի թե հասունացել է այս մասին խոսելու անհրաժեշտությունը։ Կցանականայի փոխանցել գլխավոր աքսիոմը․ թվային անվտանգությունը սկսվում է մեր գլուխներում։ Սա նման է հիգիենայի կանոններին, երբ պետք է նախ ինքդ հետեւես անձնական մաքրությանդ եւ հետո միայն հույսդ դնես օժանդակող միջոցների վրա։ Մարդկանց, չգիտես ինչու, թվում է, որ եթե ունեն լավորակ «անտիվիրուս», որեւէ համակարգչային վիրուսով չեն վարակվի։ Իսկ որ պետք է այն մշտապես թարմացնել, որեւէ մեկի մտքով չի անցնում։ Նաեւ այն, որ չի կարելի հակավիրուսային ծրագիրը ժամանակ առ ժամանակ անջատել, երբ ինչ-որ ֆայլ ներբեռնելիս այն «բարկանում» է։ Առհասարակ, եթե «անտիվիրուսն» անգամ դեմ էլ չէ, չի կարելի ամեն տեսակ ապուշություն ներբեռնել համակարգիչ, քանի որ վիրուսների ու անտիվիրուսների պայքարն անվերջանալի է, իսկ այս երկուսը հաղթում ու պարտվում են փոխանցիկ հաջորդականությամբ։

Եվ այսպես․ արձանագրում ենք գլխավորը, որ մարդն ինքն իր առաջ պետք է հաշվետու լինի, որ անձնական տվյալների տեղեկատվությունն ունի պաշտպանության կարիք, եւ, հետեւաբար, պետք է ուշադիր լինել այս տվյալների նկատմամբ։ Իսկ դա անելու համար չպետք է գրասենյակային համակարգչի վրա փակցնել անձնական գաղտնագրով թերթիկ կամ գաղտնագիրը կազմել սեփական թոռան անունով։ Անձնական տվյալների պաշտպանության առումով պակաս կարեւոր չէ ամենաքիչը մի քանի ամիսը մեկ համակարգչային գաղտնագիրը փոխելը։ Եվս մի քանի այլ մանր-մունր բաներ, որոնք՝ բոլորը միասին, կիսով չափ կապահովեն ձեր թվային անվտանգությունը։ Իսկ, այ, երկրորդ կեսն արդեն ցանկալի է թողնել պրոֆեսիոնալներին․ եթե, որպես կանոն, անձնական տվյալների պաշտպանության հարցում բավարար են սոսկ սովորական ուշադրությունն ու խնդիրները հասկանալու ունակությունը, ապա կորպորատիվ տվյալների անվտանգության դեպքում, բացի այս ամենը, հարկավոր է նաեւ պրոֆեսիոնալ մոտեցում։ Դրան տվյալ հոդվածում չեմ անդրադառնում` այն տեխնիկական-մասնագիտական բնույթի տեղեկատվությամբ չծանրաբեռնելու համար։

Հարկ է նշել նաեւ, որ հիստերիայի գիրկն ընկնելու եւ վիրուսներից ու անձնական տվյալների կորստից ահաբեկվելու հարկ եւս չկա։ Որպես կանոն, դրան հանգեցնում են տեխնոլոգիաների բնույթից գլուխ չհանելն ու համացանցում այդ վտանգների մշտական «ահաբեկումները»։ Բայց վերջնարդյունքում ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան մենք կարծում ենք։ Այսինքն՝ եթե ձեր էլեկտրոնային փոստը «ջարդել» են, ապա մի մտածեք, որ դա արել է նկուղում երեք մոնիտորների առաջ նստած ու ստեղնաշարի վրա «սիմֆոնիա նվագող» ինչ-որ մի հաքերային հանճար։ Իրականում, 99 տոկոսով դրա պատճառն այն է, որ դուք շատ պարզունակ գաղտնագիր եք ընտրել եւ կամ ձեր էլեկտրոնային հասցե մուտք եք գործել հարեւանի համակարգչից ու մոռացել այնտեղից դուրս գալ։ Կամ էլ՝ սեղմել եք ձեր «շահումը» ստանալու մասին ծանուցող որեւէ նամակի տակ եւ հարցման տակ ինքներդ իսկ գրել եք ձեր գաղտնագիրը։ Դրանից խուսափելու համար․․․ պարզապես, ձեր թվային անվտանգությանն առավել ուշադիր վերաբերվեք։ Իսկ անձնական տվյալների արտահոսքից, դիցուք՝ «Գուգլից», միեւնույն է՝ ձեզ չի փրկի ոչ մի «անտիվիրուս» եւ ոչ մի պրոֆեսիոնալ։

Արթուր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Դիջիֆենս» ընկերության տնօրեն