Պայքար, պայքար՝ մինչեւ «չհանձնվել»

Պայքար, պայքար՝ մինչեւ «չհանձնվել»

Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ ինչ էլ լինի, ինքը չի հանձնվելու, կարելի է ասել՝ ամբողջացրեց մեռելոցի պատկերը: Անձամբ ես այդ մասին իմացա մեռելոցին՝ գերեզմանոցում, երբ արդեն ծաղիկները խոնարհել եւ պատրաստվում էի խունկ ծխել: Ասել է՝ ամենաչնչին տրամադրություն իսկ չունեի քաղաքականությամբ զբաղվելու: Սակայն դա ինձ չհաջողվեց, որովհետեւ Փաշինյանն էր նման բան ասել, իսկ նա մինչ օրս հանձնվելուց բացի ոչինչ չի արել: 2008թ. մարտի 1-ից այսկողմ անընդհատ պարտվել ու հանձնվել է, անընդհատ կապիտուլացվել ու հանձնել, բայց, ահա, Զատկին չգիտես ինչից ոգեւորվել ու հայտարարում է, որ ինքը չի հանձնվելու: Կասեք՝ 2018-ը բացառություն է: Ոչ մի բացառություն էլ չկա: Նա 2018 թվականին էլ հանձնվեց… Էրեբունիում: Այն ժամանակ նրան պարզապես բաց թողեցին, որ փողոց լցված կիսախելագար ամբոխը վերջնականապես չխելագարվի: Հետո՝ պատերազմ, հետո՝ կապիտուլյացիա, հետո՝ բունկեր, մինչեւ որ նրա «պապաները» կանգնեցրին աղետը: 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստան այլեւս չկար, Նիկոլը հանձնվել էր, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով միայն ադրբեջանական եւ ռուսական դրոշներ էին շարված: Մոռացե՞լ եք բունկերներից նրա հարբած լայվերը: Դեռ պատերազմի օրերին էր հայտարարում՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու: Չհանձնվող մարդը չի վախենա իրեն պարտված ճանաչել: Նա արժանապատվորեն կընդունի իր պարտությունն ու կմտածի ռեւանշի մասին եւ ոչ թե կկառչի աթոռից՝ իմանալով հանդերձ, որ ոչնչի ընդունակ չէ:

2020թ. նոյեմբերից այսկողմ մենք պերմանենտ պարտությունների մեջ ենք: Ալեն Սիմոնյան, մարդ եմ ման գալիս, որ կասի՝ այ, էս մի հարցում Նիկոլը չի հանձնվել: Ո՛չ այդպիսի հարց կա, ո՛չ էլ այդպիսի մարդ: Փոխարենը «տրիպաչության» գծով ձեր հավասարը չունեք՝ չենք հանձնվելու: Խելոք եք, կհանձնվեք, Շուռնուխը, Որոտանը, Գորիս-Կապան ճանապարհը, Ջերմուկը, Տավուշը, Տիգրանակերտը, ապագա միջանցքը՝ վկա… ձեր թողած տասնյակ հազարավոր զոհերն ու երկրից փախչող ժողովուրդը՝ վկա: Ու գիտե՞ք, թե ինչի է նման չհանձնվելու մասին ձեր հոխորտանքը… Սպառնալիքի… Դուք այդպես խոսում եք իշխանությունը չհանձնելու ձեր մտադրության մասին, դա ձեր կամակորությունն է, դա ձեր վախն է, ձեր սարսափը: Բայց իմացեք, մինչ օրս դեռ ոչ մի կատաղած ոչխարի չի հաջողվել խուսափել խաշլամա դառնալուց:

Աշխարհահռչակ դարպասապահ Լեւ Յաշինը մի առիթով ասել է՝ չկա 11 մետրանոց տուգանային հարվածը կասեցնող դարպասապահ, կա վատ խփող: Յաշինը ճիշտ էր, Նիկոլը՝ սխալ: Նիկոլ, քեզ 10-ից 10 «կծակեն», ու չես էլ հասցնի հայացքով հետեւել դեպի դարպասի անկյունը սլացող գնդակին: Այդպիսին է կյանքը: Մարդը պետք է հասկանա եւ ճիշտ գնահատի բոլոր հանգամանքներն ու դեպքերը, որոնք իրեն հասցրել են մի ինչ-որ տեղ: Իսկ եթե այդ տեղը նաեւ որոշակի բարձրություն ունի, չպետք է մոռանալ նաեւ այդ մասին: Ի՞նչ է նշանակում՝ չեմ հանձնվելու: Չեն հանձնվում հերոս տղերքը, որ վերջին նռնակը պահում են իրենց համար, չեն հանձնվում խելացի մարդիկ, որ պատրաստ են հանուն իրենց ճշմարտության գնալ մինչեւ վերջ, չեն հանձնվում Աստվածները… Դու նրանցից ո՞ր մեկն ես՝ Ռոբերտ Աբաջյա՞ն, Գալիլեո Գալիլե՞յ, թե՞ մի ահեղ Զեւս…

Թե բա՝ չեմ հանձնվելու: Այստեղ են ասել՝ Նիկոլ, էդ սպառնըմ եեեեես… Եվ ո՞ւմ ես սպառնում, ժողովրդի՞ն, որ հասցրիր թշվառության դուռը, երկրի՞ն, որ կանգնեցրիր պետականության կորստի փաստի առաջ, ողջ հայությա՞նն ես սպառնում, որ չես հանձնվելու եւ քեզ հետ գրողի ծոցն ես տանելու ամեն ինչ: Այս ամենը շատ ծիծաղելի է, Նիկոլ: Ծիծաղելի է անգամ մտածել, որ այդկերպ պարզապես ուզում ես դուխ տալ պարտված ու մի շան հալի հետեւիցդ քարշ եկող թիմիդ: Դու ուշացել ես, Նիկոլ: Ավելին ասեմ՝ դու արդեն հանձնվել ես: Ո՞ւմ… Քո ճակատագրին, որ մեկ բառով կոչվում է պարտություն: Քո վիճակում չհանձնվել՝ նշանակում է հոգեվարքի մեջ վերջույթները թափահարել, անկանոն շարժումներ անել, պատեպատ դիպչել: Բայց ոչինչ, դա երկար չտեւող պրոցես է: Քեզ շուտով օգնության կհասնեն սպիտակ խալաթով մարդիկ՝ զինված զսպաշապիկով եւ պատգարակով: Միայն թե նրանք չուշանան, այլապես աշխարհս լիքն է չար քեռիներով, որոնք կարող են քեզ տանել ուղիղ Բաքու, բնականաբար՝ հանձնելու: