Եթե իշխանությունը չի հարգում օրենսդրությունը, կորցնում է լեգիտիմությունը

Եթե իշխանությունը չի հարգում օրենսդրությունը, կորցնում է լեգիտիմությունը

Տարիներ շարունակ իշխող ՀՀԿ-ն իր մեծամասնության քվեների ուժով բնի մեջ խեղդում էր խորհրդարանական ընդդիմության ցանկացած նախաձեռնություն ու կոճակ սեղմելով՝ անցկացնում օրվա իշխանությանը հաճո ցանկացած որոշում ու նախագիծ՝ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով։ Բայց եթե «մեր դեմ խաղ չկա»-ն նախկինների օրոք չհայտարարված կարգախոս էր, ապա ներկաները սա պարզապես լեգիտիմացրել են։ Նրանք չեն էլ թաքցնում դա․ քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում Հայկ Մարությանն էր դեռ ասում․ «Այո, մեր դեմ խաղ չկա»։ Երեկ Նիկոլ Փաշինյանի 88+1 պատգամավորները հանրությանն ի ցույց դրեցին, որ կարելի է իշխող մեծամասնության ուժի զոռով, մեկ օրվա ընթացքում փոփոխության ենթարկել երկրի Սահմանադրությունը։ Այս գործընթացի մասին զրուցել ենք խորհրդարանական նախկին ընդդիմությունների ներկայացուցիչների հետ, որոնք ժամանակին նույն երեւույթի դեմ կռիվ էին տալիս հանրապետականների հետ։

ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասում է․«Մենք շատ դժգոհ էինք, բայց մենք էսպիսի բան չենք տեսել։ Ես 5 տարի խորհրդարանում եղել եմ, ոչ մի անգամ Սահմանադրություն չեն փոխել։ Այնպես, որ մենք ՀՀԿ-ից դժգոհ էինք, պարզվում է՝ ՀՀԿ-ն սրանց համեմատությամբ հրեշտակ էր»։ «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը դեժավյուի զգացողություն չի ունեցել։ Նա, ի պատասխան, հիշեցրեց, որ պատգամավոր եղած ժամանակ ամեն առավոտ հաշվում էր ՀՀԿ մեծամասնության «գլուխներն» ու ասում, որ ցուցատախտակի վրայի ու այդ «գլուխների» թվերն իրար չեն համապատասխանում։ Այս հիշեցումը տիկին Բախշյանն արեց՝ հիշեցնելու համար, որ նախկինում ՀՀԿ-ական պատգամավորներն անգամ իրենց ներկայությամբ չէին բարեհաճում կոճակ սեղմել։ «Հիմա, երեկ խորհրդարանում, այո, միայն իշխանական պատգամավորներն էին, եւ իրենք մեղավոր չեն, որ մյուս երկու քաղաքական ուժերը բոյկոտել են։ Հիմա իրենք էդքան են, ժողովրդի օրինական քվեն ստացած 88 պատգամավոր են»,- ասում է Անահիտ Բախշյանը։

«Ժառանգության» մեկ այլ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ հիշում է՝ Հանրապետականի ժամանակ հունիսի 22-ի քվեարկության նման քվեարկություններով բյուջեներն էին ընդունում՝ ի տարբերություն ներկաների, 1-2 ձայնի «նրբերանգներով»։ Հարցին, թե նախօրեի քվեարկությունից հետո ունի՞ դեժավյուի զգացողություն, ասաց․ «Դեժավյու ունեմ ոչ միայն հանրապետականների հետ կապված, այլեւ սովետական ժամանակահատվածի հետ։ Գիտեք՝ երիտասարդությունս եմ հիշել, այդ տարիները, երբ էլի շատ ազատամիտ էի ու ժպիտը երեսիս էի դիտում այն տեսարանները, որոնք, երեկ, օրինակ, տեսա։ Այդ միակուսակցական մթնոլորտի ըմբոշխնումը։ Ապշելու բան էր։ Եթե հիշում եք՝ ՀՀԿ-ի ժամանակ մի քանի անգամ ասել եմ, որ մենք շարունակ ընդունում ենք օրենքներ, որոնցով ոտնահարում ենք մարդու օրենքները։ Հիմա այդ դեժավյուն՝ ամբողջացված, մենք տեսնում ենք»։

Տիկին Ալավերդյանին հիշեցրինք նիկոլփաշինյական բացատրությունը՝ որ ժողովրդի 70 եւ ավելի տոկոս ձայն են ստացել, ուստի իրենց «դեմ խաղ չկա»։ Լարիսա Ալավերդյանն ի պատասխան ասաց․ «Ժողովրդի տված ձայնը չի ասում, որ 88-ն իրենց սրտի ու ուղեղի մեջ կրում են մեկ մարդու մոտեցում։ Ընդհակառակը, «ԱԺ կանոնակարգ» օրենքն ասում է, որ ամեն մեկն անկախ է իր կարծիքն արտահայտելու մեջ եւ քվեարկում է խղճի մտոք։ Իսկ եթե իրենք բոլորն այդպես են մտածում, դա ողբերգություն է՝ իրենց համար։ Եվ երեկ Միրզոյանը միայն մի բան չասաց՝ միաձայն»։ Մեկ այլ հարցադրում․ ներկաներն ակնհայտորեն իրենց պահվածքն արդարացնում են, որ այդ 88 քվեն, ի տարբերություն նախկինների, ստացել են չկեղծված ընտրություններով։ Լարիսա Ալավերդյանի պատասխանը․ «Եթե մաքուր ընտրություններով իշխանության եկած ուժը չի հարգում երկրի օրենսդրությունն ու Սահմանադրությունը, ապա ինքը կորցնում է իր լեգիտիմությունը։ Այդպես իշխանության եկել են ամբողջատիրական եւ դիկտատորական ղեկավարները, անուններ չեմ ասի, դրանք հայտնի են։ Եվրոպան այդ ամենի միջով անցել է անցած դարի առաջին կեսին։ Եվ մենք էլ կարծես թե մտնում ենք նեոբոլշեւիկյան, ոգեւորված, բոցաշունչ ճառերով ու դրան հակառակ իրողությամբ այդ իրականությունը»։ Լարիսա Ալավերդյանի ամփոփմամբ՝ այն, ինչ նախկինները գոնե փորձում էին քողարկել, ներկաներն անում են հեղափոխական վճռականությամբ։