41 մլն դրամ յուրացնելու մեջ կասկածվող ԵՊԹ-ի նախկին տնօրենը մեկնել է Հայաստանից

41 մլն դրամ յուրացնելու մեջ կասկածվող ԵՊԹ-ի նախկին տնօրենը մեկնել է Հայաստանից

Երեկ ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ բացահայտվել է «Հայաստանի երգի պետական թատրոն»-ի նախկին տնօրեն Ասատուր Ասատուրյանի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 41 միլիոն 780 հազար դրամ յուրացման դեպք։ Մեզ հասած տեղեկություններով՝ Ասատուր Ասատրյանը երգի պետական թատրոնի մենակատար, երգչուհի Էմմա Պետրոսյանի հայրն է։ Ըստ մեր տեղեկությունների՝ տնօրենի պաշտոնն այլեւս չզբաղեցնելուց հետո Ասատուր Ասատրյանը Հայաստանից մեկնել է՝ պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ ունի։

Մենք փորձեցինք կապ հաստատել Էմմա Ասատրյանի հետ, սակայն չհաջողվեց։ Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարգսյանը հաստատեց մեր տեղեկությունները։
«Որքանով ես տեղյակ եմ՝ երկրում չէ։ Առողջական խնդիրներ ուներ, դա է մեկնելու պատճառը, որքանով ես գիտեմ»,-նշեց Սարգսյանը։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Հայաստանի երգի պետական թատրոն»-ի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 41 միլիոն 780 հազար դրամ յուրացման դեպք է բացահայտվել։ Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների, ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 1998-ից 2019 թվականներին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ին պատկանող Երևանի Խանջյան փողոցի շենքի տարբեր աշխատասենյակներ առանց պայմանագրերի և որոշ դեպքերում նաև պայմանագրերով ապօրինի վարձակալության է հանձնել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Վարձակալությունից կանխիկ եղանակով ստացված գումարները չեն մուտքագրվել ՊՈԱԿ-ի բյուջե և յուրացվել են: