Փրկություն իմաստ չունի աղերսել, ամերիկացիները մեզ չեն գթա

Փրկություն իմաստ չունի աղերսել, ամերիկացիները մեզ չեն գթա

Հայաստանի փրկության համար պայքարն ընթանում է ոչ միայն հրապարակներում եւ փողոցներում, այլեւ դիվանագիտական ուղիներով: Հայաստանի ճակատագրով մտահոգ տարբեր գործիչներ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս հանդիպումներ են ունենում տարբեր օտարերկրյա պետական գործիչների եւ դիվանագետների հետ եւ փորձում նրանց համոզել, որ օժանդակեն Փաշինյանին հեռացնելու համար սկսված շարժմանը, թույլ չտան, որ Փաշինյանը վերջնականապես ոչնչացնի Հայաստանը: 

Մեր տեղեկություններով, նման դիմումներ եղել են նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանին: Նույնիսկ փոխզիջումային տարբերակ է առաջարկվել, ըստ որի՝ պարտադիր չէ, որ Փաշինյանին փոխարինի ընդդիմությունից որեւէ մեկը, կարող է ձեւավորվել ազգային համաձայնության կառավարություն, որը կղեկավարի ՔՊ-ի որեւէ ներկայացուցիչ, գործող կառավարության անդամ։ Նախարարական պաշտոնների կեսն էլ ՔՊ-ն կարող է վերցնել իրեն, իսկ մյուս կեսը հանձնել ընդդիմությանը, պարտադիր չէ՝ խորհրդարանական, կարող են նաեւ արտախորհրդարանական ուժերի ներգրավել: Միայն թե օգնեք՝ հեռացնենք Փաշինյանին, թույլ չտանք, որ նա վերջնականապես կործանի եւ ոչնչացնի Հայաստանը:
Բոլոր նման դիմումները մնացել են անպատասխան, կարելի է ասել` մերժվել են: ԱՄՆ դեսպանատան նախորդ օրն արած հայտարարությունն այն մասին էր, որ ԱՄՆ իշխանություններն անվերապահ աջակցություն են հայտնում Փաշինյանի իշխանությանը: ԱՄՆ դեսպանությունը փոխանակ դատապարտելու իշխանությունների կողմից հրահանգավորված ոստիկանական վայրագությունները, ցուցարարներին է կոչ անում՝ զերծ մնալ բռնություններից: ԱՄՆ իշխանություններն այդպիսով ընդդիմության եւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին հասկացնում են, որ Փաշինյանին հեռացնելու հարցով մեր դուռը մի եկեք, մենք այդ հարցում ոչ միայն ձեր դաշնակիցը չենք, այլ նույնիսկ հակառակորդն ենք: 

Այն, որ ընդդիմության եւ եկեղեցու ներկայացուցիչներն ԱՄՆ եւ արեւմտյան երկրներից են աջակցություն հայցում իշխանափոխություն կամ առնվազն փաշինյանափոխություն իրականացնելու հարցում, տեխնիկապես ճիշտ է, բայց անիմաստ է բովանդակային առումով: Փաշինյանի իշխանության տերն իսկապես ԱՄՆ-ն է, եւ դա ակնհայտ երեւում է Փաշինյանի գործադրած բռնություններին նրանց արձագանքից: Եթե անգամ Փաշինյանի հրահանգով Երեւանի փողոցներում հրապարակային գնդակահարություններ կազմակերպվեն, ԱՄՆ եւ արեւմտյան երկրների դեսպանները կմեղադրեն գնդակահարվողներին եւ ոչ երբեք Փաշինյանին ու նրա իշխանությանը: Բայց ճիշտ հասցեատիրոջ մոտ գնալը դեռ չի նշանակում, որ դու կարող ես ակնկալել նրա աջակցությունը:

Բացատրել ԱՄՆ դեսպանին կամ արեւմտյան քաղաքական գործիչներին եւ դիվանագետներին, որ Փաշինյանը կործանում է Հայաստանը, եւ պետք է օգնել ընդդիմությանը՝ կանգնեցնելու այդ կործանարար ընթացքը, անիմաստ զբաղմունք է: Պետք է հստակ հասկանալ, որ Միացյալ Նահանգների կամ ԵՄ երկրների իշխանություններին բացարձակապես չի հետաքրքրում ո՛չ Հայաստանի, ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրը: Այդ մարդկանց հետաքրքրում են միայն իրենց երկրների շահերը, եւ Հայաստանն իրենց հետաքրքրում է այնքանով, որքանով որ տեղավորվում է այդ շահերի մեջ: Մենք պետք է հասկանանք, որ ամերիկացիների համար միեւնույն է, թե Հայաստանն ինչ սահմաններով կլինի, ինչ կզիջի կամ ինչ կպահի, ընդհանրապես՝ Հայաստան կլինի, թե չի լինի: Եկեք անկեղծ լինենք՝ մի՞թե մեզ համար միեւնույն չէ, թե կա՞ն Գայանա կամ Նիգեր անունով պետություններ, թե՞ չկան, թե՞ մենք մեզ շատ վատ ենք զգում, որ արդեն տեւական ժամանակ է, որ Սոմալի անունով պետություն գոյություն չունի:

Ավելին, Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հենց այն քաղաքականությունը, որը նրան թելադրվում է Միացյալ Նահանգներից, եւ նա այդ հարցում որեւէ շեղում թույլ չի տալիս: Ի՞նչ տրամաբանությամբ պետք է ամերիկացիները համաձայնեն, որ նրան փոխարինի ինչ-որ մեկը: Կամ՝ ի՞նչ տրամաբանությամբ ամերիկյան կողմը պետք է համաձայնի իր ունեցած ամբողջական իշխանությունը կիսել ինչ-որ մեկի հետ: Կարծում ենք՝ ընդդիմության համար էլ որեւէ տարբերություն չպետք է լինի՝ Հայաստանը կործանում է Նիկոլ Փաշինյա՞նը, Մհեր Գրիգորյա՞նը, թե՞ Արմեն Գրիգորյանը, եթե նրանք պետք է շարունակեն իրականացնել ամերիկյան կողմից ուղղորդվող քաղաքականություն: Այս մարդիկ ընդամենը գործիք են ամերիկյան իշխանությունների ձեռքին, որոնց միջոցով նրանք իրագործում են իրենց երկրի շահերից բխող քաղաքականությունը, իսկ թե այդ քաղաքականության արդյունքում Հայաստանի հետ ինչ է տեղի ունենում, իրենց ի՞նչ: 

Արդյոք ասվածից կարելի՞ է ենթադրել, որ Փաշինյանի իշխանությունն անսասան է, եւ նրան հնարավոր չէ հեռացնել, քանի որ նրա թիկունքին կանգնած են ամերիկյան պետությունը եւ ԱՄՆ դեսպանը: Ամենեւին ոչ, եւ դրա ամենաթարմ ապացույցն Աֆղանստանն է: 2021 թվականի օգոստոսին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին փախավ Քաբուլից, թեեւ նրան աջակցում էր ոչ միայն ամերիկյան կառավարությունը, այլեւ այդ երկրում գտնվող ամերիկյան բանակը: Իհարկե, մի քանի օր անց ամերիկյան բանակը եւս փախավ Աֆղանստանից՝ բախտի քմահաճույքին թողնելով բոլոր նրանց, ովքեր համագործակցել էին ամերիկյան կառավարության հետ, հավատալով, որ նրանք իրենց եւ իրենց երկրի համար ապահովելու են պայծառ եւ լուսավոր ապագա: Մինչդեռ երկիրը թողեցին ավերածությունների ու քաոսի մեջ: Բայց կարեւորն այն է, որ աֆղան ժողովուրդը ձեռք բերեց սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք: Այդ իրավունքը ձեռք բերեց ոչ թե ամերիկյան իշխանություններին խնդրելով կամ ԱՄՆ դեսպանին համոզելով, թե ձեր դրածո Հանին կործանում է մեր երկիրը, այլեւ նրանց դեմ պայքարելով, նրանց իրենց երկրից հեռացնելով: Մինչեւ մենք այս գիտակցմանը չգանք, փրկություն չի լինի, որքան էլ որ խնդրենք եւ նույնիսկ աղերսենք:

Ավետիս Բաբաջանյան