Էրդողանի ջախջախիչ պարտությունը եւ ուրվագծվող վերջաբանը

Էրդողանի ջախջախիչ պարտությունը եւ ուրվագծվող վերջաբանը

Մարտի 31-ը երեւի Թուրքիայի պատմության մեջ ամենանշանակալից օրը դարձավ` 2016-ի հուլիսի 16-ի պետական հեղաշրջման փորձից ի վեր։ Այս անգամ ոչ թե զինվորականները, այլ ընտրողներն իրենց քվեներով կատարյալ պարտության մատնեցին Ռեջեփ Թայիբ Էրդողանին, AK Party-ին, Էրդողանի դարաշրջանն ու իշխանությանը՝ առհասարակ։ 2024-ի մարտին արձանագրվեց այն արդյունքը, որ, անկասկած, կարձանագրվեր 2023-ի մայիսի Թուրքիայի նախագահական ընտրություններում, եթե CHP-ի եւ ընդդիմության կողմից նախագահի միասնական թեկնածու առաջադրվեր ոչ թե Քեմալ Քիլիչդարօղլուն, այլ Կ․ Պոլիսի (Istanbul) քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուն։ Դա այն էր, ինչ բարձրաձայն պահանջում էին քաղաքական կուսակցությունները, երկրի ինտելեկտուալ շրջանակները, արտերկրի ընդդիմադիր գործիչները։  

Սակայն բոլոր այդ կոչերը կյանքի չկոչվեցին։ CHP-ի (Քեմալ Աթաթուրքի կողմից հիմնադրված եւ 1923-ից մինչեւ 1990-ական թվականները Թուրքիան ղեկավարած հիմնական քաղաքական կուսակցությունը) առաջնորդ Քիլիչդարօղլուն մինչեւ վերջ էլ չցանկացավ ընդունել, որ ինքը քաղաքական առաջնորդ չէ, քաղաքական գործիչ չէ, որեւէ խարիզմայից զուրկ է, եւ իր առաջնորդությամբ ընդդիմությունը կստանա լավագույն դեպքում Էրդողանին դեմ ձայները, բայց չի ստանա կողմ ձայներ։ Իհարկե, մի կիսաքայլ արվեց 2023-ին՝ 6 կուսակցությունների դաշինքը՝ National Alliance-ը, Քիլիչդարօղլուին առաջադրելով որպես նախագահի միասնական թեկնածու, միաժամանակ հայտարարեց, որ Կ․ Պոլսի քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուն եւ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն էլ առաջադրվում են որպես փոխնախագահի թեկնածուներ, սակայն այդ կիսաքայլը դրությունը չփրկեց։  Առաջնաբեմում, ընտրողին տեսանելի, կանգնած էր Քիլիչդարօղլուն, ով ի զորու չէր կողմ ձայներ գեներացնելու։ 

Էրդողանն էլ հրաշալի գիտակցել էր, թե ինքն ինչի հաշվին հաղթեց՝ ընդամենը Իմամօղլու՝ նախագահի թեկնածու չլինելու։ Հետեւաբար, ավելի քան սպասելի էր եւ օրինաչափ, որ 2023-ի նախագահական ընտրության երկրորդ փուլի օրը, երեկոյան, երբ հաշվված քվեների քանակից արդեն պարզ էր, որ հաղթում է ինքը, Էրդողանը Կ․ Պոլիսի իր տան պատշգամբից, թե տան առջեւ կայանված ավտոբուսի տանիքից երբ դիմեց իր կողմնակիցներին, ապագայի առնչությամբ առաջին միտքը, որ ասաց, այն էր, թե մեր հաջորդ քայլը պետք է լինի Կ․ Պոլիսում իշխանությունը ետ վերցնելը։ Ակնհայտորեն, ուրիշ ոչինչ աչքին չէր գալիս, նույնիսկ իր՝ նախագահ ընտրվելը։ 

Իմամօղլուն էլ այդ ժամանակ Էրդողանի նյարդերի հետ խաղալով պատասխանեց. «Այո, Դուք ընտրվեցիք նախագահ, բայց ասում են՝ գիշերները Պոլիսն եք երազում տեսնում։ Այդպես երազներում տեսնելով էլ կմնաք։ Դուք Պոլիսում իշխանություն չեք ստանա»։ Այս բացահայտ, անձնական հակադրության մեջ 2023-ին պայքարն առկախվեց համարյա մեկ տարով, մինչեւ 2024-ի մարտը, երբ կայանալու էին Թուրքիայի տեղական իշխանությունների ընտրությունները, այդ թվում՝ Կ․ Պոլսի քաղաքապետի։ Մարտի 31-ի տեղական ընտրություններին ընդառաջ Էրդողանն այնքան էր չափչփում Պոլիսը՝ հանրահավաքներով ու իր ելույթներով, որ դիտողին կթվար, թե իր անունն է քվեաթերթիկում։ AK կուսակցության ֆիզիկական թեկնածուն Մուրադ Կուրում անուն-ազգանվամբ մի անձ էր՝ քառասունքանի տարեկան, ով Էրդողանի կառավարություններից մեկում էներգետիկայի թե էկոլոգիայի նախարարի պորտֆել էր ունեցել։ Բայց ընտրարշավում Կուրումը բացարձակ դեկորացիա էր։ Հետաքրքիր կլիներ իմանալ՝ առհասարակ, քանի ընտրող էր իր դեմքը մտապահել կամ անունը սովորել։ Չեղավ ընտրարշավի մի լուսանկար, որտեղ Կուրումից առաջ Էրդողանը կադրում չլիներ, չեղավ մի տեսանյութ, որտեղ Կուրումից առաջ Էրդողանը չխոսեր։  Ընտրարշավն անձնապես վարում էր Էրդողանը։ 

Եվ այդ ամենն ավարտվեց ինչո՞վ. նրանով, որ նախագահ Էրդողանը մարտի 31-ին ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր քաղաքական մրցակցից՝ Էկրեմ Իմամօղլուից։ Վերջինս շլացուցիչ հաղթանակ տոնեց՝ Էրդողան-Կուրում դուետին հաղթելով  1 մլն  ձայնի առավելությամբ, եւ մեկնարկ տալով Էրդողանի դարաշրջանի ավարտին։ Պատահական չէ, որ 31-ի երեկոյան, երբ պարզ էր, որ Իմամօղլուն հաղթել է, Էրդողանը հայտարարեց, թե ինքը ներկա նախագահական պաշտոնավարման ժամկետից հետո կհեռանա քաղաքականությունից։ Եթե Էրդողանն ավելի հեռատես լինի կամ ազնիվ, կգիտակցի, որ 2028-ին հեռանալու է ոչ միայն ինքը, այլեւ իր կուսակցությունը, քանի որ AK Party-ն ինչպես ձեւավորվել էր որպես մեկ անձի կուսակցություն, այդպես էլ մնաց ու կվերանա որպես մեկ անձի կուսակցություն։

Իսկ այն, որ Իմամօղլուն կլինի Թուրքիայի հաջորդ նախագահը՝ իր համապետական ճանաչվածության եւ ժողովրդականության հաշվին, մարտի 31-ին գրանցած արդյունքից հետո, ասում են արդեն բոլորը։ Եթե մինչ այս՝ 2019-ից ի վեր Իմամօղլուի մասին ասում էին՝ Էրդողանի հիմնական մրցակից, հիմա ուղղակի ասում են՝ Թուրքիայի հաջորդ նախագահ։ Այդուհանդերձ, մարտի 31-ին Էրդողանի եւ AK Party-ի համար միայն Պոլիսում արձանագրված ջախջախիչ պարտությունը չէ, որ knock-out հարված էր։ Մեկ այլ պապանձող ու քարացնող հարված էլ այն էր, որ Թուրքիայի 81 նահանգներից միայն 24-ում AK-ին հաջողվեց հաղթել` հասարակության միայն մեկ քառորդի աջակցության շնորհիվ։ Ընդ որում՝ այդ մեկ քառորդն էլ քաղաքային բնակչությունը չէ, քանի որ AK-ն պարտվեց բոլոր խոշոր քաղաքներում՝ ոչ միայն Կ․ Պոլիսում, այլեւ Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Ադանայում, Բուրսայում, եւ այդպես շարունակ։ Էրդողանը Թուրքիայի ժողովրդից ստացավ այն ապտակը, որին արժանի էր՝ իր վարած սխալ-պռատ տնտեսական եւ վատ արտաքին քաղաքականության արդյունքում։ Каждому по заслугам, ինչպես ասում են ռուս-թուրքական տանդեմին մաս կազմող ռուսները։