Մի էշ-նահատակության պատմություն 

Մի էշ-նահատակության պատմություն 

Հենց սկզբից ասեմ, որ այսօր Վահագն Հովակիմյանի անձը չեմ քննարկելու: Բա ինձ պետք ա՞... Ես կխոսեմ միայն երեւույթից, որ այս դեպքում սահմանադրական փոփոխության գործընթաց է կոչվում: Իսկ Վահագն Հովակիմյանին հիշեցի, որովհետեւ իրավաբանության եւ իրավաբանի մասին ունեցած իմ պատկերացումները միշտ 180 աստիճանով տարբերվել են կոլխոզի նախագահի արտաքին ու խոսքապաշար ունեցողների մասին պատկերացումներից: Չգիտեմ դուք ինչպես եք մտածում, բայց, իմ կարծիքով, սահմանադրական փոփոխություն առաջարկողը, եթե նույնիսկ իրավաբան չէ, պետք է մի քիչ բոյով լինի, գեղեցկադեմ, մազ ունենա գլխին եւ, ամենակարեւորը, կարողանա բերանացի ասել այն, ինչ գրել է թղթի վրա: Հովակիմյանն ակնհայտորեն չէր բավարարում այս պահանջներին եւ ջանում էր անել մի բան, որ հաստատ իր վրայով չէր:

Իսկ ինչ վերաբերում է գործընթացին, ապա դժվար չէր նկատել, որ այն շատ կտրուկ մտավ նոր ակտիվության փուլ, երբ թվում էր՝ սահմանադրական հանրաքվեի ձախողումից եւ հանրաքվեն չեղարկելուց հետո չէր կարող նոր շնչառություն ստանալ: Գործընթացի այդ կտրուկ աշխուժացումն էր նաեւ պատճառը, որ իմքայլականներն այդքան անպատրաստ էին: Կարելի է ասել՝ նրանք իրենց համար հով նստած էին, ու մեկ էլ՝ սկսվեց: Արփինե Հովհաննիսյանը (մարդու լեզուն էլ չի պտտվում ասելու՝ նախկին նախարար) հստակ պարզաբանել է այս իրարանցման պատճառը. «Երկու օր առաջ Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց իր կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործով, ու Սահմանադրական դատարանն էլ արդեն պետք է որոշում կայացներ»:

Իմանալով սա՝ ՀՀ իշխանություններն արդեն ֆազերը գցելու վրա էին, մեկ էլ մի ուրիշ լուր եկավ, որ նույն հանձնաժողովն առանձնապես ոգեւորված չէ արդարադատության գործող նախարարի, մեղմ ասած՝ անտեղյակ հարցադրումներից: Մի խոսքով՝ ոչ միայն բախման պարարտ հող կար, այլեւ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հնարավոր «տհաճ» որոշումն ամեն գնով կանխելու հրամայական:
Օրը երկուշաբթի էր, իսկ նախընթաց գիշերվա տեւողությունը՝ տարվա մեջ ամենակարճը: Հունիսի 22-ն էր: 1941թ. այդ օրը ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ կերպով հարձակվեց Խորհրդային Միության վրա: Փաշինյանը նույնիսկ դա էր մոռացել եւ իր զորքին հրամայեց սկսել «Բարբարոսա» գործողությունը՝ Հայաստանի Հանրապետության ամենակարեւոր այցեքարտի՝ Սահմանադրական դատարանի վրա: Ասեմ, որ հենց նույն օրը եղան մարդիկ, որ ողջունեցին Փաշինյանի ներխուժումը ՍԴ՝ լավ է անում, ասին, ավելի շուտ պետք է աներ... Այդ մարդիկ, սակայն, մի բան չէին նկատում կամ չէին ուզում նկատած լինել: Փաշինյանն այդ օրը գործում էր ստվերում եւ աշխատում էր «չկեղտոտվել», ինչը բնորոշ չէր նրան: Նա սովորաբար առաջին շարքերում է լինում, երբ պետք է որեւէ անկարգություն հրահրել երկրում: Այս անգամ նա իրենից առաջ էր թողել արդեն հայտնի 89-ին՝ ըստ երեւույթին կանխազգալով, որ հանցագործություն է տեղի ունենում՝ սահմանադրական կարգի տապալում: Այստեղ են ասել՝ ինչ լինում է, թող էն 89-ին, ներողություն, ժեշտին լինի... Այդ օրը լուռ ու ինքնամփոփ էր նաեւ Փաշինյանի թիվ 1 խորհրդական եւ քաղաքական հովանավոր Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը, ի դեպ, գործող ՍԴ-ից ազատվելու ջերմեռանդ պաշտպաններից է:
Եվ, ուրեմն, օրը երկուշաբթի էր, իսկ ամբիոնի մոտ՝ Վահագն Հովակիմյանը: Նա կակազելով կարդաց առաջարկվող «սահմանադրական փոփոխությունների նախագիծը» եւ սկսեց երդվել, թե՝ հորս արեւ, սա արվում է հանուն Հայաստանի եւ հանուն նոր ՍԴ ունենալու իմքայլական տեսլականի:

Ըստ էության, «հիմնական» զեկուցողը չկարողացավ թաքցնել, որ իրենց փորացավը ոչ այնքան Սահմանադրությունն է, որքան Սահմանադրական դատարանի նախագահից եւ մյուս անդամներից ազատվելը:

Ինչեւէ, ԱԺ արտահերթ նիստում 89 կողմ ձայներով նախագիծը հավանության արժանացավ առաջին ընթերցմամբ, իսկ ավելի ուշ հրավիրվեց ԱԺ նոր արտահերթ նիստ, եւ նախագիծն ընդունվեց արդեն 2-րդ ընթերցմամբ՝ չնչին «բարեփոխումներով»: Իսկ դրանից հետո արդեն սկսվեց բուն կինոն, որ կարելի էր վերնագրել «Խորհրդարանը՝ կոլապսի մեջ»: Ոչ ոք չգիտեր ինչ անել 89 հնարավորից 89 ձայն ստացած նախագծի հետ: Եղավ մի պահ, որ Արարատ Միրզոյանն առաջարկեց այն ուղարկել ՍԴ՝ կարծիքի, այդտեղ Հովակիմյան Վահագնը վեր թռավ տեղից, թե՝ այդպիսի բան չենք կարող անել, որովհետեւ ՍԴ-ն այս նախագծով այլեւս նախագահ եւ համապատասխան կազմ չունի, որ իր կարծիքը հայտնի: Բա ի՞նչ անենք: Եկեք ուղարկենք հանրապետության նախագահին: Ասենք՝ ուղարկեցինք: Ո՞րն է դրա նպատակը, եթե Արմեն Սարգսյանը կարող է տեղից շարժվել 21 օրվա մեջ, իսկ հետո էլ նախագիծն ուղարկել ՍԴ՝ ստուգելու: Այսինքն, էլի նույն հիմար վիճակի առաջ ենք կանգնելու, որովհետեւ ՍԴ չի լինելու, որ մի հատ էլ կարծիք տա: Եվ այդտեղ վրա հասավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աստեղային ժամը: Ժողովն արդեն արել էին, ու պետք էր, որ մեկը «զանգը կախ անի»: Եվ այդ մեկը, պարզվեց, կարող է լինել Արարատ Միրզոյանը՝ ստորագրելով խայտառակ նախագիծը:

Զավեշտը հասել էր գագաթնակետին: ՀՀ իշխանությունները, իրենցից անկախ, լուծել էին երեք անհայտով հավասարում: Չիմանալով ինչու, չիմանալով ինչպես՝ արել էին մի բան՝ չիմանալով ինչ: Եվ դրա արդյունքում, մենք հաջորդ օրն արթնացանք մի երկրում, որի մասին աշխարհի թերթերը գրել էին, թե այնտեղ սահմանադրական հեղաշրջում է իրականացվել: Մի քիչ չափազանցրել էին, բայց դա արդեն էական չէ, որովհետեւ մեզ նոր ու ավելի հետաքրքիր իրադարձություններ են սպասվում:

Օրը դեռ երկուշաբթի էր: Այդ օրը, երեկոյան կողմ, Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ իր թիմից մի ամբողջ գումարտակ է վարի տվել (89 զոհ), որոշեց հետմահու պարգեւատրել «ընկածներին» եւ հայտարարեց, որ հպարտանում է նրանցով: Իսկ դա դեռ այդ դրամատիկ օրվա ավարտը չէր: Պարետատան նիստից հետո, պատասխանելով «Ազատության» հարցին, թե արտակարգ դրությունը, արդյոք, պատճառ չէ՞, որ արգելվեն բազմամարդ բողոքի ցույցերը, Փաշինյանը պատասխանեց, որ ինքը կարող է ավելի շատ մարդ հանել փողոց եւ հաշվեհարդար տեսնել այն օլիգարխների հետ, որոնց համար մարդիկ հակակառավարական ցույցերի են մասնակցում: Այ, սա արդեն ավելի հետաքրքիր է եւ ավելի անկանխատեսելի, քան ԱԺ-ում 89 խելացի դեմքերի մասնակցությամբ ընդունված ախմախ նախագծի ճակատագիրը:

Եվ ավարտեմ մի հասարակ հարցով՝ ուղղված, իհարկե, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանին: Վահագն ջան, կբացատրե՞ս, հընգեր, Հրայր Թովմասյանին ինչպե՞ս եք ծանուցելու, որ ազատված է աշխատանքից կամ պաշտոնանկ է արվել, եթե չեք պատրաստվում դիմել ՍԴ, իսկ հանրապետության նախագահն էլ չի ուզում իր վրա այդպիսի կրիմինալ պատասխանատվություն վերցնել: Պատահաբար չե՞ք որոշել փոստով ուղարկել ծանուցումը:
Եվ, ուրեմն՝ գումարտաաաակ, հավսա՛ր... զգա՛ստ... 
Առողջ եղեք: