ՀՀ Սահմանադրությունը պետք է պահպանել Ձեզնից
Օրերս ռամկավար ազատական կուսակցության մի քանի պարբերականների («Ազգ», Բոստոնի «Պայքար» եւ Armenian Mirror-Spectator) տված բացառիկ հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խոստովանություններ էր արել, որոնք ուշագրավ էին հայաստանյան ներքաղաքական ներկա իրավիճակի համապատկերում, մասնավորապես՝ երեկ ԱԺ-ում «ընդունված» սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրենքի եւ դրա հետ նախագահի խորհրդատվական առնչությունների բացահայտման ֆոնին։
«Անկախ նրանից, թե տվյալ պաշտոնն ինչ նկարագրություն ունի, պաշտոնը զբաղեցնող անհատն է ձեւավորում արդյունքը»․ սա մեջբերում է վերոհիշյալ հարցազրույցից եւ պատկանում է նորին գերազանցությանը: Չնայած այն բանին, որ հարցազրույցում նախագահը դժգոհել է իր լիազորությունների սահմանափակությունից, սեփական պաշտոնի այսպիսի ընկալումը, բնականաբար, կարող էր նշանակալից չափով փրկել նախագահի ինստիտուտը խամաճիկ լինելու արմատացած հանրային ընկալումից, իսկ նախագահին առաջ մղել քաղաքական ու հանրային իրադարձությունների առաջնաբեմ՝ իբրեւ պետական-քաղաքական ֆիգուր, որն իրավամբ «արդյունք է ձեւավորում»։
Եվ վերջին երկու տարում հայ քաղաքական դաշտն ալեկոծած «օրենսդրական» խայտառակություններն ու դրանց հետեւող հանրության սպասումները շատ դեպքերում կարող էին ի նպաստ երկրի հանգուցալուծվել հենց նախագահի՝ իր պաշտոնի վերոնշյալ գիտակցման պարագայում։ (Հեռուն չգնանք․ նախագահի կողմից չստորագրված եւ ՍԴ ուղարկված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը՝ ապացույց)։
Այս տարվա փետրվարին էլ, երբ Սահմանադրական դատարանը լուծարելու եւ իրենց հաճո ՍԴ ձեւավորելու մոլուցքով բռնված իշխանությունները հրապարակ բերեցին հակասահմանադրական «օրենք»՝ հանրաքվե նշանակելու մասին, որն այնուհետ ուղարկվեց ՀՀ նախագահին՝ ստորագրման համար, վերջինս ի պաշտոնե պարտավոր էր կասկածել այդ օրենքի սահմանադրականությանը, մանավանդ որ մամուլը եւ մասնագիտական շրջանակները ողողված էին օրենքի նախագծի հակասահմանադրականության վերաբերյալ վերլուծություններով, տեսակետներով, պնդումներով։ Սակայն ՀՀ նախագահը լռելյայն ստորագրեց օրենքը՝ հերթական անգամ «ձեւավորելով» ոչ թե «արդյունք», այլ՝ խոր հիասթափություն եւ դժգոհություն։
Վերոհիշյալ հարցազրույցում նախագահը բողոքում է նաեւ «վարչական լծակների» չգոյությունից։ Ճիշտ չեք, պարոն նախագահ․ Սահմանադրությունը պահպանելու, ասել է թե՝ ապօրինությանը դեմ կանգնելու, անօրինության հաղթարշավը կասեցնելու Ձեր սահմանադրական պարտավորությունն այնպիսի լծակ է, որ իրավականից բացի ունի նաեւ բարոյական մեծ ներուժ։ Դուք խամաճիկ լինելու ընկալումներից արժանապատվորեն կարող էիք թոթափվել հենց միայն Ձեր ստորագրության բարոյական ու իրավական հսկայական ուժը գործադրելով, սակայն Դուք, խամաճիկի կարգա- եւ հոգեվիճակից դուրս գալու փոխարեն, տարօրինակորեն եւ, թույլ տվեք ասել՝ մազոխիստաբար ջանում եք դրանցում ավելի ու ավելի խորը թաղվել։
Հունիսի 22-ին ընդունված խայտառակ օրենքի վերջնական հաստատման վերաբերյալ Դուք խորհրդատվական քննարկում եք ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ եւ ինքներդ եք վերջինիս մատնանշել առկա «օրենսդրական բացը», որը կարելի է «վերացնել»՝ ԱԺ որոշումը Ձեր ստորագրությանը ներկայացնելու ոչ պարտադիրության ընդունման եղանակով․ սրանով ամեն ինչ ասված է։ Ամենավերջին պողոսն էլ է հասկանում, որ հայտարարելով այդ հուզիչ «համագործակցության» մասին՝ Դուք նախագահի Ձեր դեմքը փրկող մանկական փորձեր եք անում, որպեսզի հանրությանը ցույց տաք, թե՝ ոչ թե կառավարությունն ու ԱԺ-ն Ձեզ արդեն այնքան բանի տեղ չեն դնում, որ Ձեր «սահմանադրական» ստորագրության հարկը չունեն, այլ իբր Դուք եք նրանց հուշել «օրենսդրական բացը» եւ այն լրացնելու եղանակը։ Ու Ձեզ թվում է՝ նսեմ ու անպատիվ այս հեքիաթներին մարդիկ հավատում են։
Ձեր կեցվածքը վկայում է աներկբա իրողության մասին․ Դուք, ԱԺ իշխանական խմբակցության հետ ձեռք ձեռքի տված, ոտնահարում եք ՀՀ Սահմանադրությունը։
Այն Սահմանադրությունը, որը, ինչպես մինչեւ երեկ թվում էր՝ «վերջին հույսի» կարգավիճակով, Ձեր պահպանության ներքո էր։ Մինչդեռ ակնհայտ է՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է պահպանել ոչ միայն կառավարությունից եւ Ազգային ժողովից, այլեւ, տարաբախտաբար, Ձեզնից։
Կարծիքներ