«Հրապարակ». Փոխոստիկանապետին դատում են 2018-ի դեպքերի համար

«Հրապարակ». Փոխոստիկանապետին դատում են 2018-ի դեպքերի համար

Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքի դատաքննությունը մոտենում է ավարտին, դատախազն արդեն հանդես է եկել ճառով եւ Երանոսյանի համար 11 տարվա ազատազրկում է պահանջել դատարանից։ Մեզ հետ զրույցում Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանն ասաց, որ Երանոսյանը մեղադրանքը չի ընդունում, նշեց, որ հաջորդ նիստին հանդես է գալու պաշտպանական ճառով, բայց դժվարացավ ասել, թե մոտավորապես երբ կհրապարակվի դատավճիռը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լեւոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք «ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ»։ 

Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով` «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Երանոսյանին մեղադրում են 2018 թ. ապրիլի 16-ի եւ ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ կատարած գործողությունների համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։