Քննչական մարմինները չկարողացան «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով հեշտացնել իրենց գործը

Քննչական մարմինները չկարողացան «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով հեշտացնել իրենց գործը

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները ՀՀ նախագահի դիմումի հիման վրա ճանաչվել են հակասահմանադրական, բարդացնելու է քննիչների կյանքը: Նրանք հույս ունեին, ունենալով այդ օրինագծերը, Քրեական օրենսգրքի մոտ 50 հոդվածներով հեշտացնել իրենց աշխատանքը: Հանրահայտ փաստ է, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում նրանք հաջողություններ չունեն: Մինչ օրս ոչ մի կոռուպցիոն գործ դատարան չի հասել: 

Նշվում էր, որ խոսքը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին է, որոնց բացահայտումը հեշտացնելու էին այս օրինագծերը: Սակայն թվարկված հոդվածները, որոնցով հարուցված վարույթների ընթացքում կարելի էր բացահայտել բանկային գաղտնիքը, վառ երեւակայության դեպքում էլ կոռուպցիոն չես համարի՝ է՛լ սպանություն, է՛լ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, է՛լ փոխպատվաստման եւ վիրահատություն կատարելու կանոնները խախտելը, է՛լ մարդու առեւանգում, ազատությունից ապօրինի զրկելը, ապօրինի զենք-զինամթերք պահելը եւ այլն: «Վերջին հաշվով, այս օրենսդրական նախաձեռնության առանցքը կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունն է, մինչդեռ վիճարկվող նորմում ներառված են այնպիսի հանցատեսակներ, որոնք անմիջականորեն չեն առնչվում նշված երեւույթի հետ»,- գրում է նշված օրինագծերը հակասահմանադրական ճանաչելու գործով ՀՀ նախագահի ներկայացուցիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Դանիելյանը: Նա «խիստ վերացական եւ անհարկի լայն դիապազոնով նորմ» է գնահատում դրույթը, որի համաձայն՝ բանկային տեղեկատվությունը բացահայտվում է, եթե դա անհրաժեշտ է «գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար», ինչը ողջամտորեն հնարավոր այլ եղանակով պարզել չեն կարող: 

Սա այնքան լայն կարգավորում էր, որ ցանկացած ներդրող, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին ծանոթանալով, Հայաստանի մասին ուղղակի կմոռանար: 
Այս երկու օրենքներն իրար հետ ուղիղ փոխկապակցված չեն: Ապօրինի գույքի բռնագանձումը տեղի է ունենալու քաղաքացիա-իրավական վարույթի շրջանակում: Բայցեւայնպես, ոչ սահմանադրական ճանաչված այս օրենքը որքանո՞վ է կապակցված ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքի հետ: Կարո՞ղ էր այս օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումը խանգարել ապօրինի ձեռք բերված գույքի վարույթներին: 

Փաստաբան Միհրան Պողոսյանը կարծում է, որ իշխանությանը տալով «Բանկային գաղտնիքի մասին» օրենք, մենք այլեւս չէինք իմանալու, թե ինչպես այն կկիրառվի: ««Բանկային գաղտնիք» հասկացությունը փլուզվելու էր Հայաստանում եւ թե ինչ նպատակներով էր օգտագործվելու, սրան արդեն միայն իշխանությունը կարող է պատասխանել: «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը տոտալ վերահսկողության ձգտումներն իրականություն դարձնելու քայլերից մեկն էր, որը ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, ու մենք այդպիսի քայլեր շատ հաճախ ենք տեսնում:

Օրինակ, ընդունվեց արտակարգ դրության պայմաններում հեռախոսային խոսակցությունների արձանագրման վերաբերյալ օրենքը, մենք արդեն երեք ամիս է՝ այդ գործիքը տվել ենք իշխանությանը եւ չգիտենք, թե այս երեք ամսում ինչ գործողություններ է կատարել իշխանությունն այս օրենքի շրջանակներում: Ու սա էլ կարող էր նմանատիպ գործողությունների առարկա հանդիսանալ, այսինքն, մենք ընդունել ենք օրենք, բայց թե այն ինչպես է կիրառվում, որեւէ քաղաքացու համար հասանելի չէր լինելու»,- ասում է նա: Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների մեջ կապը, ըստ նրա, այդ երկու օրենքների հակասահմանադրական լինելն է. «Դրանք երկուսն էլ ի սկզբանե հակասահմանադրական դրույթներ են պարունակում: Ունենք ՍԴ որոշում, որով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը ճանաչվել է հակասահմանադրական, եւ, իմ կարծիքով, ապօրինի գույքի վերաբերյալ օրենքը եւս ապագայում իրավական պետությունում գոյություն չի ունենալու»: 
Փաստաբան Հակոբ Ճարոյանն էլ կարծում է, որ այն դեպքերում, երբ նոր իշխանությունները ցանկանան բռնագանձել ինչ-որ անձանց ապօրինի գույքը, նրանց ոչ մի բանկային գաղտնիքի բացահայտման մասին տեղեկություն էլ պետք չի գա: «Ըստ այդ օրենքի, ապացուցման բեռը դրված է գույքի տիրոջ վրա: Օրենքն ասում է՝ դու ապացուցիր, որ քո գույքն օրինական է: Կոպիտ ասած՝ ինձ ասում են՝ ցույց տուր, թե որտեղից է քո բնակարանը, դա նշանակում է, որ ես կա՛մ փոխանցման պայմանագրերը պետք է ցույց տամ, կա՛մ բանկային հաշիվս պետք է ներկայացնեմ, կա՛մ մարդու անունը պետք է տամ, ով որ ինձ տվել է այդ գույքը»,- ասում է նա: