Հարգարժան Սերժ Սարգսյան, քանի՞ անգամ կարելի է սխալվել

Հարգարժան Սերժ Սարգսյան, քանի՞ անգամ կարելի է սխալվել

«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

- Փողոց դուրս եկած ընդդիմության շարժման առաջին փուլն ավարտվեց: Ինչպես տեսնում ենք` «սայլը» տեղից չշարժվեց՝ Փաշինյանը հրաժարական չտվեց։

- Ընդդիմությանը հասկանալու համար, պետք է հայացքն ուղղենք ոչ վաղ անցյալ` 2018 թվական, ապա 2016 թվական: Էդ ինչպե՞ս է ստացվում, որ իրեն ընդդիմություն հռչակած թիմի գործողությունները բոլոր ժամանակահատվածներում արդյունքում ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարվա ընտրություններին առաջադրվում են նախկինները, ինչի արդյունքում էլ Նիկոլ Փաշինյանը ստանում է ավելի շատ քվե, քան կարող էր ստանալ: Էդ ինչպե՞ս է ստացվում, որ վճռական պահերին, երբ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությամբ երկիրը կործանման է տանում, ստեղծվում է դժգոհության այնպիսի ալիք, որը հասնելով եզրագծին, չի հատում այն, դրանով իսկ ուժեղացնում է Նիկոլ Փաշինյանին: Ինչպե՞ս է այսպես ստացվում՝ պատահաբա՞ր, թե՞ ռեսուրսները բավարար չեն, իսկ գուցե հաշվարկ կար, որ ընդդիմության բողոքի ակցիաներին դուրս են գալիս ինչ-որ մականունավոր և կրիմինալ անցյալով բացահայտ չարաշահումների և խախտումների, թալանի և հանցագործությունների կիզակետում կանգնած մարդիկ: Ինչի՞ համար էին նման կերպ վարվում….

- Իսկ գուցե չե՞ն գիտակցում, որ, օրինակ, Սաշիկ Սարգսյանի որդին կարող է իր ներկայությամբ խանգարել պայքարի արդյունավետությանը:

- Չե՞ն հասկանում…. Դե լավ չի: Ձեր հարցադրման հետ կապված հիշեցի «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»-ն: Իսկ ինչքա՞ն կարելի է սխալվել: Հարգարժան Սերժ Սարգսյան, քանի՞ անգամ կարելի է սխալվել:

- Ըստ էության Դուք ընդդիմությանը մեղադրում եք Նիկոլ Փաշինյանին օգնելու մե՞ջ:

- Ես ասում եմ` ինչո՞ւ է այդպես ստացվում: Կա մեկն, ով կասկածում է, որ եթե 2021-ի ընտրություններին նախկին նախագահները և նախկին ռեսուրսակիրներ ընդդիմադիր զանգվածները մեդիա և մարդկային միջոցները կիրառեին չվարկաբեկված, թալանի մեջ չթաթախված մարդկանց վրա, ապա գուցե այդ մաքուր մարդիկ հաղթեին Նիկոլ Փաշինյանին: Կա՞ որևէ մեկը, որ կասկածներ ունի այս մասով, թե՞ միայն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է դուրս գային Նիկոլ Փաշինյանի դեմ, որպեսզի մանիպուլյացիայի ենթարկված ժողովուրդը մեխանիկորեն գնար Նիկոլ Փաշինյանի կողմը: Մենք տեսանք չէ՞, որ կարող էր իշխանափոխություն տեղի ունենալ, սակայն չարվեց դա: Կա՞ր իմաստ գալ եզրագծին և ամեն բան ավարտել: Ինչո՞ւ են նման քայլեր արվում, ինչո՞ւ են այդ քայլերը համընկնում բանակցային գործընթացների հետ: Սա ո՞ւմ շահերից է բխում:

- Լավ՝ խորհրդարանական ընդդիմությունը սխալ է, վրիպել է, իսկ «Ալյանսն» ի՞նչ քայլեր է ձեռնարկում, ինչ է առաջարկում:

- Մենք ամսի 25-ին համագումարի ենք պատրաստվում, որտեղ եվրասիական հետազոտությունների ռուսաստանյան կենտրոնի տնօրենը՝ Պավել Ավագյանը կընտրվի «Ալյանսի» բարձրագույն խորհրդի նախագահ՝ Տիգրան Արզաքանցյանի հեռանալուց հետո այդ տեղը թափուր է մնացել: Կընտրվի նոր բարձրագույն խորհուրդ և կհայատարարվի մեր գործողությունների մասին: