SUCCESS STORY․ Տրոյական ձին Կրեմլում

SUCCESS STORY․ Տրոյական ձին Կրեմլում

Սքանչելի Լին Թրեյսիի հրաժեշտն ինձ մոտ արցունքներ առաջացրեց: Դրանք երկակի նշանակության էին: Նախ, դրանք երջանկության արցունքներ էին, որ մենք պատիվ ենք ունեցել այսպիսի դեսպանի հյուրընկալել, նաև, որ նա վերջապես գնաց: Տխրության արցունքներ՝ Ռուսաստանի համար, քանզի նոր դեսպանի ժամանումն այդ երկրին բերելու է անակնկալներ, այն էլ ողբերգական:

Ու՞մ մտքով կանցներ, որ կոմունիզմի երդվյալ թշնամի ամերիկացիները կորդեգրեն կոմունիստական գործելաոճ՝ կարգախոսների հետ միասին: Օրինակ, ԽՍՀՄ-ում, ամեն հնգամյա պլանի հաստատումից հետո, անծայրածիր երկրում հայտնվում էին դեռևս 1929 թվականին Ստալինի առաջ քաշած հետևյալ կարգախոսի պաստառները. «Пятилетку за 4 года!»
Փաստորեն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսիին հաջողվեց 4 տարում Հայաստանը դարձնել աշխարհի «ժողովրդավարության բաստիոն»՝ անկանխատեսելի, թե՞ կանխատեսելի հետևանքներով հանդերձ: Թուրքերի աչքը լույս լինի:

Ռուսաստանն էլ Հայաստանի նման ինքնավստահ, մեծամիտ պետություն է: Նրան թվում է, թե «ինչ-որ» Թրեյսի չի կարողանալու «SUCCESS STORY»-ն կրկնել իրենց մոտ, ինչի ապացույցը Թրեյսիի համար «կանաչ լույս վառելն» էր՝ դեպի Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատուն: Այսինքն՝ տրոյական ձին շուտով կանցնի Կրեմլի պարիսպներից ներս:

Ճապոնացիների աչքը լույս. մի երեք տարի հետո, «երկնագույն երիզով» (Օստապ Բենդերի ականջը կանչի) ափսեի վրա, նրանք կստանան Կուրիլյան կղզիները…Թեպետ Ռուսաստանն ու Հայաստանն անհամեմատելի մեծություններ են, այնուամենայնիվ, կարևորը տեխնոլոգիաներն են: Ժողովրդավարությունն ուժ է, փափուկ, բայց կործանիչ ուժ:

Ուղղակի, մեկ խնդիր․ Զելենսկին: Վերջերս, առանց համաձայնեցնելու (ըստ Էնթոնի Բլինքենի հայտարարության) գլխավոր դոնորի հետ, ինչ-որ ԱԹՍ-ներով ռմբակոծել է ռուսական օդանավակայաններ, ինչը մեծացրեց Ռուսաստանի ժողովուրդների ցասումը և ըմբռնումը, որ հատուկ Ուկրաինա ներխուժումն արդարացված է:

Հիմա մնում է Զելենսկու հետ թրեյնինգ անել, որպեսզի նա չխանգարի Թրեյսիին՝ Ռուսաստանը խաղաղ եւ հետեւողական քայլերով՝ ժողովրդավարության բաստիոնի վերածելու առաքելությանը:

Հ.Գ. Առաջին հայացքից պարզ, հայկական նահապետական «օջախի աղջկա» տպավորություն թողնող Թրեյսին այնքան էլ պարզ անձնավորություն չէ: Նա հմուտ դիվանագետ է: Բայց, այդ հմտությունը ոչինչ չէր արժենա, եթե նրա հետևում չլինեին ինչ-որ ծառայություններ…Հավանաբար Հայաստանում ՌԴ դեսպանի հետևում էլ կլինեն այդպիսիք, բայց արդյունքը ստացվեց 1:0՝ հօգուտ ԱՄՆ-ի: Սպասենք հաջորդ ռաունդին, եթե դիմանանք:

Գագիկ Վարդանյան