Փողոցում հեռախոսով կամ կամերայով մարդ տեսնելիս քացու տակ են գցում, տանում․ Կիևի քաղաքացի

Փողոցում հեռախոսով կամ կամերայով մարդ տեսնելիս քացու տակ են գցում, տանում․ Կիևի քաղաքացի

Բոլորի ուշադրության կենտրոնում Ուկրաինան է, ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Մանավանդ որ Ուկրաինայում մենք ունենք 500 հազարանոց հայ համայնք։  «Հրապարակը» պարբերաբար կապվում է Ուկրաինա եւ զրուցում հատկապես մեր հայրենակիցների հետ, որպեսզի ընթերցողին ներկայացնի իրավիճակը՝ ականատեսի աչքերով։ Այսօր զրուցել ենք Կիևի հայ համայնքի մի բնակչի հետ, որը խնդրեց չհրապարակել իր անունը։

Նա ասաց․ «Այս պահին հանգիստ է Կիևում։ Բայց ամբողջ գիշեր ռմբակոծություններ են եղել։ Դիվերսիոն խմբեր էին մտել քաղաք։ Ընդհանուր շատ լարված է վիճակը։ Այսօր հազիվ եմ խոսել Խարկով՝ ընկերոջս հետ։ Կապ չկար ամբողջ գիշեր։ Այնպիսի տպավորություն է, որ կարծես ուզում են աշխարհի երեսից վերացնեն Խարկով, Մարիուպոլ, Խերսոն քաղաքները։ Անխնա ռմբակոծություններ են այնտեղ»։
 
Բնակչի խոսքով, այս պատերազմն ահավոր է, լայնամասշտաբ և լուրջ։ Զարմանում է, որ ռուսական լրատվամիջոցները լուռ են,  իբրև ոչինչ չի կատարվում։ 

«Անկեղծ չգիտեմ, այդ զոհերը ոնց են պահելու՝ թե ուկրաինացի, թե ռուս։ Չափից դուրս շատ դիակ կա։ Անվտանգությունից ելնելով ոչ ոքի տեղեկություններ չենք տալիս։ Եթե որևէ մեկին տեսնեն կամերայով կամ հեռախոսով նկարելիս, ձեռքերը կապում են, քացու տակ գցում ու տանում։ Շատ-շատ դեսանտներ կան, ովքեր մեկ տարի առաջ եկել են Կիև, տներ վարձել, քանի որ աշխատանք գտնելն այստեղ խնդիր չի՝ ձևական բնույթ կրող տարբեր աշխատանքների են անցել։ Այնքան որ ծանոթանան և տիրապետեն ամեն մի փողոցի։ Իրանց պաչկեքով բռնում են, բայց իրենք շատ են»,- ասաց Կիևում բնակվող մեր հայրենակիցը։