29.10.2020, Ժնեւ, ԼՂՀ հակամարտության վերջնագի՞ծ

29.10.2020, Ժնեւ, ԼՂՀ հակամարտության վերջնագի՞ծ

Երկուշաբթի օրվանից ամբողջ հանրապետությունում երեւի ֆրուստրացիայի հոգեվիճակ է, որովհետեւ Հայաստանի ազգաբնակչության մեծամասնությունը ընթացող մեկամսյա պատերազմում առաջին անգամ առերեսվել է ռազմաճակատային տեղաշարժերի իրականությանը: Ուղիղ մեկ ամիս տեւած ազատ խոսքի ճնշման, միակողմանի ռազմական քարոզչության, իրականությունը խեղաթյուրելու արկածախնդրությունը փշրվեց` բախվելով իրականությունը հայտնելու հրամայականին: 

Մեկ ամիս շարունակ ամեն երեկո, անթափանց հայացքով զոհերի թվերը հայտնող, իրեն չգիտեմ որ սերնդի պատերազմի մեկնաբան երեւակայող, «տարածքների վերահսկողությունը վերցնել-թողնելու ուղղությամբ մի կենտրոնացեք, մենք ռազմական նպատակահարմարությունից ելնելով՝ տեղանքները շրջանցում ենք-տարանցում ենք-թեւանցում ենք» հանկերգող Արծրուն Հովհաննիսյանը երկուշաբթի երեկոյան Հայաստանի ժողովրդին հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը գրավել են Կուբաթլի շրջկենտրոնը: 

Հասկանալիորեն, համարյա բոլորը քարտեզները բացեցին, եւ շատերը հասկացան, որ մինչեւ Կուբաթլի հասնելը գոյություն ունեին Ֆիզուլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջանները, եւ ադրբեջանական զինուժը դրանք «օդանցելով» չի հասել Կուբաթլի: Ովքեր ղարաբաղյան ռազմաճակատի զարգացումներին հետեւել էին միջազգային լրահոսով, ինքս էլ՝ նրանց թվում, տեղյակ էին, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում առաջին հրադադարը համաձայնեցնելիս արդեն Ֆիզուլիի եւ Ջեբրաիլի շրջանների զգալի տարածք` ներառյալ նույնանուն շրջկենտրոնները, անցել էին ադրբեջանական վերահսկողության ներքո: Մոսկովյան հրադադարի տապալումից մինչեւ Ֆրանսիայի միջնորդությամբ հայտարարված հոկտեմբերի 17-ի հրադադարը Ադրբեջանը, Արաքսի ափով տեղաշարժվելով, վերահսկողություն հաստատեց Խուդաֆերինի կամրջի եւ ջրամբարի նկատմամբ, այդտեղից էլ առաջացավ դեպի Զանգելանի շրջանի բնակավայրերի ավերակներ եւ շրջկենտրոն: Հոկտեմբերի 17-ի հրադադարի տապալվելուց հետո ադրբեջանական ուժերն արդեն Կուբաթլիի շրջանի ավերակներում էին առաջանում եւ հոկտեմբերի 25-ին հայտարարեցին նույնանուն շրջկենտրոն մուտք գործելու մասին: 

Ի՞նչ էր անում Փաշինյանը բոլոր այս մեկամսյա զարգացումների ընթացքում` առավոտից երեկո, նոն-ստոպ ռեժիմով հարցազրույցներ էր տալիս, մերթընդմերթ մարտակոչեր էր հղում հայությանը, իսկ, ընդհանուր առմամբ, հնարավորինս թաքցնում էր իրականությունը: Ինչու էր այդպես վարվում՝ ինքը գիտի։ Հուսանք՝ վարչապետի աթոռը թողնելուց հետո հուշեր կգրի, եւ մենք էլ կիմանանք, թե իրականում ինչ է կատարվել այս օրերին: Սակայն ներկա պահին Փաշինյանն ու իր մոտիվացիաները երկրորդական են: Իսկ ռազմաճակատային ներկա իրավիճակում տեսանելի է թերեւս մեկ դրական հանգամանք` ադրբեջանական ուժերի առաջխաղացմանը միջազգային լրահոսով, ռեալ ժամանակում հետեւած յուրաքանչյուր ոք կարող է վկայել որ ո՛չ Ֆիզուլիում, ո՛չ Ջեբրաիլում, ո՛չ Զանգելանում, ո՛չ Կուբաթլիում երբեք չի հայտարարվել ամբողջ շրջանի հանդեպ Ադրբեջանի վերահսկողություն սահմանելու մասին: Ոչ մի շրջան Ադրբեջանի ամբողջական վերահսկողության ներքո չէ, եւ առաջխաղացումն էլ հիմնականում առանց ծանր զինտեխնիկայի, մոբիլ դիվերսիոն խմբերով է իրականացվել, ինչը նշանակում է, որ ինչպես առաջ են եկել որոշակի հատվածներում, այնպես էլ կարող են ետ մղվել կամ տեղերում հայկական ուժերի կողմից չեզոքացվել, ինչը հաճախ եւ պատահում է, այլապես Ալիեւը մի քանի անգամ նույն գյուղերի ավերակները գրավելու մասին չէր հայտարարի: 

Ռազմաճակատին առնչվող երկրորդ, ավելի էական հանգամանք էլ կա, որն իմաստ ունի, որ Հայաստանում բոլորը գիտակցեն: Ի՞նչ պատահեց, որ վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը մեկ ամիս շարունակ իրականությունը թաքցնելուց, հետեւողական ու տոտալ էյֆորիկ հայտարարություններից՝ «մենք դիվանագիտական մեծագույն հաղթանակ տարանք, քանի որ Մոսկվան արձանագրեց Ադրբեջանի կողմից ընթացող պատերազմում ահաբեկիչների ներգրավելու փաստը», կամ՝ «եթե պետությունները եւ կառավարությունները չեն ճանաչում Արցախի անկախությունը, անհատները, կազմակերպությունները, ժողովուրդները կարող են դա անել» մտքեր երկնելուց հետո հանկարծ որոշեց Արծրուն Հովհաննիսյանի` Կուբաթլիի մասին հայտարարությամբ վարագույր բացել իրականության առջեւ: 

Հասկանալիորեն, դա չի արվել ի սեր ճշմարտության, որովհետեւ ցանկացած օխլոկրատ (իսկ Փաշինյանը վերջացած օխլոկրատ է) գոյություն պահպանելու մի ուղի գիտի` ընդդեմ ճշմարտության եւ ապավինելով ստին: Հետեւաբար, թերեւս անողոք իրականության բացահայտվելու հեռանկարը եւ վերահաս ավելի մեծ ցնցում կանխելու հաշվարկը կարող էին Փաշինյանին ստիպել՝ դեմքով շրջել դեպի ճշմարտությունը: Այդպես էլ եղել է:

Ինչ որոշվեց Վաշինգտոնում

Խնդիրն այն է, որ հոկտեմբերի 25-ին, երբ Վաշինգտոնից տարածվեց ԱՄՆ, Ադրբեջանի ու Հայաստանի կառավարությունների համատեղ հայտարարությունը հրադադար հաստատելու մասին, դա կլանեց բոլորի ուշադրությունը: Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ ներկա զոհերի, վիրավորների, ավերածությունների, տեղահանվածների, ռմբակոծումների, հրթիռակոծումների լուրերի տարափի ու խելահեղության մեջ բոլորին միայն «հրադադար» բառն է հետաքրքրում: Բայց հրադադարի մասին վաշինգտոնյան հայտարարությունից անմիջապես հետո Պետդեպի կայքում հրապարակվեց երկրորդ, շատ ավելի էական հայտարարությունը, որ Թրամփին թույլ տվեց ասել, որ ինքը կարգավորում-վերջացնում է ղարաբաղյան խնդիրը:     

Որքան էլ հրադադարն օրախնդիր է ու գերագույն անհրաժեշտություն, եւ խորապես ցավալի է, որ երկու կողմն էլ վաղ կամ ուշ խախտում են հրադադարները, այդուհանդերձ, Վաշինգտոնից տարածված երկրորդ` Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն էր, որ Ղարաբաղի շուրջ զարգացումներն ընդհուպ մոտեցրեց խորը եւ բեկումնային հանգրվանի: 
Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնից տարածված իրենց հայտարարության վերջին պարբերությամբ ասում էին. “The Co-Chairs and Foreign Ministers agreed to meet again in Geneva on October 29 to discuss, reach agreement on, and begin implementation, in accordance with a timeline to be agreed upon, of all steps necessary to achieve a peaceful settlement of the Nagorno-Karabakh conflict in accordance with the basic principles accepted by the leaders of Azerbaijan and Armenia”։  

Բառացի թարգմանությամբ դա նշանակում է. «Համանախագահները եւ ԱԳ նախարարները համաձայնեցին նորից հանդիպել Ժնեւում հոկտեմբերի 29-ին, որպեսզի քննարկեն, համաձայնության հասնեն եւ ըստ ժամանակացույցի, որը նույնպես կհամաձայնեցվի, մեկնարկ տան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր անհրաժեշտ քայլերին` Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան»:

Պա՞րզ է: Այսօր Ժնեւում, ամենայն հավանականությամբ, հայտարարվելու եւ հրապարակայնացվելու են ե՛ւ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը, ե՛ւ դրանց իրականացման ժամանակացույցը: Դժվար է պատկերացնել, թե Մինսկի խումբը կհայտարարի այլ բան, քան բանակցվել է տարիներ շարունակ եւ եղել է ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմքում, այդ թվում՝ ենթադրաբար ԼՂՀ-ի շուրջ գտնվող ադրբեջանական շրջանների վերադարձի կարգավորումները եւ ԼՂՀ-ի կարգավիճակի հանգուցալուծումը: Որքան կարելի է հասկանալ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 25-ի ամբողջական հայտարարությունից, որի եզրափակիչ հատվածը վերը անգլերեն եւ հայերեն մեջբերեցինք, Վաշինգտոնում գրեթե բանակցային մարաթոն է ընթացել, որի ընթացքում ոչ միայն հրադադարի հաստատման, դրա հանդեպ վերահսկողության պարամետրերն են քննարկվել, այլեւ ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման առարկայական տարրերի շուրջ քննարկումներ են ընթացել:

2020թ. հոկտեմբերի 29-ը կարող է նշանակալից հանգրվան, գուցե ջրբաժան դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման տասնամյակների էպոպեայում, եթե Ժնեւից ի գիտություն Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների եւ մնացյալ աշխարհի հայտարարվի, թե ինչ ժամանակացույցով եւ ինչ քայլերով է սկսում կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը: Գուցե դրանից թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմում բազմաթիվ իլյուզիաներ խորտակվեն, բայց, դրան զուգահեռ, նաեւ անգիտության մեջ ապրելն ու միֆերին տրվելը կավարտվեն: 

Փաշինյանին եւ Ալիեւին չես նախանձի

Ինչ խոսք, Ժնեւից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական քայլերի քողազերծումն ամենից ծանր իրավիճակը կստեղծի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար: Ղարաբաղյան կարգավորումը, որքան կարելի է դատել մինչ այժմ եղած դիվանագիտական արտահոսքերից, կարգավորվելու է ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձնելով։ Թե ինչպես է Փաշինյանը դա մատուցելու Հայաստանի ժողովրդին, կապրենք եւ կտեսնենք: Նույնկերպ էլ ԼՂՀ կարգավորումն իրականանալու է արցախահայության ինքնորոշման իրավունքը վաղ կամ ուշ, այս կամ այն կերպ իրագործելու մասին դրույթների ամրագրմամբ, եւ պետք է տեսնել, թե Ալիեւը դա ինչպես է մատուցելու Ադրբեջանի հանրությանը: Սա այն դեպքն է, երբ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Ալիեւի վիճակին չես նախանձի: 

Ավելին՝ նրանց վիճակին չես նախանձի նաեւ ներկա պատերազմում ունեցած կորուստները գնահատելիս: Փաշինյանի վիճակն աննախանձելի է, քանի որ ներկա պատերազմի արդյունքը հայկական կողմի համար հազարից ավելի անսփոփելի զոհերն են, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած նշանակալի տարածքների վերադարձը եւ ըստ էության ԼՂՀ-ի լիակատար դուրսմղումը բանակցային գործընթացից: Նրա միակ մխիթարությունը կարող է լինել այն, որ Ալիեւի վիճակն իրենից բարվոք չէ: 

Հարցն այն չէ, որ Ալիեւն ադրբեջանցիների սպասումները հասցրել է եռման կետի, երբ մեկը ժամերն էր հաշվում, որ Ղարաբաղ հասնի, մյուսն իր երեխաներին նախկին փողոցն ու տունը ցույց տա, բոլոր այդ հույսերն ու սպասումները մնացին անկատար, քանի որ ադրբեջանական ուժերն Արաքսի հովտից շատ չառաջացան դեպի բուն Ղարաբաղի լեռնային տարածքներ: Էլ ավելին ադրբեջանական կողմի զոհերի քանակն է եւ գրաված տարածքների կատարյալ ավերակ լինելը: 
Եթե առաջնորդվենք BBC-ի թղթակցի` Մինգեչաուրի մեկ գերեզմանատանը հոկտեմբերի 20-ի դրությամբ հաշվված 26 զոհվածների շիրիմների թվով, ապա Ադրբեջանի միայն հողին հանձնված զինվորական զոհերի թիվը 4-4․5 հազարից պակաս լինել չի կարող (Մինգեչաուրն ունի 100 հազար բնակիչ եւ մի քանի գերեզմանատուն): Իսկ որքա՜ն անհայտ կորած, պայթյուններից աղճատված մարմիններ կլինեն: Այլեւս չխոսենք նվաճած ավերակների մասին, որ Ալիեւին այնպես են հուսահատեցրել, որ որոշել է Հայաստանի դեմ միջազգային դատական հայց ներկայացնել` պահանջելով փոխհատուցում, որ ի վիճակի լինի ավերակներում ինչ-որ բան վերակենդանացնել: